HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւծովյան տարածաշրջանում էներգետիկ համագործակցության հարցերին է անդրադարձ եղել Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովի նիստում

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնեւիչիենեի եւ Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանի համանախագահությամբ օրակարգի նախագծի եւ հանձնաժողովի 2024 թվականի մարտի 19-ին Բրյուսելում կայացած նիստի արձանագրության հաստատումից հետո խորհրդարանականներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

««Էներգետիկ փոխկապակցվածությունների ամրապնդում Սեւծովյան տարածաշրջանում. պատերազմի, հիբրիդային հարձակումների եւ էներգետիկ անցման մարտահրավերներին դիմակայում» թեմայի շրջանակում քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ էներգետիկ համակարգերը կարեւորագույնն են դիվերսիֆիկացման կանաչ անցման ճանապարհին: Նշվել է, որ ԵՄ-ն ներկայացրել է Սեւծովյան տարածաշրջանի ռազմավարությունը, որը շեշտը դնում է կանաչ էներգետիկ կապերի զարգացման վրա ամբողջ տարածաշրջանում:

Բանախոսներն անդրադարձել են Սեւծովյան տարածաշրջանի էներգետիկ մարտահրավերներին, ԵՄ գործիքների կիրառմամբ արդյունավետ, թափանցիկ ու էներգետիկ շուկաների խթանմանը: Կարեւորելով փոխկապակցված եվրոպական հարեւանությունը՝ ներկայացվել է մի շարք նախագծերի իրականացման ընթացքը: Անդրադարձ է եղել Սեւծովյան մալուխային ծրագրին, արեւային կայանի նախագծին, կանաչ տնտեսության ֆինանսավորման մեխանիզմներին: Կարծիք է հնչել, որ Հայաստանը Սեւծովյան մալուխային ծրագրի մաս չի կազմում, ինչը պետք է շտկվի: Նշվել է, որ էներգետիկ դիվերսիֆիկացիան եւ կայունությունը, վերականգնվող էներգիան, խելացի ցանցերն ու փոխսահմանային կապերը պետք է դառնան տնտեսական զարգացման եւ կանաչ անցման հիմքը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարկոս Ռոս Սեմպերեն համառոտ ներկայացրել է «Փոխկապակցված էներգետիկ համակարգերի մարտահրավերային մոդելը դեպի ավելի կայուն ապագա Արեւելյան գործընկերության երկրներում» թեմայով զեկույցը: Նա տեղեկացրել է, որ 61 փոփոխության առաջարկ է ներկայացվել:

Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Բաբկեն Թունյանը ներկայացրել է 2021-2026 թվականների ՀՀ կառավարության ծրագրով էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումները: Նա առանձնացրել է կարեւոր առաջընթաց. 2021 թվականին արեւային էներգետիկայի բաժինն ընդամենը 2.2 տոկոս էր, Կառավարությունը հավակնոտ՝ մինչեւ 2026 թվականը 15 տոկոսի թիրախ սահմանեց, եւ 2025 թվականի առաջին կեսին ցուցանիշն արդեն 20.6 տոկոս էր: «Այս փուլում Հայաստանը տեղադրել է արեւային վահաններ 1000 մեգավատ հզորությամբ, ինչը նշանակում է, որ մենք անցել ենք մեր առջեւ դրված թիրախը»,- նշել է ՀՀ ԱԺ պատվիրակը: Նշվել է, որ Հայաստանը շարունակում է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը: Արձանագրելով, որ մեր երկիրը կարեւորում է միջազգային համագործակցությունը՝ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել, որտեղ էներգետիկ անվտանգությունը կարեւորագույն հիմնասյուներից է: Նա խոսել է նաեւ միջուկային էներգետիկայի, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության կարեւորության մասին: Ըստ Բաբկեն Թունյանի՝ Հայաստանը դիտարկում է էներգետիկ անվտանգությունը որպես ռազմավարական եւ քաղաքական առաջնահերթություն, այն պահանջում է սերտ տարածաշրջանային համագործակցություն՝ հստակ սահմանված պարտավորություններով:

Զեկույցը քվեարկության արդյունքում ընդունվել է: Այն կներկայացվի լիագումար նստաշրջանում:

Ընտրվել է հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկման թեման, այն է՝ «Խթանել էներգետիկ հոսքերի արդյունավետությունը, ներառյալ վերականգնվող եւ ջրածին շուկաներն արեւելյան գործընկերության շրջանակում՝ հանուն տարածաշրջանի եւ եվրոպական անվտանգության ու բարգավաճման հեռանկարների»»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter