Համացանցում հայտնվել են Արշակ արքեպիսկոպոսին թիրախավորող տեսանյութեր
Երեկ երեկոյան «Armenian WikiLeaks» տելեգրամյան ալիքը տարածել էր ինտիմ բնույթի մի քանի տեսանյութ՝ պնդելով, թե կադրում երևում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա քեռակինը։
Տեսանյութերը նկարված են տանը տեղադրված գաղտնի տեսախցիկով։ Դրանցից երկուսը, ըստ երևույթին, նկարված են հյուրասենյակում, իսկ մեկը՝ լոգարանում տեղադրված տեսախցիկներով։ Տեսանյութերից մեկում երևում է նաև տոնածառ, ինչից կարելի է եզրակացնել, որ այն արվել է ձմռանը։
«Հարկ ենք համարում մաքրել Աստծո անունը նման «սրբազաններից» և հորդորում ենք նրանց հերթով լքել եկեղեցին ու չպղծել Աստծո տունը»,- գրված է տեսանյութերն ուղեկցող տեքստում։
Հոդվածի հրապարակման պահին նշված տելեգրամյան ալիքն արգելափակված է։ Չնայած սրան, այլ կասկածելի բնույթի տելեգրամյան ալիքներ և տարբեր կայքեր հասցրել են տարածել տեսանյութերը, ինչի պատճառով կայծակնային արագությամբ թեման արդեն աղմկահարույց է դարձել։
Գաղտնի նկարված տեսանյութերի մասին արդեն խոսել են տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ։ Շատերը խստորեն դատապարտել են տեսանյութերի տարածումն ու հրապարակումը՝ շեշտելով, որ անթույլատրելի և ապօրինի է մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումը։
Ինչպես ընդդիմադիր քաղաքական շրջանակներ, այդպես էլ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ տեսանյութերը կապում են Փաշինյան-կաթողիկոս Գարեգին Բ հակամարտության հետ՝ հիշեցնելով քեռակնոջ մասին վարչապետի հայտնի դարձած արտահայտությունը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պահանջել է «իրավասու պետական մարմիններից պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել հանցագործության մասին հաղորդում։
Տեղի ունեցածին արձագանքել է նաև թիրախում հայտնված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Մարդկանցից շատերն ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել և հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարհանքն ու քմծիծաղը»,- ասված է հայտարարության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել