
Ձկնաբուծությամբ զբաղվող 3 անձ տուգանվել է անօրինական ջրօգտագործման համար
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ ձկնաբուծությամբ զբաղվող 3 անձ տուգանվել է անօրինական ջրօգտագործման համար։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանման ու արդյունավետ օգտագործման վերահսկողական ստուգայցերի շրջանակում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
Լոռու մ. Նովոսելցովո բնակավայրում ձկնաբուծությամբ զբաղվող Վ.Բ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, հարակից հոսող մակերևութային ջրային ռեսուրսից կատարել է ապօրինի ջրառ։
Կոտայքի մ. Գողթ գյուղում Գ.Գ.-ն ձկնաբուծության նպատակով Ազատ գետի վտակից առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ապօրինի ջրօգտագործում։
Արարատի մ. Նորամարգ բնակավայրում Ա.Հ.-ն ևս ձկնաբուծության համար պոմպի միջոցով ապօրինի ջրօգտագործում է կատարել դրենաժային համակարգից՝ չունենալով անհրաժեշտ թույլտվություն։
Տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի, Արարատի տարածքային բաժինների պետերի որոշումներով մակերևութային ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։
Իրավախախտների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ 200.000-ական ՀՀ դրամի չափով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել