2026թ. Քաղաքաշինության կոմիտեի ծրագրերի իրագործմանը նախատեսվում է հատկացնել շուրջ 3,1 մլրդ դրամ
2026 թվականի պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել շուրջ 3,1 մլրդ դրամ։ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 28-ի համատեղ նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է, որ հաստատված ֆինանսական միջոցներն ուղղվելու են 4 հիմնական միջոցառումների իրականացմանը։ Այս մասին հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն։
«Մասնավորապես՝ «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում (տեղայնացում)» միջոցառման շրջանակում 268 մլն դրամ նախատեսվում է ուղղել 20 նորմի մշակմանը՝ ներառյալ ԵՄ նորմերի տեղայնացմանը (մոտարկմանը)։ 1,6 մլրդ դրամ ուղղվելու է քաղաքաշինական 2 ծրագրի իրագործմանը՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի և «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի ճեմուղու կառուցմանը։
Քաղաքաշինության կոմիտեի կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով կոմիտեի պահպանման ծախսերի համար 2026 թվականին նախատեսվում է 1,1 մլրդ դրամ։
Չորրորդ ուղղությունը ներառում է Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակման աշխատանքները, որոնց համար 2026 թվականին նախատեսված է 121,4 մլն դրամ:
Թվարկվածներից բացի, Դավիթ Գրիգորյանն անդրադարձել է 2026 թվականի պետական բյուջեի առաջնահերթությունների հավելվածում ընդգրկված ծախսերին՝ տեղեկացնելով, որ «Շենքերի և շինությունների մատչելիություն և անձնագրավորում» միջոցառման շրջանակում նախատեսվում է մշակել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների նախագծանախահաշվային փաստաթղթեր՝ 127 մլն դրամ արժեքով, ինչպես նաև մշակել ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը՝ 144,5 մլն դրամ արժեքով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարում՝ Դավիթ Գրիգորյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել