HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ճարտարապետ Արսեն Ավետիսյանի հայցի մի մասը մերժվեց․ դատարանը բավարարեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի միջնորդությունը եւ մերժել է Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի՝ ճարտարապետ Արսեն Ավետիսյանի հայցի մի մասը, քանի որ վերջինս բաց է թողել դատարան դիմելու ժամկետը։

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին աշխատակից, ճարտարապետ Արսեն Ավետիսյանը 2025 թ․-ի մարտին դատական հայց է ներկայացրել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի դեմ։ Դատարանից նա պահանջում է, որ hetq.am-ը հերքի իր մասին հրապարակած երկու հոդվածներում տեղ գտած, իր կարծիքով, զրպարտիչ տեղեկությունները, եւ ներողություն խնդրի։ Արսեն Ավետիսյանը դատարանից պահանջել է նաեւ, որ լրատվամիջոցին պարտավորեցնի իրեն վճարել 6 միլիոն դրամ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

«Հետքը» 2024-ի հոկտեմբերին եւ 2025 թ․-ի փետրվարին գրել էր Երևանի Կիեւյան 7 հասցեի պատմամշակութային շենքում խախտումներով իրականացվող շինարարության մասին, որն իրականացրել է նախկին պաշտոնյա Արսեն Ավետիսյանը (հայցվորը)։ Առաջին հոդվածում անդրադարձել ենք Ավետիսյանի կողմից քաղաքաշինական խախտումներով իրականացված շինարարությանը, իսկ երկրորդ հոդվածում՝ խախտումներով շինարարության համար Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին։

Արսեն Ավետիսյանը դատական հայցով փորձել է վիճարկել «Հետքի» երկու հոդվածում տեղ գտած տեղեկությունները՝ դրանք համարելով զրպարտիչ։ Դատարանում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը միջնորդել է, որ «Հետքի» 2024 թ․-ի հոկտեմբերին հրապարակված հոդվածի մասով կիրառվի հայցային վաղեմություն եւ հայցն այդ մասով կարճվի։ Ըստ Գրիշա Բալասանյանի՝ հայցվորը բաց է թողել դատարան դիմելու օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը եւ հայց է ներկայացրել դատարան հոդվածը հրապարակվելուց 4.5 ամիս անց։ 

Դատավոր Անի Աթանեսյանը, քննության առնելով «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացրած միջնորդությունը, 2025 թ․-ի հոկտեմբերի 10-ի իր վճռով բավարարել է այն։ Դատարանը վիճարկվող հոդվածի բովանդակությանը չի անդրադարձել։

«Արսեն Հրանտի Ավետիսյանի հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի՝ 31.10.2024 թվականին հրապարակված «Քաղաքապետարանը «աչք է փակել» նախագծային շեղումներով շինարարության վրա» վերտառությամբ հոդվածում զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, պահանջի մասով, մերժել՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով»,- նշված է դատարանի հրապարակած վճռում։

Արսեն Ավետիսյանի հայցի մյուս մասով, որը վերաբերում է «Հետքի» հրապարակած երկրորդ հոդվածին (2025 թ․-ի փետրվարի), առանձին քննություն կիրականացվի։

Լուսանկարում՝ Արսեն Ավետիսյանը(աղբյուրը՝ nuaca.am)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter