HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները»․ ՀԾԿՀ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից ընկերության սակագնային մարժայի վերանայման առաջարկի վերաբերյալ պարզաբանում է հրապարակել։

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 06.06.2025թ. առաջարկել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 6 ամսվա կտրվածքով՝ 2025 թվականի օգոստոսի 1- ից, վերանայել ՀԷՑ-ի սակագների հաշվարկը։

Մասնավորապես, մի կողմից առաջարկվել էր նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6-ամսյա ժամանակահատվածում ձևավորված շուրջ 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ հաշվարկներում ավելացնել նախորդ 6 ամսում իրականացված ներդրումների ծավալները` շուրջ 12 մլրդ դրամ։

Այսպիսով, ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։ Դա է վկայում ինչպես վերը նշված՝ մեկ գործոնով պայմանավորված սակագնի նվազեցման և մեկ այլ գործոնով պայմանավորված ավելացման առաջարկը, այնպես էլ ՀԷՑ-ի գրությամբ նշված պատճառաբանությունը՝ ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։

Տեղեկացնում ենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը սովորաբար իրականացվում է տարեկան կտրվածքով, քանի որ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման կանխատեսվող հաշվեկշիռը կազմվում է տարեկան կտրվածքով և ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների լիարժեք գնահատումը հնարավոր է լինում իրականացնել տարեկան արդյունքներով։

Ընդ որում, եթե միայն էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6 ամսում ձևավորված հիշյալ 3․6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը սակագների վրա ուներ շուրջ 0.5 դրամ/կՎտժ նվազեցնող ազդեցություն, ապա ՀԷՑ-ի կողմից առաջարկված 12 մլրդ դրամ ներդրումների նախատեսման դեպքում 2 գործոնի հանրագումարային նվազեցնող ազդեցությունը կկազմեր ընդամենը շուրջ 0.2 դրամ/կՎտժ։

Արդյունքում, միայն էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման գործոնով, սակագնային տարին չլրացած, սակագների 2025 թվականի օգոստոսի 1-ից վերանայումը կլիներ սակագների չհիմնավորված նվազեցում, ընդամենը 0․ 2 դրամով, իսկ դրանից 6 ամիս հետո կառաջացներ էական ռիսկ սակագների կրկին բարձրացման։

Ի պատասխան ՀԷՑ-ի վերը նշված առաջարկին ՀԾԿՀ-ն համապատասխան գրությամբ հայտնել էր, որ էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղումը սակագների վրա ազդող գործոններից միայն մեկն է և այն էլ 6 ամսյա ժամանակահատվածի համար, որը տարեկան արդյունքներով կարող էր էականորեն փոխվել։

Բացի այդ, սակագների վրա ազդում են նաև այլ գործոններ, որոնց ամբողջական գնահատականը լինում է տարվա ավարտին, ինչը սակագների վրա կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն։

Հետևաբար, նպատակ ունենալով էլեկտրաէներգետիկական համակարգում ապահովել կայուն սակագնային քաղաքականություն՝ ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին՝ համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter