HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը

Երեւանում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը: Այն համանախագահել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Օլիվեր Շենկը եւ կառույցում ԱԺ պատվիրակության անդամ, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Արման Եղոյանը: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Օրակարգի հաստատումից հետո մասնակիցները հաստատել են հանձնաժողովի՝ 2024 թվականի մարտի 19-ին Բրյուսելում կայացած նիստի արձանագրությունը:

Հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել «Արեւելյան գործընկերության ապագայի եւ ԵՄ ընդլայնման քաղաքականության նոր հեռանկարներ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության անհրաժեշտության վերաբերյալ» զեկույցի նախագծին: Զեկույցի համազեկուցողներն են Եվրոպական խորհրդարանի անդամ Օլիվեր Շենկը եւ Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Կրուլկոն:

Նշենք, որ մինչ փաստաթղթի ընդունումը համահեղինակ Իվան Կրուլկոն հակիրճ ներկայացրել է այն: Զեկույցում փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացվել է 25 առաջարկ, ընդունվել` 24-ը: Ընդունված նախագիծը կներկայացվի Եվրանեսթ ԽՎ-ում՝ որպես բանաձեւի միջնորդություն:

Ողջունելով Հայաստան ժամանած հյուրերին՝ հայկական պատվիրակության անդամ Արթուր Խաչատրյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: «Բոլորը ցանկանում են խաղաղություն, ոչ ոք չի կարող ասել ո՛չ խաղաղությանը, բայց տեւական խաղաղության համար այն պետք է լինի արդարության վրա հիմնված»,- ընդգծել է պատգամավորը եւ հավելել, որ արդարադատությունը պահանջում է, որ բոլոր կողմերի կենսաշահերը պաշտպանված եւ հարգված լինեն, մինչդեռ, ըստ նրա, Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Պատգամավորի խոսքով վեհաժողովը պետք է պահանջի Ադրբեջանից առանց նախապայմանների ու անհապաղ վերադարձնել ադրբեջանական բանտերում պահվող անձանց, ինչպես նաեւ դադարեցնել Ղարաբաղում հայկական մշակութային հուշարձանների ու ժառանգության ավերումը:

Այնուհետեւ Արեւելյան գործընկերության ինդեքսի փորձագետ ու քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հայկուհի Խաչատրյանը ներկայացրել է 2025 թվականի Արեւելյան գործընկերության ինդեքսն ու կարեւորագույն արդյունքները: Զեկուցողի խոսքով վերլուծությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները 6 երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Ուկրաինայում եւ Մոլդովայում:

Մասնակիցները նաեւ անդրադարձել են «Արեւելյան գործընկերության վերաիմաստավորումը. անվտանգության ոլորտում համագործակցությունը եւ դիմադրողականությունը՝ որպես ռազմավարական հենասյուներ» թեմային: Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել եւ դիտարկումներ եղել այն հարցի շուրջ, թե նոր իրողություններին համապատասխան ինչպես կարող է զարգանալ Արեւելյան գործընկերությունը: Ներկայացվել են նաեւ հիբրիդային հարձակումներին ու սպառնալիքներին հակազդելուն ուղղված մեխանիզմները:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի տնօրեն, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական ազգային հարթակի քարտուղարության խորհրդի անդամ Էդգար Խաչատրյանը բարձրաձայնել է քաղհասարակության տեսակետն այն մասին, թե ինչպես կարելի է ամրապնդել անվտանգային համագործակցությունն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում: Զեկուցողի խոսքով Հայաստանում շատ են նույն աղբյուրից բխող հիբրիդային սպառնալիքները, որոնք նպատակ ունեն թերագնահատել ժողովրդավարական եւ եվրոպական արժեքները: «Մեզ անհրաժեշտ է անվտանգային նոր մշակույթ, որը կխրախուսի ժողովրդավարական բարեփոխումները»,- ընդգծել է Էդգար Խաչատրյանը:

Պատվիրակներն անդրադարձել են հանձնաժողովի հաջորդ նիստում քննարկվելիք զեկույցի թեմայի ընտրության հարցին: Որոշում է կայացվել հետաձգել թեմայի վերջնական ընտրության քվեարկությունը՝ նպատակ ունենալով համախմբել ներկայացված առաջարկները մեկ թեմայի շրջանակում:

Նիստի մասնակիցները շնորհակալություն են հայտնել հայկական կողմին՝ ջերմ հյուրընկալության եւ բարձր մակարդակով նիստի աշխատանքները կազմակերպելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter