HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

«Գլենդել Հիլզն» ընդդեմ «Ժամանակի». առարկություն միջնորդությանը

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Գլենդել Հիլզ» ընկերությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի դատական նիստը, որի ժամանակ հայցվոր կողմի փաստաբան Անահիտ Սարդարյանը հրապարակեց կողմի առարկությունը` նախորդ նիստին պատասխանողի կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ:

Նախորդ նիստի ժամանակ պատասխանող կողմի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին մի քանի միջնորդություն էր ներկայացրել, որոնցից մեկով փաստաբանը դատարանին հորդորդում է գործի վարույթը կասեցնել և մեկ տարի առաջ ընդունված օրենսդրական նորմի սահմանադրականությունը վիճարկել ՀՀ Սահմանադրական դատարանում` հստակություն պահանջելով խոսքի ազատության ոլորտում մեծ մասամբ օրենսդրական անորոշության պատճառով առաջացած 10-ից ավելի ընթացիկ վեճի համար:

Ն. Բաղդասարյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը համարում է հակասահմանադրական, քանի որ, ըստ նրա, զրպարտություն և վիրավորանք եզրերը հստակորեն չեն սահմանված, ինչը մամուլի համար բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, այդ թվում նաև միևնույն արտահայտության համար կրկնակի հատուցում` միաժամանակ մատնացույց անելով զրպարտության և վիրավորանքի առկայությունը:

Նախորդ նիստին նա նշել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի` ուժը կորցրած համապատասխան դրույթներով այս եզրերը ավելի հստակ էին սահմանվում. զրպարտությունը բնորոշվում էր որպես «ակնհայտ սուտ տեղեկատվության տարածում», իսկ վիրավորանքը` ուրիշի պատվի և արժանապատվության «անպարկեշտ ձևով ստորացում»:

«Այսինքն, 1087.1 հոդվածի տրամաբանությամբ եթե ես ասեմ «այ աղջիկ» կամ «այ տղա», ու դու սա համարես վիրավորական, դու կարող ես ինձ դատի տալ»,- բացատրում էր Ն. Բաղդասարյանը:

Ըստ նրա` օրենսդրական մեկ այլ բաց է այն, որ վնասի փոխհատուցման չափերը հստակ չեն սահմանվում, որի պատճառով զրպարտության և վիրավորանքի համար, որպես կանոն, պահանջվում է առավելագույն փոխհատուցում (1 մլն` վիրավորանքի, 2 մլն` զրպարտության համար): Մինչդեռ, ըստ Բաղդասարյանի, ՀՀ քրեական օրենսգրքի ուժը կորցրած հոդվածներով պատժաչափերն ու դրանց սահմանները ավելի հստակ էին:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանը իր առարկության մեջ նշեց, որ տվյալ քաղաքացիական նորմերի վերաբերյալ կա Վենետիկյան հանձնաժողովի դրական եզրակացությունը, ինչը նշանակում է, որ դրանք համաչափ են և անորոշություն չեն պարունակում:

Հակառակ պատասխանողի պնդման` Ա. Սայադյանը համարում է, որ վնասի փոխհատուցման չափերը որոշելու համար հոդվածով սահմանված է սանդղակ` 0-ից մինչև նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը: Հոդվածը սահմանում է այն չափանիշները, որոնք որոշում են փոխհատուցման չափը, և համաձայն որոնց` դատարանը պետք է հաշվի առնի կոնկրետ գործի առանձնահատկությունները, այդ թվում` վիրավորանքի կամ զրպարտության եղանակը, տարածման շրջանակը, զրպարտողի կամ վիրավորողի գույքային դրությունը:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը պնդեց նաև, որ դատական նիստի կասեցումը իրենց կզրկի ողջամիտ ժամկետում խախտված իրավունքների պաշտպանության և դրանց վերականգնման իրավունքից:

Լսելով առարկությունները` դատավոր Ալեքսեյ Սուքոյանը չշտապեց հայտնել իր դիրքորոշումը ՍԴ դիմելու վերաբերյալ` նախընտրելով ևս 3 օր մտածել: Այդ ընթացքում նա կողմերին կհայտնի իր որոշումը` գործը կասեցնո՞ւմ է և դիմում ՍԴ, թե՞ նշանակում է հաջորդ դատական նիստը:

«Ժամանակի» փաստաբանը հույս ունի, որ դատավորի մտախոհությունը ավելի շուտ ցույց է տալիս նրա` ՍԴ դիմելուն հակված լինելը, ինչը վերջ կդնի մամուլի դեմ ծավալված արշավին:

Սակայն եթե նույնիսկ մերժվի այս միջնորդությունը, արդեն բավարարվել է թերթի ներակայացուցչի մեկ այլ միջնորդություն, որով դատավորը թույլատրել է նիստի ժամանակ լսելու այն անձանց, ովքեր հարցազրույց են տվել լրագրողին, որով կապացուցվի թերթի կողմից բարեխիղճ լուսաբանումը:

Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ` պահանջելով հերքել թերթում կազմակերպության մասին տպագրված, գործարար համբավն արատավորող տեղեկությունները և վճարել 2,5 մլն դրամի չափով փոխհատուցում: Թերթը տեղեկություն էր տպագրել Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար «Գլենդել Հիլզ» ընկերության կառուցված Մուշ-2 թաղամասի շենքերի անորակության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter