HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովի նիստում քննարկվել են տնտեսական համագործակցության հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի բացումը: Մինչ նստաշրջանի աշխատանքի մեկնարկը՝ նիստեր են գումարել կառույցի հանձնաժողովները: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստը նախագահել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեա Վեխսլերը եւ Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մերի Գալստյանը:

Նիստի օրակարգի ու 2024 թվականի մարտի 19-ին Բրյուսելում նիստի արձանագրության նախագծի հաստատումից հետո հանձնաժողովի անդամները քվեարկությամբ ընդունել են «ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ արդար առեւտրի, համագործակցության եւ ներդրումների խթանում՝ կապի, կանաչ անցման եւ ենթակառուցվածքների զարգացման աջակցությամբ» զեկույցը: Մինչ քվեարկությունը` թեմայի շրջանակում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, զեկույցի հեղինակ Մարիա Կարապետյանը ներկայացրել է համագործակցության մասով անդամ երկրների տեսլականները: Հայ պատգամավորի խոսքով մեր երկիրն աշխատում է իր աշխարհագրական դիրքը տարածաշրջանում հնարավորություն դարձնելու ուղղությամբ: Այս համատեքստում ներկայացվել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ միտված տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: «Մենք շնորհակալ ենք ԵՄ գործընկերությանը, որ օգնում է մեր օրակարգին եւ ճանաչում է, որ խաղաղությունը եւ կապվածությունը կարող են փոխադարձաբար ամրապնդվել»,- նշել է հայկական պատվիրակության ղեկավարն ու հավելել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղություն են հաստատել ու հանձնառու են բացելու տարածաշրջանային ենթակառուցվածքները՝ ճանաչելով միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս առումով Մարիա Կարապետյանը կարեւորել է նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, ինչն իր հերթին կամրապնդի համախմբվածությունը տարածաշրջանում եւ կապը ԵՄ-ի, նաեւ Հարավային Կովկասի միջեւ: Դա առավել կխթանի տնտեսական կապերի զարգացումը:

Արեւելյան հարեւանության եւ Թուրքիայի տարածաշրջանային ռազմավարության ու ներդրումների բաժնի ղեկավար Դիանա Յաբլոնսկան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների Եվրասիայի թիմի տնօրենի տեղակալ Թեա Մելիկաձեն եւ Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը տեսակետներ են հայտնել «Ինտեգրման ճանապարհներ. ինչո՞ւ է տրանսպորտային կապը կարեւոր ԵՄ-Արեւելյան գործընկերության հարաբերությունների համար» թեմայի շրջանակում: Զեկուցողներն անդրադարձել են ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում տրանսպորտային կապի ոլորտում համագործակցության հեռանկարներին, ներդրումների խրախուսման հնարավորություններին, կապի օրակարգի շուրջ անդամ երկրների պատվիրակների համատեղ աշխատանքի կարեւորությանը: Ներկայացվել են տրանսպորտային ծրագրերի առաջխաղացման ուղիները: Քննարկվել են կապի ոլորտում համագործակցության ռազմավարական իրավիճակը, տարածաշրջանային խնդիրները: Այս համատեքստում կարեւորվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը: Անդրադարձ է եղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակին:

Այնուհետեւ հայկական պատվիրակության կողմից ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Այն տարածաշրջանային ավելի սերտ համագործակցության, առեւտրի աճի միջոցով տնտեսական զարգացման եւ երկարատեւ խաղաղության ու Հարավային Կովկասում կայունության հաստատման ենթակառուցվածքային տեսլական է:

Հանձնաժողովի հաջորդ նիստում կքննարկվի «Կապերի կարեւորությունը տնտեսական անվտանգության եւ եվրոպական բարեկեցության համար» թեման»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter