2024-ին Հայաստանից 553 մլն դոլարի արծաթ է արտահանվել. ոսկի վերաարտահանողները նաև արծաթի առևտրով են զբաղվել
2024 թվականին Հայաստանից ավելի քան կես միլիարդ դոլարի (553 մլն դոլար) արծաթ է արտահանվել՝ անմշակ կամ կիսամշակ վիճակում։
Պետական եկամուտների կոմիտեի և Վիճակագրական կոմիտեի բազաները վկայում են, որ Հայաստանից արծաթի նման ծավալի արտահանման տվյալներ երբևէ չեն գրանցվել։
Նշված տարում նաև արծաթի ներմուծումն է ռեկորդային եղել։ Այսինքն՝ ինչպես ոսկու և ադամանդի պարագայում էր, Հայաստանը վերաարտահանել է նաև մեծ քանակի արծաթ։ Հատկանշական է, որ մամուլը և փորձագիտական շրջանակները շատ են քննարկել ոսկու և ադամանդի վերաարտահանումը, մինչդեռ արծաթի մասին քիչ է խոսվել։
Մեկ տարում Հայաստանից 423 տոննա արծաթ է արտահանվել
2024 թվականին արծաթը Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում հինգերորդն է։ Արտահանման ընդհանուր արժեքով զիջում է միայն ոսկուն, ոսկերչական իրերին, բջջային հեռախոսներին ու պղնձին։ Նշված տարում Հայաստանից ավելի շատ արծաթ է արտահանվել, քան կոնյակ ու սիգարետ, որոնք հայկական արտահանվող ապրանքների առաջատարներից էին մինչև վերջին երկու-երեք տարվա վերաարտահանման ալիքի մեկնարկը։ Արծաթի արտահանման արժեքը գերազանցել է նաև ադամանդին։
Ստորև ինֆոգրաֆիկայում նախորդ տարի Հայաստանից արտահանված ապրանքների առաջին տասնյակն է՝ ըստ մաքսային արժեքի։ Այս ցանկում, բացի վերը նշված ապրանքներից, կարելի է նկատել պլատինը, որի արտահանումը, այս դեպքում՝ վերաարտահանումը ևս ակտիվացել է, էական ծավալների հասել և հայտնվել առաջին տասնյակում։
2024-ին Հայաստանից արտահանված 423 տոննա արծաթի ընդհանուր արժեքը կազմել է 553 մլն ԱՄՆ դոլար։ Ինչպես ցույց են տալիս Մաքսային ծառայության տվյալները, նախորդ տարվա համեմատ արտահանման քանակն աճել է 7 անգամ, արժեքը՝ 13 անգամ։
Նույն տարում Հայաստան է ներմուծվել 451 տոննա՝ 390 մլն դոլարի արծաթ։ Ընդ որում՝ ներմուծումը կատարվել է նույն ծածկագրով։ Ներմուծումը ևս կտրուկ աճել է։
Արդեն 2025 թվականի արծաթի առևտրի ծավալները խիստ կրճատվել են։ Վիճակագրական ծառայության տվյալներով (Մաքսայինը դեռևս չի հրապարակել այս տարվա տվյալները)՝ 2025 թվականի առաջին ութ ամիսներին՝ հունվար-օգոստոսին, Հայաստան է ներմուծվել 26 մլն դոլարի (45 տոննա) արծաթ և արտահանվել է 46 մլն դոլարի (28 տոննա)։
Ռուսական արծաթը ներմուծվել է Հայաստան, արտահանվել՝ ԱՄԷ, Չինաստան և կրկին Ռուսաստան
Պետական եկամուտների կոմիտեից «Հետք»-ին տեղեկացրին, որ 2024 թվականին Հայաստան արծաթ է ներմուծել 28 ընկերություն։ Ավելի վաղ նրանց մեծ մասի անունները հանդիպել ենք ոսկի ներմուծողների ցանկում։
Առաջին երեք խոշոր ներմուծողներն են՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա», «Սի էն թրեյդինգ» և «Դայմնդ ստանդարտ» ՍՊԸ-ները։
«Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ին և «Դայմնդ ստանդարտ»-ին անդրադառնալու առիթներ ունեցել ենք։ Նրանք զբաղվում են ոսկու վերամշակմամբ, ոսկերչական իրերի արտադրությամբ, խոշոր ծ ներմուծողներ և վերաարտահանողներ են։ Մեծածավալ ներմուծումներ են իրականացրել հատկապես 2022 թվականից, երբ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը հայտնվեց արևմտյան պատժամիջոցների տակ և այլևս չէր կարող իր ոսկին ուղիղ արտահանել։ Դա իրականացնում էր մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջոցով։
Ավելի վաղ պարզել էինք, որ 2021 թվականի տարեվերջին գրանցված «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին և Ավագյանների ընտանիքին: Ավագյանները Ռուսաստանում ոսկերչական բիզնեսով էին զբաղվում։
2025 թվականի փետրվարին ընկերության 50%-ը, որը պատկանում էր Սուքիասյաններին փոխկապակցված անձի (Լևոն Սարգսյան), անցել է Հայկ Քաջևանի Բաղրամյանին։ Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Հայկ Բաղրամյանը 2019 թվականից մինչև 2024 թվականի վերջերս եղել է Սուքիասյաններին պատկանող «Սիլ Կապիտալ» ՍՊԸ-ի տնօրենը։
- Սեյշելներ, Կիպրոս, Ռուսաստան. Հայաստանում «արտադրվող» և արտահանվող ոսկերչական իրերի ծագումը
- Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում
Մյուս խոշոր ներմուծող «Դայմնդ ստանդարտ» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։ Ի սկզբանե այն ունեցել Է երկու սեփականատեր՝ Ռուսաստանում գրանցված Ռակեշ Կումար Շարման և Իսլամբեկ Սապարբոյ Օտաժանովը: Հիմնադրումից անմիջապես հետո ընկերությունը սկսել է ոսկի և արծաթ ներմուծել և վերաարտահանել Հայաստանից։ 2023 թվականի ապրիլին ընկերությունն ամբողջությամբ փոխանցվել է Անահիտ Չիտչյանին, որն ունի հաշվապահական ընկերություն։
Առաջին եռյակում հայտնված մյուս ներմուծողը՝ «Սի էն թրեյդինգ» ՍՊԸ-ն, հիմնադրվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Ընկերության 100% սեփականատերը Ռուսաստանի քաղաքացի Վիտալի Սուդնիկովն է։ Հատկանշական է, որ այժմ ընկերության գործունեությունը դադարեցված է։ Այդ մասին նշված է Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Չի բացառվում, որ այն բացվել է արծաթ և գուցե նաև այլ ապրանքներ վերաարտահանելու նպատակով։ Եվ հիմա, երբ վերաարտահանումները խիստ կրճատվել են, ընկերությունը դադարեցրել է գործունեությունը։
Թե որ ընկերությունը որքան արծաթ է ներմուծել Հայաստան, ՊԵԿ-ը թվային տվյալներ չի ներկայացնում։ Նշված ընկերությունների եռյակի հերթականությունը ևս խառն է տալիս ՊԵԿ-ը, որ հնարավոր չլինի, օրինակ, հասկանալ՝ ով է ամենախոշոր ներմուծողը։ Տվյալները համարվում են առևտրային գաղտնիք։
Մեր տեղեկություններով՝ «Սի էն թրեյդինգ» ՍՊԸ-ն առևտրի ծավալներով զգալի զիջում է «Դայմնդ ստանդարտ»-ին և «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ին։
Մաքսային ծառայության տվյալներով՝ 2024 թվականին Հայաստան ներմուծված արծաթը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից է։
Նույն տարում Հայաստանից արծաթ է արտահանվել Ռուսաստան, ԱՄԷ, Չինաստան, Հոնկոնգ, Թաիլանդ և շատ փոքր քանակությամբ՝ Իտալիա։
Այս երկրներից ամենաթանկ արծաթն արտահանվել է Ռուսաստան՝ 1 կգ-ը 46.5 հազար դոլարով։ Համեմատության համար՝ մյուս երկրներ արտահանված արծաթի 1 կգ-ի արժեքը չի գերազանցել հազար դոլարը։
Սա կարող է նշանակել, որ Ռուսաստան է արտահանվել վերամշակված կամ կիսամշակ արծաթ։
Մյուս երկրներ արտահանված արծաթը, ամենայն հավանականությամբ, չի մշակվել։
Հատկանշական է, որ արծաթ ներմուծող և արտահանող ընկերությունների առաջին եռյակը տարբեր է։ Եթե 2024-ին ամենամեծ ծավալի արծաթ ներմուծել են «Երևանի ոսկերչական ֆաբրիկա», «Սի էն թրեյդինգ» և «Դայմնդ ստանդարտ» ՍՊԸ-ները, ապա առաջին երեք խոշոր արտահանողներն են՝ «Ալերրո», «Սի էն թրեյդինգ» և «Բագարիո գոլդ» ՍՊԸ-ները։
Ստացվում է, որ միայն «Սի էն թրեյդինգ»-ն է, որը երկու դեպքում էլ առաջին եռյակում է։
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Հայաստանից արծաթ է արտահանել 20 ընկերություն։
Քանի որ մենք չենք տեսնում, թե որ ընկերությունը որքան է ներմուծել և արտահանել, հետևաբար՝ չենք կարող ասել, թե յուրաքանչյուր ընկերություն ներմուծված արծաթի որ մասն է սեփական կարիքների համար որպես հումք ներմուծել, որ մասը՝ արտահանելու։
Ամեն դեպքում, մաքսային տվյալներն ապացուցում են, որ ընդհանուր ներմուծված արծաթի մեծ մասն արտահանվել է։
Մասնավորապես, 2024 թվականին ներմուծվել է մոտ 451 տոննա արծաթ, արտահանվել՝ 423 տոննա։
Խոշոր արտահանողներից «Ալերրո»-ն ներմուծողների ցանկում առհասարակ չկա։ Քանի որ նախորդ տարիներին էլ մեծ ծավալի ներմուծումներ չեն եղել, չի բացառվում որ «Ալերրո»-ն արտահանել է մյուս ներմուծողներից գնված արծաթը։
«Ալերրո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի հուլիսին։ Ընկերությունն ամբողջությամբ պատկանում է Կարեն Վլադիմիրի Պողոսյանին։ Նրա մասնակցությամբ Հայաստանում որևէ այլ ընկերություն ռեգիստրում չհայտնաբերվեց։
«Ալերրո»-ի 2023 և 2024 թվականների աուդիտ անցած հաշվետվությունների մեջ ուշագրավ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ այս ընկերությունն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ին։
Կազմակերպությունը «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ից 2023 և 2024 թվականներին ստացել է փոխառություններ՝ 3.1 և 2.1 մլրդ դրամի չափով։ Փոխառությունները տրամադրվել են ՌԴ ռուբլիով, անտոկոս և մեկ տարի ժամկետով։ 2024-ի վերջի դրությամբ արդեն «Ալերրո»-ն բոլոր պարտքերը մարել է։
Բացի այդ, «Ալերրո»-ն 2023 թվականի օգոստոսին «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի հետ կնքել է անժամկետ գույքի վարձակալության պայմանագիր, համաձայն որի՝ վարձակալել է արտադրական սարքավորումներ։
Նույն հաշվետվության մեջ կարդում ենք, որ «Ալերրո»-ի հիմնական գործունեությունն է թանկարժեք մետաղների ձեռքբերումը, վերամշակումը և իրացումը։
2024 թվականի վերջի դրությամբ ընկերությունն ունի 4 աշխատակից։
Արտահանողների առաջին եռյակում հայտնված «Բագարիո գոլդ»-ը նաև ներմուծողների ցանկում է։ Այն նաև ոսկու առևտրով է զբաղվում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի մարտին։ Գրանցված է Գյումրիում։ Սեփականատերը գյումրեցի Վոլոդյա Բագարյանն է, որին պատկանում են նաև «Բագարիո գրուպ» (100%), «Բագարիո քոմփանի» (50%), «Բի Էյ Վի» (100%) ՍՊԸ-ները: «Բագարիո գրուպ»-ը, որը ևս ոսկի ներմուծողների ցանկում էր, լուծարման գործընթացում է։
Հայաստանի գալիք տարվա պետական բյուջեի ուղերձում փոքր անդրադարձ կա նաև արծաթի արտահանման գործոնին։ Կառավարությունը կանխատեսում է, որ 2025 թվականի տարեկան տվյալներով, 2024-ի համեմատ, Հայաստանից արտահանումը կնվազիշուրջ 43%-ով։
Կանխատեսումներում հաշվի է առնվել վերաարտահանման կտրուկ անկումը, հատկապես ոսկու, արծաթի և պլատինի։
Տես նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել