
«Ագռավ պահի, որ աչքդ հանի». կամ ո՞վ է իրականում ընտրելու Կապանի քաղաքապետին
Հայաստանի ռադիացիայի մայրաքաղաքը Սյունիքի մարզի Քաջարան քաղաքն է: Իսկ պոչամբարների հայրաքաղաքը՝ Կապանը: Եվ ահա այս հանքերի, հանքային թափոնների ու պոչամբարների վրա ցերեկը ագռավներ են պտտվում, իսկ գիշերը՝ ուրվականներ: Ի՞նչ են ման գալիս:
Բայց թույլ տվեք, առանց այս հարցին ուղղակի պատասխանելու, քննարկել մի բան, որն ինձ զարմացրեց, զայրացրեց և տխրեցրեց: Հանքային կլանի կողմից «չհսկվող» Կապանի «Խուստուփ TV»-ն 20.08.2012 թ.-ի իր հիմնական թողարկման ժամանակ հարցազրույց է վարել Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Քաջարանում գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ, որը հարավային Սյունիքից «ընտրված» ՀՀԿ-ական օլիգարխ ԱԺ պատգամավոր քաջարանցի Վահե Հակոբյանի հայրն է:
Նախ, որոշ կրճատումներով, բառացի բերեմ Սյունիքի այս երկու «փրկիչների» ասածը.
Մարզպետ Սուրեն Խաչատրյան. « Ես պաշտպանելու եմ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին: Եվ իր թեկնածությունն այնքան էր ընդունելի, որ Քաջարանի կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի համար էլ դա ընդունելի դարձավ ու երկուսով միասին պաշտպանելու ենք Աշոտ Հայրապետյանին: Այս միասնական գործունեության արդյունքում շահելու ա Կապանը և Սյունիքը: ...Ես համոզված եմ, որ մենք մինչև աշուն Կապանում բավականին մեծաքանակ բարեկարգման աշխատանքներ ենք անելու: ...Մեկ տարի հետո մենք ունենալու ենք լրիվ ուրիշ Կապան: Ես առաջիկայում Մաքսիմ Հակոբյանի հետ այցելելու եմ բոլոր թաղամասերը, որոնք բարեկարգման կարիք են զգում... Այս ընտրությունները մեզ համար շատ կարևոր ա...»:
ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյան. «Իմ դիրքորոշումը հստակ է և այն ձևավորվել է ԱԺ-ի ընտրությունների ժամանակ: Դուք լավ գիտեք, որ Արտուր Աթայանին (Կապանի ներկա դաշնակ քաղաքապետը-հեղ.) նախորդ ընտրության ժամանակ աջակցել եմ: Այսօր իշխող կուսակցությունը դա ՀՀԿ-ն է:...Դրա համար ես գտնում եմ, որ պետք է աջակցենք ՀՀԿ-ին: Կրկնում եմ, ես տեսա, որ ԱԺ-ի ընտրությունների ժամանակ խնդիրներ ենք ունենում: Դրա համար մենք պիտի ընտրենք իշխող կուսակցության անդամին»:
Հիմա գալիս է ամենակարևոր հարցը. եթե Հայաստանը պետություն ու պետականություն ունեցող երկիր է, այդ ի՞նչ խնդիրներ պիտի ունենա մասնավոր մի ձեռնարկության տնօրեն ընտրությունների հետ: Կամ Սյունիքի ապրելու միջավարը մեկնդմիշտ կործանող ու 60%-ով գերմանացու պատկանող մի մասնավոր ձեռնարկություն ի՞նչու և ինչպե՞ս է այսքան ներքաշված պետական/տեղական ընտրություններում: Ի՞նչ նպատակով:
Որպեսզի Քաջարանց և նմանատիպ գյուղերը որպես «պետական գերակա շահ» նվիրվեն իրե՞նց: Թ՞ե Արտուր Աթայանին «պատժում» են, քանի որ ուրանի դեմ պայքարի ժամանակ հանդգնեց բերանը բացել ուրանի դեմ ու իրենց պետք է ավելի հնազանդ մարդ, որ Լեռնաձորյան ուրանի հանքի բացումը նորից մեյդան բերեն: Կամ ի՞նչու մարզպետն ու ասպետը ընտրություններից 3-4 շաբաթ առաջ միայն որոշեցին թաղամասեր այցելել: Կամ մի՞թե «բարեգործությունն» այդքան ցուցադրական ու ամեն առիթով շեշտվող է լինում:
Կամ մի՞թե սա քաղաքական շանտաժ է, որ եթե չընտրվի ՀՀԿ թեկնածուն, ապա Կապանում բան չեն վերանորոգի:
Կամ մի՞թե Կապանն էլ պիտի նմանեցնեն «քաջերի» քաղաք Քաջարանին, որտեղ քաղաքապետի թեկնածու մնաց միայն մի մարդ՝ ՀՀԿ-ական թեկնածուն (ինչ «անակնկալ»):
Կամ մի՞թե ժամանակը չէ, որ «Խուստուփ TV» -ն վերջ տա իր «ձրի» ՀՀԿ-ական ու հանքային պրոպագանդային ու գոնե մի քիչ սկսի զբաղվել նորմալ ժուռնալիստիկայով, ու interview-ների ժամանակ սկսի համարձակվել հարցեր տալ/բերանը բացել: Մի՞թե ընտրությունից մի քանի օր առաջ որոշ թեկնածուներին (վճարովի) հավասար մի քանի րոպե տրամադրելով է որոշվում արդար ու անկախ TV լինելը: Իսկ դրանից առաջ կատարված ողջ պրոպագանդա՞ն:
Հարավային Սյունիքի հանքերի, հանքային թափոնների ու պոչամբարների վրա ցերեկը Դավիթբեկյան Ուխտերի «արծիվները» և Հայոց «արծիվներն» են պտտվում, իսկ գիշերը՝ քաղցկեղից մահացածների ուրվականները:
Իմ մանկության տունը Կապանում այլևս չկա. մնաց հանքերի տակ: Հուսով եմ Կապանն էլ նույն ճակատագրին չի արժանանա:
Ես անկուսակցական եմ ու դաշնակցության այդքան էլ ջատագով չեմ, բայց բոլոր կապանցիներին կոչ եմ անում ընտրել Արթուր Աթայանին՝ որպես Կապանի քաղաքապետ, որպեսզի կլանը ճանաչի իր տեղը ու չգրավի Կապան քաղաքն էլ:
Վարազ Սյունի
23.08.2012թ.
Ամստերդամ
Մեկնաբանություններ (25)
Մեկնաբանել