HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Նախկին պատգամավորն ավազ է ապօրինի արդյունահանել 

Արարատի մարզի Ռանչպար գյուղի վարչական տարածքում ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել, որի հետևանքով պետությանը վնաս է պատճառվել։ «Հետքը» 2025 թ․-ին մի քանի անգամ ականատես էր եղել, որ գյուղում ապօրինի գործած եւ փակված հանքի հարևանությամբ նոր տեղամաս է բացվել։ Այս անգամ պարզել ենք, որ ավազի ապօրինի արդյունահանում իրականացրած ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արայիկ Աղաբաբյանին։

«Google earth» ծրագրի միջոցով տեսանելի է, որ 2025 թ․-ի մարտի դրությամբ չգրանցված հանքավայրի այն տեղամասից, որտեղից նախկինում արդյունահանում էր արվել, արդեն ավազ չի հանվում։

Նախկին հանքախորշերը լցված են ջրով, իսկ ավազ լվացող մետաղական տեխնիկան հիմնականում ապամոնտաժվել եւ տեղափոխվել է։ Արբանյակային նույն պատկերում երևում է, որ ավազի արդյունահանման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել նախկին տեղամասից 200 մետր հարավ-արևմուտք ընկած տարածքում։ Լուսանկարներում երևում են թեթեւ մարդատար ավտոմեքենաներ, հողը հարթեցվել է, տեղադրվել են երկու վագոն-տնակներ, որոնց մոտ կուտակված են մետաղական սարքավորումներ (հավանաբար ավազի լվացման հետ գործ ունեցող)։

Ավազի արդյունահանման նոր տեղամասի տարածքը հասցե չունի, սակայն Կադաստրի կոմիտեից տեղեկանում ենք, որ այն մասնավոր սեփականություն է։ 4000 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը պատկանում է «Հելլա սիստեմս» ՍՊԸ-ին։ Սեփականության իրավունքը գրանցվել է 2024 թ․-ի դեկտեմբերին։ «Հելլա սիստեմս» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2023 թ․-ին ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի կողմից։ Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է նրան։

Արմավիրի մարզից պատգամավոր ընտրված Արայիկ Աղաբաբյանը պաշտոնավարել է մինչեւ 2021 թ-ը, եղել է «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցության անդամ։ 

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից գրավոր հարցմամբ «Հետք»-ը տեղեկացել է, որ տեսչական մարմնի աշխատակիցները Ռանչպար գյուղի տարածքում չափագրումներ են իրականացրել եւ ավազակոպճային խառնուրդի արդյունահանման դեպքեր են արձանագրել։ 2023 թ․-ի փետրվարին եւ օգոստոսին, 2024 թ․-ի մարտին, հուլիսին եւ հոկտեմբերին իրականացված չափագրմամբ պարզվել է, որ մոտ 92 հազար խորանարդ մետր ծավալով ավազակոպճային խառնուրդի լեռնային զանգված է արդյունահանվել «Արարակ» ՍՊԸ-ի կողմից։ Արդյունահանման հետեւանքով դեգրադացվել է 1.3 հեկտար տարածք։

2025 թվականի ապրիլ, հուլիս եւ սեպտեմբեր ամիսներին տեսչական մարմնի աշխատակիցների չափագրությունների արդյունքում էլ պարզվել է, որ «Հելլա սիստեմս» ՍՊԸ-ի կողմից արդյունահանվել է 23 հազար խորանարդ մետր ծավալով ավազակոպճային խառնուրդի լեռնային զանգված, որի հետեւանքով դեգրադացվել է մոտ 2 հեկտար տարածք։ Բացի այդ, «Հելլա սիստեմս» ՍՊԸ-ն մակերեւութային ջրերից ապօրինի ջրառ է իրականացրել, որն օգտագործվել է ավազի լվացման նպատակով։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Լեւոն Լեւոնյանը գրավոր հայտնել է նաեւ, որ չափագրման բոլոր արդյունքներն ուղարկվել են Քննչական կոմիտե։ 

«Հելլա սիստեմս» ՍՊԸ-ի բաժնետեր-տնօրեն Արայիկ Աղաբաբյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ իր ընկերությունն է ավազի արդյունահանում իրականացրել, որի հետևանքով պետությանը պատճառված վնասն արդեն վերականգնել են։ Հարցին, թե որքա՞ն է կազմել պետությանը պատճառված վնասը, Արայիկ Աղաբաբյանը չցանկացավ պատասխանել։ Չմանրամասնելով, թե ինչու են ավազ արդյունահանել՝ նա նշեց, որ իր ընկերությունը զբաղվում է այլ հանքերից արդյունահանված ավազի լվացմամբ։

Ջարդիչ կայանի ծրագիր ունեն 

«Հելլա սիստեմս» ՍՊԸ-ն Մասիսի համայնքապետարանից ստացել է նախագծման թույլտվություն, որի համաձայն՝ ընկերությունը ցանկանում է կառուցել ջարդիչ տեսակավորող կայան։ Ընկերությունը դեռ շինթույլտվություն չունի։ Արայիկ Աղաբաբյանի «Հելլա սիստեմս» ՍՊԸ-ն 2024 թ․-ին Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Ռանչպարում ջարդիչ-կոտորակիչ կայանի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտ։ Դեռեւս դրական եզրակացություն չստացած հայտի համաձայն՝ նախկին պատգամավորը ցանկանում է նորատեղծ ընկերությամբ ավազակոպճային խառնուրդ, բազալտ եւ այլ օգտակար հանածոներից ստանալ խիճ և ավազ: Ձեռնարկվելիք արտադրության համար հումքը նախատեսել են ձեռք բերել այլ ընկերություններից՝ պայմանագրային հիմունքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter