
Արգիշտի Մեխակյանի և ՔՊ-ի քարոզչական նյութերը՝ համայնքի սոցիալական էջերում
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ցուցակի առաջին համարը զբաղեցնող թեկնածուի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի նախընտրական գովազդային նյութերը տեղադրվում են Խոյ համայնքի բնակավայրերի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում: Այդ հարթակները լցված են ոչ միայն իշխանական թեկնածուի քարոզչական նյութերով, այլև գովազդում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հրապարակելով, օրինակ, համայնքի Շահումյան գյուղում գրասենյակի բացման տեսանյութը և այլն: Այսինքն՝ ակնհայտորեն օգտագործվում է վարչական ռեսուրս, որը մոտ մեկ ամիս է՝ չեն «նկատում» պատկան մարմինները:
Այսօր՝ 2025թ. հոկտեմբերի 22-ին, պաշտոնապես մեկնարկել է Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16-ին: Սակայն, մինչ այս էլ քաղաքական ուժերը զբաղվում էին քարոզչությամբ: Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում Խոյ համայնքում ցանկացած միջոցառում անցկացվում է Արգիշտի Մեխակյանի մասնակցությամբ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Արմավիրի մարզպետարանը, Խոյի համայնքապետարանը և այլ գերատեսչություններ ու մարմիններ իրենց պաշտոնական հաղորդագրություններում ևս այդ մասին հիշատակումներ են արել՝ հրապարակելով նաև լուսանկարներ: Տպավորությունն այնպիսին է, որ Ա. Մեխակյանը նաև Խոյ համայնքի ղեկավարն է:
Նշենք, որ Խոյ և Վաղարշապատ համայնքները միացվում են, և նոյեմբերի 16-ի ընտրությունների արդյունքներով ունենալու են մեկ համայնքի ղեկավար: Սակայն, մինչ այդ Խոյ համայնքն ունի իր ղեկավարը, համայնքապետարանն աշխատում է իր աշխատակազմով, և Արգիշտի Մեխակյանը որևէ առնչություն չունի այդ համայնքի կառավարմանը: Նրան պարբերաբար Խոյ համայնքի միջոցառումներին հրավիրելը, համայնք այցելած պաշտոնյաների հետ որպես համայնքի ղեկավար շրջելն ու այդ ամենը լուսաբանելն ու ցուցադրելը ևս քարոզչության ու վարչական ռեսուրսի օգտագործման դրսևորումներ են՝ արդեն պետական մակարդակով:
Գուցե շփոթմունք առաջանա, որ Ա. Մեխակյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է և հենց այդ նպատակով է հրավիրվում, սակայն հարկ է ևս մեկ անգամ ընդգծել, որ նա Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, ոչ թե Խոյի, հետևաբար որևէ լիազորություն չունի Խոյ համայնքի նկատմամբ: Մյուս կողմից իշխող կուսակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ Վաղարշապատի ընտրություններում համայնքապետի իր թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է: Նրան, ազատելով Արմավիրի մարզպետի պաշտոնից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. հուլիսի 15-ին նշանակեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս նշանակմամբ հիմք դրվեց վարչական ռեսուրսի օգտագործման՝ հօգուտ իշխանական թեկնածուի:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի՝ լիազորությունները դադարեցնելու դիմումից հետո փոխարինում էր առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը: Սակայն, նա 2025թ. հուլիսի 10-ին, հրաժարվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Նման դիմում ներկայացրել է նաև համայնքապետի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը, ինչից հետո համայնքը մնացել է առանց ղեկավար կազմի:
Ավելի վաղ գրել էինք, որ սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մշակված պլանն էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի: Վաղարշապատի ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամները երկու անգամ նախաձեռնեցին արտահերթ նիստ, որպեսզի համայնքի ղեկավար ընտրեն: Սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ ավագանու անդամները չներկայացան, և նիստերը տապալվեցին:
2025թ. հունիսի 20-ին Կառավարությունը որոշել է Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորել և արտահերթ ընտրություններ նշանակել։
2025թ․ նոյեմբերի 16-ին նշանակված Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ: Ընտրապայքարի մեջ են մտել «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը: Փաստացի նա պետք է հսկողություն իրականացներ իր աշխատակազմի նկատմամբ, մինչդեռ ստացվում է, որ նրա իմացությամբ կամ թողտվությամբ են համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերի աշխատակիցները բնակավայրի սոցիալական էջերով տարածում ՔՊ-ի և Արգիշտի Մեխակյանի քարոզչական նյութերը: Այստեղ Լ. Յայլոյանն ունի ակնհայտ շահագրգռվածություն, քանի որ ընտրություններում կուսակցության հաղթանակի դեպքում ինքը ևս ընտրվում է:
Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրապիոն Շառոյանից հետաքրքրվեցինք, թե ովքեր են կառավարում բնակավայրերի անուններով բացված ֆեյսբուքյան էջերը: Նշեց, որ բնակավայրերի աշխատակազմերն են դրանք օգտագործում և նյութերը տեղադրում:
Հարցին, թե ինչու են այդ էջերը ծառայում որպես թեկնածուներից մեկի քարոզչական հարթակ, Գ. Շառոյանն ասաց, որ բնակավայրերի սոցիալական էջերին հետևելու ժամանակ չունի, չի հետևել և տեղյակ չէ տարածվող բովանդակության մասին: Սա այն դեպքում, երբ մեկ ամիս շարունակ պարբերաբար նման նյութեր են տարածվում:
«Խոստանում եմ, այսօր կզբաղվեմ այդ հարցով»,- ասաց Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Բնակավայրերի անուններով բացված սոցիալական էջերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քարոզչությունը բխում է ոչ միայն Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի, այլև հենց վարչական ղեկավարների շահերից, քանի որ նրանք նույնպես ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում: Մինչ այդ, նշված էջերը նախատեսված են եղել բացառապես բնակչությանը իրազեկելու, հայտարարություններ հրապարակելու, համայնքային միջոցառումների մասին տեղեկացնելու համար:
Օրինակ՝ Աղավնատուն, Հայթաղ, Մոնթեավան գյուղերի ֆեյսբուքյան էջերում ակտիվ քարոզչություն է իրականացվում Արգիշտի Մեխակյանի և ՔՊ-ի օգտին: Խոյ համայնքի ղեկավար և թեկնածու Լյուդվիգ Յայլոյանը Մոնթեավան գյուղից է: Համայնքապետարանի այս գյուղերի աշխատակիցներն այնքան հեռու էին գնացել, որ Արգիշտի Մեխակյանի նախընտրական քարոզչական պաստառը դարձրել էին բնակավայրի ֆեյսբուքյան էջի հետնանկար:
Աղավնատուն գյուղի վարչական ղեկավար Ռոման Ավետիսյանը ևս թեկնածու է, և ՔՊ-ի ընտրական ցուցակի 34-րդ տեղում է, Հայթաղի վարչական ղեկավար Բաբկեն Կարապետյանը ցուցակի 31-րդ տեղում է, Դաշտի վարչական ղեկավար Սերոժ Գևորգյանը՝ 43-ում, Մոնթեավանի վարչական ղեկավար Վիրաբ Սարգսյանը 44-րդ տեղում է և այլն: Նրանք փաստացի բնակավայրերի սոցիալական հարթակներն օգտագործում են հօգուտ իրենց և այն կուսակցության, որին անդամակցում կամ սատարում են:
Վարչական ռեսուրսի օգտագործման արգելք
Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է վարչական ռեսուրսի օգտագործման անթույլատրելիությունը: Մասնավորապես՝ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:
Արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ բնակավայրերի սոցիալական էջերի օգտագործումը վարչական ռեսուրսի չարաշահում է, քանի որ օգտագործում են կոնկրետ կուսակցության քարոզչության համար:
«Որպես հանրային ինստիտուտ պարտավոր են չեզոքություն դրսևորել»,- ասում է Ս. Այվազյանը:
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» (Վենետիկի) հանձնաժողովի «Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման մասին» 2013թ. զեկույցում տեղ են գտել մի շարք կարևոր սահմանումներ, որոնք վերաբերում են վարչական ռեսուրսի չարաշահմանը: Մասնավորապես՝ նշված է, որ վարչական ռեսուրսների չարաշահումը քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև իշխող կուսակցությունների և թեկնածուների անօրինական վարքագիծն է՝ օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքը և կապերը պետական ինստիտուտների հետ՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով։
Վարչական ռեսուրսների չարաշահումը անարդար առավելություն է տալիս իշխող կուսակցություններին և թեկնածուներին իրենց մրցակիցների հանդեպ՝ խաթարելով ընտրական գործընթացներում հավասարության սկզբունքը, ինչպես նաև ընտրողի՝ կարծիք ձևավորելու ազատությունը:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԿ) 1990թ․ Կոպենհագենի հանդիպման փաստաթուղթն ընդգծում է պետության և քաղաքական կուսակցությունների հստակ տարանջատման կարևորությունը: Մասնավորապես՝ կուսակցությունները չպետք է սերտաճեն պետության հետ, և վերջիններս պետք է ապահովվեն անհրաժեշտ իրավական երաշխիքներով, որոնք թույլ կտան նրանց մրցել միմյանց հետ օրենքի առջև և իշխանությունների կողմից հավասար վերաբերմունքի պայմաններում։․
Այս դեպքում խախտվում է մրցակիցների հավասարությունը, քանի որ համայնքային բյուջեից վարձատրվող աշխատակիցները սոցիալական էջերն օգտագործում են ի շահ իրենց կամ կուսակցության:
Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Վերջինիս մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանն ասաց, որ թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որը պատասխանատու է Վաղարշապատ համայնքի ընտրությունների կազմակերպման համար, «Հետքի» փոխանցած տեղեկատվության հիման վրա ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր և առաջիկայում դրանք լուծում կստանան:
«Պաշտոնական սոցիալական էջերից քարոզչական բոլոր նյութերը կհեռացվեն: Հանձնաժողովի անդամներն առավոտից մշտադիտարկում են իրականացնում համայնքում, որպեսզի լուծեն նաև չնախատեսված վայրերում փակցրած պաաստառների հարցը»,- ասում է Սեդա Ղուկասյանը:
ԿԸՀ-ի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ քարոզչական պաստառների հարցով թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին դիմել է նաև «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը:
Արդյոք որևէ մեկը կպատժվի վարչական ռեսուրսի չարաշահման համար, դժվար է ասել, որովհետև հանրային ինստիտուտներն ու պետական մարմիններն իշխող կուսակցության նկատմամբ բարեհաճ են և ոչ չեզոք:
Մեկնաբանել