HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնորոգվեն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ

Կառավարությունը կայացրել է որոշում, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21020 «Պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումը։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Միջոցառման շրջանակներում «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա` պետական նշանակության ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների գնման նպատակով հայտարարվել են գնման ընթացակարգեր: Որոշման մեջ նշված ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 58,253 կմ և ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար (2025 թվականի պայմանագրեր) անհրաժեշտ է ապահովել համապատասխան ֆինանսավորում՝ ընդհանուրը 2,727,819.1 հազար դրամի չափով։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էկո ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ միջև կնքվել է Հ-30 /Մ-4/ -Ճամբարակ -/Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 41+ 158 + կմ55 + 200 հատվածի միջին նորոգման աշխատանքների կատարման թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2024/31Շ գնման պայմանագիրը։ Պայմանագրի շրջանակներում չկատարված՝ 2025թ․ իրականացվելիք աշխատանքների արժեքը կազմում է 67,576․0 հազար դրամ։

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու, ճանապարհային գծանշման գործառական երկարակեցությունն ավելացնելու նպատակով նախատեսվում է միջոցառման շրջանակներում կնքված թվով 6 գնման պայմանագրերում կատարել փոփոխություն՝ նախատեսելով հորիզոնական գծանշումները 1,5 մմ-ից ավելի հաստությամբ ջերմաթաղանթով իրականացնելու պահանջ։ Նշված փոփոխությունների արժեքը չի գերազանցի տվյալ պայմանագրերի գնի 10 %։ Փոփոխությունների ընդհանուրը գումարը կազմում է 104,205․6 հազար դրամ։ Արդյունքում վերը նշված ճանապարհների միջին նորոգման աշխատանքների ֆինանսավորման համար անհրաժեշտ 2,899,600․7 հազար դրամն առաջարկվում է վերաբաշխել 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «1157. Քաղաքային զարգացում» ծրագրի «21002. Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառումից: Որոշման ընդունման արդյունքում կնորոգվեն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ՝ ապահովելով ավտոմոբիլային ճանապարհների երկարակեցությունը։

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ որակի հարցում որոշակի փոփոխություն կա, բայց նաև տեսադաշտում պետք է լինի ճանապարհային ստանդարտի հարցը. «Ակնհայտ է, որ մենք ճանապարհային ցանցի որակի ակնհայտ փոփոխություն ունենք: Ընդհանուր առմամբ, գալիս է ստանդարտի հարցը, և պետք է աշխատանքն այնպես կազմակերպել, որ մենք վստահ լինենք, որ ունենք մեխանիզմ, որպեսզի մեր ճանապարհները չհասնեն այն վիճակին, որ նորից մենք սկսենք այդ վիճակից բերել ավելի լավ վիճակի»:

Վարչապետը նշել է այն ճանապարհահատվածները, որոնք այս որոշմամբ միջին նորոգման են ենթարկվելու. «Երևանից դեպի Պռոշյան աջ և ձախ գոտիների 5 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքների մեկնարկ, Երևանից դեպի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկ աջ և ձախ գոտիներ 6.8 կմ՝ աշխատանքները մեկնարկում են: Ծղուկից դեպի Սիսիան մեկ կմ հատված՝ աշխատանքներն ավարտված են: Կապանից դեպի Ծավ 4.9 կմ հատված՝ աշխատանքները մեկնարկել են: Մեղրից դեպի Ծավ 20.7 կմ հատված, միջին նորոգում՝ աշխատանքներն ավարտված են: Աշտարակից դեպի Բյուրականի տրանսպորտային հանգույց 10.6 կմ միջին նորոգում՝ աշխատանքներն ավարտված են: Գեղակերտից դեպի Աղավնատուն, Ամբերդ, Դաշտ 9.2 կմ հատվածի միջին նորոգում՝ աշխատանքները մեկնարկել են: Ագարակից դեպի Յաղդան, Լոռու մարզի մասին է խոսքը, հատվածի միջին նորոգում՝ լրացուցիչ գումար ենք հատկացնում ջերմաթաղանթով հենց գծանշման համար: Օձունից դեպի Արևածագ 14.8 կմ՝ գծանշման համար ենք գումար հատկացնում: Վայքից դեպի Զառիթափ և Մարտիրոս 9 կմ հատված, Վայոց ձորի մարզի մասին է խոսքը, գծանշման աշխատանքների համար է հատկացվում գումար: Արմավիրի մարզի Սարդարապատից դեպի Այգեվան և Լենուղի 6.2 կմ հատվածում ջերմաթաղանթով գծանշման համար է գումար հատկացվում: Եվ Ծովագյուղից դեպի Ճամբարակ հատվածի միջին նորոգում: Աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված մեկ այլ որոշման, որով հաստատվել են սուբվենցիոն ծրագրեր: Վարչապետը թվարկել է այդ ծրագրերը. «Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի Մոնթեավան բնակավայրի հուշարձան-պուրակի կառուցում, որը գտնվում է ավարտական փուլում: Գեղարքունի մարզում Սևան համայնքի Սևան բնակավայրի Իսահակյան, Սայաթ-Նովա, Աբովյան, Էներգետիկների, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Սյունյաց, Ռուսական, Գեղամա փողոցների հիմնանորոգման աշխատանքներ: Կատարված է աշխատանքների 95 տոկոսը: Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում: Ընդհանուր 8.5 կմ է, որի 95 տոկոսն արված է: Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արջահովիտ, Նոր Խաչակապ, Գեղասար, Քարաձոր, Սարալանջ, Լեռնանցք, Լեռնավան, Սարամեջ, Գոգարան, Ջրաշեն բնակավայրերի խմելու ջրի ցանցի վերանորոգում, հիմնանորոգում, ընդլայնում: Հարթագյուղ և Խնկոյան բնակավայրերում ջրամբարների կառուցում, Ծաղկաբեր բնակավայրում ջրահավաք ավազանի և ջրագծի կառուցում: Աշխատանքների 85 տոկոսն արված է: Ընդհանուր նախատեսվում է կառուցել 18 կմ երկարությամբ ջրագիծ 1100 տնային տնտեսությունների համար: Սյունիքի մարզում Կապան համայնքի Կապան բնակավայրի Ստեփանյան փողոցի 850 մետր հատվածի ասֆալտապատում, որի 95 տոկոսն արված է: Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ բնակավայրերի փողոցների ասֆալտապատում՝ ավարտված է, ասֆալտապատվել է 2,8 կմ ճանապարհ: Տավուշի մարզում Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Բլբուլյան փողոցի 6, 71, 73, 77, 84, 85 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում 8467 քմ մակերեսով բակային տարածքներ: Աշխատանքներն արված են»»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter