HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնաբարության դեպքերը դժվարությամբ են բացահայտվում Վրաստանում

Սեռական բռնության զոհերը հաճախ կամ ոստիկանություն չեն դիմում կամ պարզապես ուշացնում են դիմումները՝խ ուսափելով ցավագին դատական գործընթացներից:

Մինչ Վրաստանի խորհրդարանը սեռական բռնության դեմ պայքարի առավել արդյունավետ ուղիներ է փնտրում, իրավապաշտպան ակտիվիստները նշում են, որ պաշտոնական վիճակագրությունը կոծկում է խնդրի իրական մասշտաբները, քանի որ բռնության զոհերը, որպես կանոն, մեծ դժվարությամբ են համարձակվում ոստիկանություն դիմել:

Վրաստանի Գերագույն դատարանի տվյալներով՝ 2008-ից ի վեր բռնաբարության 170 դեպք է դատական վարույթ ընդունվել, ընդ որում՝ հանցագործությունը հիմնականում անչափահասների նկատմամբ է կատարվել: Թբիլիսիի քաղաքային դատարանում վերջին 6 տարիների ընթացքում սեռական բռնություն 100 դեպք է ընդունվել վարույթ եւ բացառությամբ 3 դատական գործերի, բոլորի դեպքում մեղադրական դատավճիռ է կայացվել:

Վրաստանի օրենսդրությամբ՝ բռնաբարությունը խստորեն պատժվող հանցագործություն չի համարվում եւ նախատեսում է առավելագույնը 6 տարվա ազատազրկում: Միայն այն դեպքում, եթե բռնության զոհն անչափահաս է, մեղադրյալը կարող է դատապարտվել 12-20 տարվա ազատազրկման:

Բռնությունից պաշտպանության ազգային ցանցի կողմից 2008-ին անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ բռնաբարության զոհերի 50 տոկոսի տարիքը տատանվում էր 14-ից 18 տարեկանի միջեւ, եւս 14 տոկոսն ավելի երիտասարդ էին, իսկ մյուս բոլոր զոհերը՝ առավել հասուն տարիքի էին:  

Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության պետական հիմնադրամի ղեկավար Մարի Մեսխին նշում է, որ պաշտոնական վիճակագրությունը վստահություն չի ներշնչում, քանի որ բռնաբարության դեպքերի մասին, որպես կանոն, չեն բարձրաձայնում:

«Մենք սեռական բռնության ընդամենը մի քանի դեպք ենք արձանագրել, սակայն ընտանեկան բռնության զոհերը կարող են նաեւ սեռական բռնության ենթարկվել», - ասում է նա:

Այն փաստը, որ բռնության դեպքերի մասին նախընտրում են լռել, աղավաղում է վիճակագրական տվյալները:   

Ընտանեկան բռնության զոհերին աջակցություն տրամադրող «Սապարի» բարեգործական կազմակերպության գինեկոլոգ Նանա Ձնելաձեն նշում է, որ կանայք հազվադեպ են բարձրաձայնում բռնաբարության դեպքերի մասին:

«Մեզ հանդիպած բոլոր դեպքերից անգամ մեկը չեմ կարող մտաբերել, երբ կինը դիմել է մեզ միայն սեռական բռնության պատճառով: Միայն բուժման մի քանի սեանսներից հետո է պարզ դառնում, որ կինը սեռական բռնության զոհ է դարձել, սակայն չի խոսել այդ մասին: Երբեմն, տարիներ են պահանջվում, որպեսզի զոհն ի վիճակի լինի խոսել այդ մասին, եւ անգամ այդ դեպքում նրանցից շատերը չեն խոստովանում այդ», - պարզաբանում է նա:

Իրավաբան Էկա Կոբեսաշվիլու կարծիքով՝ սեռական բռնության դեպքերի կապակցությամբ հարուցվող քրեական գործերի սակավաթվությունը պայմանավորված է նրանով, որ բռնության զոհերին չեն կարողանում ճիշտ աջակցություն տրամադրել: 

«Խնդիրը օրենքի գործնական կիրառման մեջ է: Ներկայում զոհի իրավունքներն ընդհանրապես չեն պաշտպանվում: Տուժածը պետք է դիմի ոստիկանություն, որից հետո գործը մի քննիչը փոխանցում է մյուսին, իսկ բռնության զոհը ստիպված է լինում անընդհատ գնալ ոստիկանություն՝վկայություն տալու եւ մանրամասները վերհիշելու համար: Այս ամենի հետեւանքով՝բռնաբարության զոհն ավելի մեծ ցավ է ապրում, հոգեբանական խնդիրներ ունենում եւ հրաժարվում մասնակցել գործի հետագա ընթացքին», - նշում է նա:

Կոբելաշվիլին պատմում է, որ ժամանակին իր պաշտպանյալներից մեկը դատարան էր դիմել՝ երկու դեռահասների դեմ բռնաբարության մեղադրանք ներկայացնելով:

«Դատական գործը մեկ դատախազից անցնում էր մյուսին, եւ երկու տարի սպասելուց հետո, կինը [պաշտպանյալը] հոգնեց այս ամենից՝հրաժարվելով կրկին գնալ ոստիկանություն եւ ընթացք տալ գործին», - վերհիշում է իրավաբանը:

Հաճախ ոստիկանությունը բռնաբարության դեպքերին անհրաժեշտ լրջությամբ չի վերաբերվում:

Կոբեսաշվիլին նշում է, որ իր պաշտպանյալներից երկուսը ժամանակին դիմել էին ոստիկանություն՝հայտնելով, որ նրանց բռնաբարել են սեփական ամուսինները. «Ոստիկաններն այս դեպքերը զավեշտալի էին համարել եւ անգամ չէին էլ ընդունել նրանց բողոքները»: 

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կանանց եւ երեխաների իրավունքների վարչության ղեկավար Անա Արգանաշվիլին նշում է, որ խնդիրը համակարգային բնույթ է կրում:

«Մարդու իրավունքների պաշտպանի 2010-2011թթ. զեկույցում ոստիկանության ոչ ադեկվատ արձագանքի բազում դեպքեր են արձանագրված: Չնայած իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մեր ունեցած տեղեկությունները թույլ են տալիս մտածել, որ շուրջբոլորը որակյալ մասնագետների պակաս է զգացվում», - նշում է նա:

Վրաստանը դեռեւս չի վավերացրել Եվրոպայի Խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան, որը պարտավորեցնում է անդամ պետություններին բռնության նման տեսակները քրեորեն պատժելի հանցանքների շարքին դասել, արձագանքել բոլոր նման դեպքերին եւ ապահովել զոհերին բուժմամբ եւ այլ տեսակի աջակցությամբ:

Ներկայում Վրաստանի խորհրդարանում ստեղծված աշխատանքային խումբը վերահսկում է երկրի ներքին օրենսդրության հետ կոնվենցիայի համատեղման գործընթացը:

ՄԱԿ-ի փորձագետներն արդեն իսկ առաջարկել են մի շարք փոփոխություններ կատարել Վրաստանի օրենսդրության մեջ այս կապակցությամբ:

Սակայն Մարի Մեսխին այն կարծիքին է, որ օրենսդրությունն ինքնին լավն է, իսկ այն փաստը, որ բռնաբարության մասին բարձրաձայնելու պատրաստ կանանց թիվն աճում է, ստիպում է լավատեսորեն տրամադրվել ապագայի նկատմամբ: 

«Անցյալ տարվա համեմատությամբ, այս տարի հարուցված գործերի քանակն ավելացել է, իսկ սա նշանակում է, որ իրազեկության եւ լուսաբանման մակարդակը բարելավվում է: Պաշտպանողական նոր մեխանիզմներ են ստեղծվել, հետեւաբար՝այս դեպքերի մասին բարձրաձայնելն այլեւս անիմաստ չէ», - ասում է նա:

Նինո Գվեդաշվիլին
Թբիլիսիում գործող «Human Rights House» կազմակերպության աշխատակից

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter