HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի քաղաքապետարանը խախտում է ՏԱ մասին ՀՀ օրենքը

Նախընտրական շրջանում Վանաձորի քաղաքապետարանն արհեստական խնդիրներ է ստեղծում տեղեկատվություն տրամադրելու առումով: Քաղաքապետարանի աշխատակիցները հրաժարվում են հարցազրույցներից և նույնիսկ իրենց գրավոր պատասխանները չեն պարզաբանում՝ այսկերպ նաև ժամանակ ձգելով, որպեսզի համայնքային խնդիրների վերաբերյալ հնարավորինս քիչ հրապարակումներ լինեն մամուլում: Արդյունքում՝  նույնիսկ 1 ամսում հնարավոր չէ որևէ հարցի վերաբերյալ լիարժեք պաշտոնական տեղեկատվություն ստանալ:

«Հետքը», օրինակ, ուսումնասիրում է Վանաձորի թիվ 3 հանրակացարանային շենքի սեփականության իրավունքի խնդիրը և արդեն որոշակի պաշտոնական տեղեկատվության տիրապետում է: Դրա վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել նաև Վանաձորի քաղաքապետարան: Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնից ստացվել է գրավոր պատասխան, որը նոր հակասություն է ի հայտ բերում արդեն ունեցած տեղեկատվության հետ: Ավելին, պարզվում է, որ այն հավաստի չէ: Ուստի, պարզաբանման համար բանավոր հարցազրույցի խնդրանքով դիմեցինք համապատասխան բաժին: Հայտնեցին, որ պետն արձակուրդում է և փոխարինող չունի: Փորձեցինք ճշտել՝ ով է իրավասու պատասխանելու մեր հարցերին:

Օգոստոսի 18-ին աշխատանքային ժամի՝ 16:00-ի դրությամբ քաղաքապետարանի բաժինների մեծ մասի համար աշխատանքն ավարտված էր: Աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանին ուղղեցինք մեր հարցադրումը, ասաց, որ արձակուրդում է եւ հորդորեց բոլոր հարցերն ուղղել գրավոր:

««Տեղեկատվության ազատության մասին» օրենքը վերցրեք, ուշադիր կարդացեք»,- ասաց Սիմոնյանը: Պատասխանեցի, որ ուշադիր կարդացել եմ:

«Լավ չեք տեղյակ, ես քեզ հետո կասեմ՝ ինչի չես տեղյակ... Հիմա չեմ ասում, ես հո դասատու չեմ, ստեղ նստեմ դաս սովորացնեմ,- շարունակեց աշխատակազմի ղեկավարը եւ պահանջեց ազատել իր աշխատասենյակը:- Իմ սահմանադրական իրավունքը մի ոտնահարիր. օգոստոսի 14-ից արձակուրդի մեջ եմ»: Նա միայն նշեց, որ իրեն փոխարինում է քարտուղարության բաժնի պետ Հրահատ Նազարյանը:

««Տեղեկատվության ազատության մասին» օրենքը վերցրու, ուշադիր կարդա և հետո քո հարցերն ուղղիր ում որ պետքն է: Դուք դպրոց ավարտե՞լ եք, էդ բավարար չի, էդ օրենքը կարդալու ու մարսելու համար մի քիչ ավելի բարձր կրթություն է պետք: Գրած է, թե ինչ կարգի բանավոր հարցեր կարելի է ուղղել, որ հարցերը անպայման պետք է գրավոր ուղղվի, բանավոր հարցերը ինչպիսին պետք է լինի, և բանավոր հարցի պատասխանը ինչ կարող է լինել՝ այո կամ ոչ»,- ավելացրեց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը՝ այդպես էլ օրենքից ոչ մի դրույթ չմատնանշելով:

Քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանի աշխատասենյակ մտնելիս Գագիկ Սիմոնյանը «ուղեկցում» էր, իսկ դռան մոտ նախազգուշացնող տոնով ասաց. «Բոլոր հարցերին պատասխանել եմ բանավոր, մնացած հարցերը՝ գրավոր»: Նաև հիշեցրեց, որ իր խոսքերն «ա»-ով գրվեն. «Ոնց որ միշտ գրել ես»,- ասաց Գ. Սիմոնյանը: Վերջինս այդպես էլ չի մոռանում «Հետքի» հրապարակումներից մեկը՝ «Նելլին քաղաքապետարանից դուրս եկավ բարձր ձայնով լացելով», որտեղ բառացի մեջբերել էինք նրա՝ որպես պաշտոնյայի արհամարհական, վիրավորական խոսքը հիվանդ, անօգնական, միայնակ մոր հասցեին:

Քաղաքապետի տեղակալի աշխատասենյակում գտնվող ֆինանսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանն էլ իր հերթին փորձեց բացատրել օրենքը. «Բանավոր հարցումները, եթե չեն վերաբերում տարերային աղետներին, բանին, եթե մարդու կյանքը չի կախված դրանից, աշխատանքի ժամին չեն պատասխանվում, այլ պարզապես ասվում են՝ գրավոր ներկայացրեք, որ ստանաք, որպեսզի չխանգարի մեր աշխատանքային պրոցեսին»: Հարցին՝ լրագրողը բանավոր հարցազրույցի իրավունք չունի՞, պատասխանեց. «Բանավոր հարցազրույցը չգիտեմ ինչի մասին եք ասում, ես ասում եմ հարցումների մասին»:

«Ինքն էլ կուզենա կտա, կուզենա չի տա: Իրան ոչ ոք չի փոխարինելու, ինքը հանգստանում ա, ամեն մարդ անում ա իրա գործը: Կսպասեք արձակուրդից կգա, կդիմեք»,- ասաց Սարդարյանը՝ գրավոր պատասխան ուղարկած բաժնի պետի մասին:

«Խորհուրդ կտամ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը մինչև վերջ նայեք ու կապեք իրար,- ասաց Սուքիասյանն ու ավելացրեց,- հարցազրույց տալու համար պետք է քարտուղարի հետ ձեր խնդիրները ճշտեք»:

Խնդրեցինք այդ դեպքում տրամադրել նշված՝ քաղաքապետարանի կողմից հաստատված կարգը. «Հիմի ինչ ասենք, պետք ա ասեք՝ ցույց տվեք, ասեցի՝ աշխատակազմի ղեկավարի մոտ ա»:

«Մարդը բացատրում ա, ասում եք՝ ցույց տվեք»,- ավելացրեց Սուքիասյանը: Նկատեցինք, որ ինչպես իրենք են հարցումները միայն գրավոր տարբերակով վերցնում, նույն ձևով մենք էլ միայն գրավոր հիմքերին ենք վստահում: «Գնացեք աշխատակազմի ղեկավարի մոտ»,- շարունակեց Սարդարյանը: Հիշեցրինք, սակայն, որ նա արձակուրդում է: «Դե կգա, կգնաք,- ասաց ու այլևս չզսպեց իրեն,-լրագրող կա՝ ուզում ես դուռը բացի, ներս մտնի: Դուք Ձեր պահվածքով մարդկանց ափերից հանում եք: Օրինակ՝ ես ձեզնից հրաժարվում եմ»:

Քարտուղարության բաժնի պետ Հրահատ Նազարյանն ավելի անկեղծ էր իր գործընկեր պաշտոնյաների համեմատությամբ. «Դիմեք գրավոր: Էս վիճակով ես վատ եմ զգում ինձ»: Հարցրի՝ միայն դա՞ է պատճառը, ասաց՝ այո: Շարունակեցի՝ հաջորդ աշխատանքային օրն է՞լ եք վատ զգալու Ձեզ, պատասխանեց. «Կարող ա էլի վատ զգամ: Դուք լրագրող չեք: Մի հատ լավ բան չեք տեսնո՞ւմ: Եթե լրագրի էջերում բացի հայհոյանքից ուրիշ բան չեմ կարդում, ես դա լրագիր չեմ համարում: Կարո՞ղ ես մատնացույց անել մի հատ դրական հոդված»:

Նույն օրը «Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ ինչ պատճառով են հրաժարվում տեղեկատվություն տրամադրել: Ստացվել է պատասխան, որ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի՝  տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցմանը, եթե տվյալ պահին դա խոչընդոտում է տեղեկատվություն տնօրինողի հիմնական պարտականությունների կատարմանը:

Նկատենք, սակայն, որ նշված օրը քաղաքապետարանի աշխատակիցները զբաղված չէին իրենց հիմնական պարտականությունների կատարմամբ: Եվ դա ոչ թե արձակուրդում գտնվելու պատճառով  (ի դեպ, խնդրեցինք ծանոթացնել արձակուրդում գտնվողների ցանկին, բայց այս խնդրանքն էլ մերժվեց), այլ որ, ինչպես պարզվեց, «ազատված էին աշխատանքից» ընտրությունների կապակցությամբ:

Հարցին՝ ինչպե՞ս թե ընտրություն է, և մարդիկ ազատված են աշխատանքից, քարտուղարության բաժնի աշխատակցուհի Գոհար Խաչատրյանը պատասխանեց. «Շատ ժամանակ, ընտրության ժամանակ ազատվում են, ասենք՝ հանձնաժողովներ, ընտրությունից առաջ, բնականաբար, էդ օրերին ազատվում են: Էսօր հանձնաժողովի նիստ ա, գնացել են: Ամբողջ աշխատակազմը չի: Բացեք դռները, ով աշխատանքի ա, աշխատանքի: Ես էլ եմ հանձնաժողովում եղել, ես եկա»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հանձնաժողով է, Նազարյանը սաստեց. «Ձեզ ինչ՝ ինչ հանձնաժողով ա, իյա՜»:

Տիկին Գոհարը գրավոր հարցումն էլ ամեն կերպ փորձում էր հետ վերադարձնել: «Եթե էս օրով մուտքը լինում ա, եթե էս օրով գրանցվում ա, չէ, էս մեկ, վաղը երկու, ընդեղ մնում ա՝ ի՞նչ, մինչև բաժին հասնի, մինչև մակագրվի, էդ մի օրն էլ անցավ, թող երկուշաբթի օրվանով լինի, 5 օր մարդիկ աշխատեն: Չե՞ք գտնում, որ տենց ավելի ճիշտ ա: 2 օրն անիմաստ գնում ա»,- ասում էր և փորձում համոզել, որ գրավոր հարցումը երկուշաբթի օրը հանձնեմ:

Արդեն մեկ ամիս է՝ այս խնդիրն առկա է. եթե գրավոր հարցումը աշխատանքային օրվա երկրորդ կեսին է տրվում, վերադարձնում են և պահանջում հաջորդ օրը տանել՝ նախընտրական շրջանում ժամանակ ձգելով և նույնիսկ 1 օր տեղեկատվության ուշացումը կարևոր համարելով: Գրավոր հարցումներին էլ պատասխանում են ոչ օրենքով սահմանված ժամկետներում: Օրինակ՝ «Հետքի» օգոստոսի 15-ի 4 գրավոր հարցմանը դեռ պատասխան չի տրվել:

Մեջբերենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից մի քանի դրույթ. «...բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում, «Բանավոր հարցմանը պատասխան տրվում է, եթե անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը», «Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձը կարող է լինել տեղեկատվություն տնօրինողի նշանակած պաշտոնատար անձը կամ տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը», «Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողի պարտականությունների իրականացումը, տեղեկատվություն փնտրողին մատչելի ձևով բացատրում է տեղեկության տրամադրման կարգը, պայմանները և ձևերը»: Եվ ամենակարևորը՝ տեղեկատվություն տնօրինողը տեղեկության տրամադրումը չի կարող մերժել, եթե դա ներկայացնում է ՀՀ տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը:

Լուսանկարում Գագիկ Սիմոնյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter