HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են մարզպետարանի պաշտոնյաներին «չհնազանդվելու» համար

Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ազատել է աշխատանքից՝ «վստահությունը կորցնելու հիմքով», քանի որ չի դրսևորել քաղաքական զսպվածություն: Լիլիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր անունը մրոտել են՝ հին հաշիվները մաքրելու համար, քանի որ չի հնազանդվել ո՛չ Արմավիրի նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին, ո՛չ էլ մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանին:

«Իմ ամբողջ կյանքում քաղաքականությամբ չեմ զբաղվել, դրա մեջ չեմ եղել: Ինձ համար մանկավարժությունը եղել է թիվ մեկ առաքելությունը: Քաղաքական զսպվածություն չդրսևորել պիտակով ուզեցին մրոտել իմ անունը: Տարբեր բաներ փորձեցին, չստացվեց, վերջում որոշեցին ինձ ներքաշել իբր քաղաքականության մեջ»,- ասում է Լիլիթ Պետրոսյանը:

Լ. Պետրոսյանը պատմեց, որ 2021թ. փետրվարի 1-ից է ստանձնել Վաղարշապատի  թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնի համար հայտ է ներկայացրել 8 անձ, սակայն 2-ը ծրագիր չներկայացնելու պատճառով դուրս են մնացել մրցակցությունից: Թեկնածուներից մեկը եղել է այդ ժամանակ Արմավիրի փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանի քեռակինը: Արդյունքում տնօրեն է ընտրվել Լ. Պետրոսյանը, և նրա նկատմամբ սկսվել են տարատեսակ ճնշումներ:

2025թ. մարտին փոխտնօրեններից մեկը, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել և տեղափոխվել է իր բնակավայրի դպրոց՝ աշխատելու: Դրանից հետո Լիլիթ Պետրոսյանը մանկավարժների հետ խորհրդակցություն է անցկացրել և ներկայացրել է փոխտնօրենի թեկնածուի անունը՝ հաշվի առնելով աշխատանքային փորձառությունը, օլիմպիադաներում արձանագրած ցուցանիշները, կառավարման, կազմակերպչական ձիրքը և այլն:

«Չնայած դպրոցի տնօրենը պիտի նշանակի փոխտնօրենին, բայց հին ավանդույթներով դրվածքն այնպես է, որ մարզպետարանը պետք է հավանությունը տա: Զանգել եմ  մեր վարչության պետին, ասել եմ, որ հաստիքը թափուր է, կարող եմ գալ, ներկայացնել թեկնածուին: 10 րոպե հետո վարչության պետը հետ է զանգում, թե՝ մարզպետ Արգիշտի Մեխակյանն ունի իր նախընտրած թեկնածուն, պետք է համբերեմ և ոչինչ չանեմ»,- ասում է Լիլիթ Պետրոսյանը:

Մոտ երեք շաբաթ անցնելուց հետո տնօրեն Պետրոսյանը դարձյալ զանգում է վարչության պետ Սոնյա Բուդաղյանին, որ հետաքրքրվի, թե ինչ եղավ փոխտնօրենի հարցը, և տեղեկանա՝ ով է «գաղտնի» թեկնածուն:

Լիլիթ Պետրոսյանն ասում է, որ արդեն իրեն շշուկներ էին հասել, որ մարզպետի նախընտրած թեկնածուն Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ, փաստաբան Էդվարդ Ափոյանի կինն է: Վերջինս թիվ 1 դպրոցում աշխատում է որպես ուսուցչի օգնական: Իսկ Ափոյանը Արգիշտի Մեխակյանի ընկերն է: Մարզպետարանից Լ. Պետրոսյանին ևս հաստատել են, որ մարզպետի նախընտրած թեկնածուն նա է:

Նշենք, որ Էդվարդ Ափոյանը փաստաբանական ծառայություններ է մատուցում նաև Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին, երբ վերջինս Վարչական դատարանում վիճարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը՝ շահերի բախման պահանջների խախտման մասին: Է. Ափոյանը 2025թ. նոյեմբերի 16-ին սպասվող Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում դարձյալ ներառված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում:

Աշխատանքից ազատված տնօրեն Լիլիթ Պետրոսյանն ասում է, որ այդ ժամանակ Է. Ափոյանի կնոջ աշխատանքային ստաժը բավարար չէր փոխտնօրեն նշանակվելու համար, առնվազն 5 տարվա ստաժ պետք է ունենար, որը լրանալու էր 2025թ. սեպտեմբերի 14-ին:

Լիլիթ Պետրոսյանն ընդդիմացել է՝ ասելով, որ մարզպետի նախընտրած թեկնածուն համապատասխան չէ փոխտնօրենի պաշտոնին: Այդ ընթացքում տնօրենը կռահել է՝ թույլ չեն տալիս փոխտնօրեն նշանակել, որ նրա աշխատանքային ստաժը լրանա ու կարողանան նշանակել:

Լ. Պետրոսյանը հանդիպել է մարզպետ Արգիշտի Մեխակյանի հետ: Ներկայացրել է, որ իր ընկերոջ կինը չի համապատասխանում այդ պաշտոնին: Սակայն, մարզպետը հորդորել է գնալ ու սպասել: Լիլիթ Պետրոսյանը նշել է, որ փոխտնօրենի հարցը պետք է շուտ լուծվի, քանի որ հնարավոր է միջադեպեր լինեն, իսկ ինքը միայնակ չի կարող վերահսկողություն սահմանել 700-ից ավել աշակերտ ունեցող դպրոցում:

Լ. Պետրոսյանի փոխանցմամբ, մարզպետ Մեխակյանն ասել է՝ միջադեպ լինելու դեպքում քրեական վարույթ կնախաձեռնվի, մեղավորները պատասխան կտան:

«Ես 2021թ․-ից կոկորդին նստած եմ, իմ խոսքերից հետո երևի ավելի լցվեց իմ դեմ՝ թե ով է, որ գա, վերադասի հետ նման ձևով խոսի: Դրանից հետո եկան դպրոց, ստուգումներ արեցին, ոչինչ չգտան: Միակ բանը եղել է գրադարանավարի պարտականությունների թերացումը: Թերացել է, որովհետև թոշակառու կին է, չունի համակարգչային գրագիտություն: Նրա պաշտոնավարման ժամկետն էլ ես չեմ երկարացրել»,- ասում է Լիլիթ Պետրոսյանը:

Արդեն նախկին տնօրենն ասում է, որ աշխատանքային գործունեության ընթացքում  ընդամենը 3 հոգու է աշխատանքից ազատել, որից մեկը եղել է դպրոցի գրադարանավարուհին: Սակայն, նրանց ազատել է պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով, ոչ իր նախաձեռնությամբ:

2025թ. օգոստոսին Լ. Պետրոսյանը ծանուցել է գրադարանավարուհուն, որ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով պետք է ազատվի աշխատանքից: Գրադարանավարուհին, ըստ Լ. Պետրոսյանի՝ ծանուցումը ստորագրում է, հետո՝ ընդդիմանում, թե կարող են ժամկետը երկարացնել: Սակայն, ստորագրելուց հետո տնօրենին զանգում է Սոնյա Բուդաղյանը՝ հետաքրքրվում, թե ինչու է աշխատանքից ազատել գրադարանավարուհուն, այնուհետև տնօրենին հաջորդ օրը հրավիրում է մարզպետարան: Այդ ժամանակ Արգիշտի Մեխակյանն արդեն Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր, իսկ մարզպետի պարտականությունը կատարում էր փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը: Վերջինս, փոխմարզպետի պաշտոնից ազատվելով, այժմ Ա. Մեխակյանի խորհրդականն է:

«Ինձ ասում էին, որ ես ամեն գնով, թեկուզ կես դրույքով պահեմ գրադարանավարուհուն: Ստացվում է, որ ով զանգում էր՝ ինձ ասում էին պահի, բայց ես ո՞նց պահեմ: Լավամարդ լինելու համար ինձ ասացին կես դրույքով պահի, հետո նկատողություն կտաս, կազատես: Իհարկե, իրենց ասածը չարեցի, այստեղ էլ դեմ գնացի նրանց ու գրադարանավարուհուն ազատեցի աշխատանքից»,- ասում է թիվ 1 դպրոցի արդեն նախկին տնօրենը:

Լիլիթ Պետրոսյանի փոխանցմամբ՝ 2025թ. օգոստոսի 27-ին դարձյալ զանգահարել է մարզպետարանի վարչության պետին, քանի որ նոր ուսումնական տարում փոխտնօրենի պաշտոնում նշանակումը խիստ անհրաժեշտ էր: Դարձյալ հրավիրել են մարզպետարան:

Լիլիթ Պետրոսյանը, հույս ունենալով, որ Ա. Մեխակյանն արդեն մարզպետարանի պաշտոնյա չէ, կարծել է, որ հարցը կլուծվի: Սակայն, վարչության պետը Լ. Պետրոսյանի հետ գնացել է մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանի մոտ: Վերջինս էլ ձեռագրով գրված և պատճենահանված անանուն գրություն է դրել սեղանի վրա՝ դպրոցում կատարվող բացասական դրսևորումների մասին: Լ. Պետրոսյանի փոխանցմամբ՝ գրված են եղել զրպարտչական տեղեկություններ, և ինքն էլ պահանջել է, որ գրության հեղինակը տեղում պարզաբանի: Սակայն, այդպես էլ չեն ներկայացրել պարզաբանում: Լ. Պետրոսյանի ասելով՝ Բ. Նիկողոսյանը նույնիսկ «սպառնացել» է, որ այդ գրությունը կարող է ընկնել լրագրողների ձեռքը:

«Սա ինձ փոխանցվող վախի հերթական չափաբաժինն էր, որ ես փոխտնօրեն չնշանակեմ: Հաջորդ օրը ինձ դարձյալ մարզպետարան է կանչում վարչության պետը, ասում է, որ հեռախոսս թողնեմ կողքի սենյակում, նոր մտնեմ աշխատասենյակ: Դրանից հետո ինձ ասաց, թե Նիկողոսյանը հորդորում է, որ աշխատանքից ազատվելու դիմումը գրեմ, հեռանամ: Այստեղ էլ ընդդիմացա, պահանջեցի հիմնավորումներ, և հստակ նշեցի՝ երբ ծնողներն ու աշակերտներն ինձնից դժգոհ լինեն, կգրեմ ու կհեռանամ»,- ասում է Լիլիթ Պետրոսյանը՝ նշելով, որ ազատման դիմում չի գրել:

Սեպտեմբերի 14-ն անցել է, և այդպես էլ մարզպետարանից չեն ասել, թե ով նշանակվի փոխտնօրեն: Այդ ընթացքում տնօրեն Լիլիթ Պետրոսյանը տեղեկացել է, որ Արգիշտի Մեխակյանի նախընտրած թեկնածուն՝ ընկերոջ կինը, հղի է: Պետրոսյանը կռահում է, որ ցանկացել են նրան նշանակել, որ հաստիքը երկար ժամանակ պահի ու երեխայի ծնվելուց հետո վերադառնա աշխատանքի:

2025թ. սեպտեմբերի 25-ին Լիլիթ Պետրոսյանը դարձյալ խորհրդակցություն է հրավիրել և փոխտնօրեն է նշանակել իր նախընտրած թեկնածուին՝ Մարիամ Շահինյանին: Րոպեներ հետո Պետրոսյանը զանգ է ստացել Սոնյա Բուդաղյանից, թե նոր նշանակված մարզպետ Վահրամ Խաչատրյանը փոխտնօրենի նշանակման հարցով իր մոտ է հրավիրում: Տեղեկանալով, որ արդեն փոխտնօրենը նշանակվել է, վարչության պետը «մեղադրել» է պայմանավորվածությունը խախտելու մեջ:

«Արդեն բարկացել են, թե այս ինչ տնօրեն է, որ ստրկամիտ չէ, իրենց չի ենթարկվում, իրենց թրի տակով չի անցնում: Չգիտեմ՝ ինչեր են մտածել: Էլ բան չգտան, չիմացան ինչպես աշխատանքից հեռացնել, ինձ կապեցին քաղաքականության հետ»,- ասում է Լիլիթ Պետրոսյանը:

Պետրոսյանի փոխանցմամբ՝ 2025թ. հոկտեմբերի 17-ին մարզպետի անունից ստացել է գրություն, որ պարտավոր էր պաշտոնավարման ընթացքում դրսևորել քաղաքական չեզոքություն և պահանջել է ժամերի ընթացքում բացատրագիր գրել: Լիլիթ Պետրոսյանն ասում է, որ բացատրագիր գրել է, որ երբևէ քաղաքականությամբ չի ցբաղվել: Նույն օրը տնօրենի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով Լ. Պետրոսյանն ազատվել է աշխատանքից: Վերջինս ասում է, որ Արաքս համայնքի բնակիչ է, Վաղարշապատում ընտրելու իրավունք չունի: Նույնիսկ այդ հարցում որևէ շահագրգռություն չունի:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանից, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց:

Վաղարշապատ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Ռոզա Կարապետյանը «Հետք»-ին փոխանցեց՝ հերքում են Լիլիթ Պետրոսյանի հայտնած տեղեկատվությունն այն մասին, որ Ա. Մեխակյանն առնչություն ունի տնօրենի հեռացմանը, քանի որ  իր իրավասության սահմաններից դուրս է:

«Եթե պարոն Մեխակյանն իրականացրած լիներ, դա կաներ մարզպետ եղած ժամանակ, մեկ գրչի հարվածով կարող էր հեռացնել՝ առանց որևէ խոչընդոտի»,- ասում է մամուլի խոսնակը:

Ինչ վերաբերում է Ա. Մեխակյանի քեռու կնոջ տնօրեն չընտրվելուն, ապա Ռ. Կարապետյանի փոխանցմամբ՝ դա եղել է 2022թ.-ին, մեկ անգամ է դիմել տնօրեն դառնալու համար, որից հետո այլևս չի դիմել:

«Այս ամեն ինչը կապված է նախընտրական պրոցեսների հետ, քանի որ պարոն Մեխակյանը ևս համայնքի ղեկավարի թեկնածու է: Շատ լրատվամիջոցներ փորձում են ցեխ շպրտել պարոն Մեխակյանի վրա և սևացնել նրա անունը: Նշված լրատվականներն ու լրագրողներն իրավական դաշտ են մտնելու և սահմանված կարգով ստանալու են իրենց պատասխանը: Այս ամենը փորձում են մտցնել քաղաքական դաշտ, և իրենք են փորձում քաղաքականությամբ զբաղվել»,- ասում է Ռ. Կարապետյանը՝ հավելելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արգիշտի Մեխակյանի անվան հետ տարատեսակ պատմություններ են կապում:

Լուսանկարում՝ Լիլիթ Պետրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter