Արթուր Չախոյանին ծեծի ենթարկածների խմբում է եղել ապօրինի շինարարություն իրականացրածի որդին
Երևանի քաղաքապետարանի գործունեությունը քննադատող ակտիվիստ Արթուր Չախոյանը մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել։ Բռնության դեպքը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցում, որտեղից օրեր առաջ ակտիվիստը տեսանյութ էր հրապարակել՝ քաղաքային իշխանություններին մեղադրելով անգործության մեջ (համայնքային հողի զավթումը չկանխելու եւ ապօրինի շինարարությունը չկասեցնելու համար)։
«Ես Բաղյան փողոցի նույն հասցեում տեսանյութ էի նկարում համայնքային հողի զավթման եւ ապօրինի շինարարության վերաբերյալ, երբ տարածքի սեփականտերը փորձել է խաչընդոտել նկարահանմանը։ Սկզբում սադրել են»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց ակտիվիստը՝ նշելով, որ սադրանքից հետո մոտ 7 հոգի հարձակվել եւ ծեծի են ենթարկել իրեն, որի ժամանակ գողացել են նրա բջջային հեռախոսը։ Արթուր Չախոյանը ոստիկանության Նոր Նորքի բաժնում ցուցմունք է տվել կատարվածի վերաբերյալ, նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ իր տեղեկություններով՝ մեկ անձ ձերբակալվել է։ Ըստ Արթուր Չախոյանի՝ ձերբակալվածը տարեց տղամարդ է։
Ապօրինի կառուցապատման մասին Արթուր Չախոյանը բարձրաձայնել էր նախորդ շաբաթ։ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող՝ Բաղյան փողոց 2/5 հասցեում առանց շինթույլտվության կառուցվել է գյուղատնտեսական շուկա։ Կառուցապատողը, ըստ ակտիվիստի, շինթույլտվության համար համայնքի բյուջե չի վճարել մոտ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Կառուցապատողը տվյալ տարածքում սեփականության իրավունքով ունեցել է 436 քմ հողամաս, սակայն շինարարությունն իրակնացրել են 936 քմ հողամասի վրա։ Արդեն կառուցված շինության երկարությունը, որը զուգահեռ է Բաղյան փողոցին՝ 35.3 մետր է, իսկ լայնությունը՝ 26.5 մետր։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ հողամասի լայնությունը՝ մոտ 16 մետր, երկարությունը՝ մոտ 25 մետր։
«Համայնքից մոտ 500 քմ հողամաս ապօրինի զավթել են եւ կառուցել են այս գյուղմթերքի շուկան»,- հրապարակած տեսանյութում հայտարարել էր Արթուր Չախոյանը։ Այս ամենից բացի, ակտիվիստը, պարզել էր, որ շինարարության ժամանակ կառուցապատողը քանդել էր նաեւ մայթը, որը հետագայում բարեկարգվել է Երևան համայնքի միջոցներով։
Բաղյան փողոց 2/5 հասցեի 436 քմ հողամասի սեփականտերը՝ Նորիկ Արշալույսի Հովհաննիսյանն է։ Նրան են պատկանում նորաստեղծ «Սալիտա 888» եւ «Վեգամալլ» ՍՊԸ-ները։ Նոր Նորքում Նորիկ Հովհաննիսյանը հայտնի է նաեւ որպես «Լունա» տաքսի ծառայության սեփականատեր։ Տաքսի ծառայության տնօրենը Հովհաննիսյանի որդին է՝ Կարեն Հովհաննիսյանը, որն էլ, ըստ Արթուր Չարխոյանի, եղել է իր վրա հարձակվողներից մեկը։
Բռնության այս դեպքը Արթուր Չախոյանի հանրային գործունեության մեջ առաջինը չէ։ Տարեսկզբին նա ծեծի էր ենթարկվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի եւ նրա ենթակաների կողմից։ Միջադեպից մոտ 20 օր անց թաղապետը հրաժարական տվեց։ Վարչական շրջանի աշխատակազմի շենքում տեղի ուենցած այդ եւ մեկ այլ միջադեպերով քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Մեղադրյալ են ե՛ւ թաղապետը, ե՛ւ ակտիվիստը։
Լուսանկարը՝ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել