
ՔԿ. մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց՝ մասնակցելու Սամվել Կարապետյանի հավաքին, մեկ անձ կալանավորվել է
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց՝ մասնակցելու Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), Բ.Ս.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):
Հ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Նախաքննությունը շարունակվում է:
Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որը պատժվում է նաև ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներում արձանագրվել են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու բազմաթիվ դեպքեր, ուստի Քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ և ձեռնպահ մնալ նույնաբնույթ հանցավոր դրսևորումներից»,- նշվում է հաղորդագրությունում։
Մեկնաբանել