HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցիալական ոլորտը զերծ կմնա սուբյեկտիվ միջամտությունից

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Այսօրվա նիստը համընկնում է այն օրվան, երբ ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է ՀՀ անկախության հռչակագիրը, որը մեր երկրի անկախության հիմքն է դրել»,- նիստի սկզբում ասել է վարչապետը և ներկաներին շնորհավորել այդ առթիվ։

Նիստում հաստատվել է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը, որի շնորհիվ կբարձրանա կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվի կենսաթոշակային ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաև կնվազեն կենսաթոշակի նշանակման և վճարման կապակցությամբ առկա կոռուպցիոն ռիսկերը, պատահական և միտումնավոր սխալների հնարավորությունը։ 

«Արդյո՞ք շտեմարանի կիրառումը կարող է բացառել բոլոր ռիսկերը»,- ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հարցի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հավաստիացրել է, որ բոլոր ռիսկերը ժամանակին վերլուծվել, քննարկվել և արձանագրվել են. «Բոլոր խնդիրներն իրենց լուծումն են ստանում։ Այլևս բացառվում է գործընթացներին սուբյեկտիվ միջամտությունը։ Տեղեկատվությունն ինքնաշխատ գործելու է, իսկ համապատասխան որոշումները կայացնելու է տեղեկատվական շտեմարանը»։

Նշելով, որ լուծման ենթակա հաջորդ խնդիրը վերաբերելու է նպաստներին, վարչապետը հետաքրքրվել է այդ շտեմարանի ձևավորման հարցով։ Նախարարի վկայությամբ՝ նպաստների մասով աշխատանքը ներկայումս ընթանում է. «Հաշվի առնելով այն, որ մենք անցնում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին և արդեն մեկ պատուհանի սկզբունքով է ընդունվելու քաղաքացիների ցանկացած դիմում, քննարկվում է այդ դիմումների ընդունման և ինքնաշխատ մշակման համակարգը, որը վերաբերելու է նպաստներին և մնացած բոլոր սոցիալական ծառայություններին»: Նախարարը նաև նշելէ , որ այդ համակարգը վերջնական տեսք կստանա հաջորդ տարվա ընթացքում։ 

Վարչապետը խնդիր է դրել շեշտակի բարելավել հաշմանդամության սահմանման ոլորտը, որտեղ նույնպես պետք է ունենանք միասնական տեղեկատվական բազա։

«Այս խնդրին պետք է անդրադառնալ հնարավորին չափ շուտ, որովհետև բողոքներն այստեղից շատ են»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ նախատեսվում է հաշմանդամության սահմանման գործում անցնել սկզբունքորեն նոր մոդելի, որը կլինի ավելի թափանցիկ, առարկայական։ «Սա ևս 2013 թվականի մեր հիմնական առաջնահերթություններից է»,- շեշտել է նախարարը։ 

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն է ուղղված նաև հաջորդ որոշումը, որը, թելադրված լինելով օրենսդրական փոփոխություններով և իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կապահովի անհրաժեշտ տեղեկատվությամբ։ 

Նոր խմբագրությամբ շարադրելով նախկինում ընդունած` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող որոշման կետերից մեկը, գործադիրը համավճարը տարածել է պետբյուջեի անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների ծրագրերով փոխհատուցման ենթակա առողջապահության նախարարության հաստատած հիվանդությունների և վիճակների վրա։

Որոշման նպատակն է բնակչության համար կանխատեսելի և թափանցիկ դարձնել բուժօգնության և սպասարկման ծախսերը, բարձրացնել և կանոնակարգել բուժհաստատության աշխատակազմի աշխատավարձը, նվազեցնել առողջապահության հաստատություններում եղած ստվերային դրսևորումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter