HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

19 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին «Հետք»-ին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Մասնավորապես՝ 2025թ. հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:

Հիշեցնենք՝ 2025թ. հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր որոշեց 2 ամսով կալանավորել Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին:

Կասեցվել են Վարդան Ղուկասյանի լիազորությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter