HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բյուրեղավանի ղեկավարը լրատվամիջոցներից է տեղեկացել իր լիազորությունների կասեցման մասին

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը հայտարարություն է տարածել, որ իր պաշտոնավարման կասեցման վերաբերյալ քննիչի որոշման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։ 

«Այդ մասին որևէ կերպ իրազեկված չեմ եղել, մինչդեռ, նման պայմաններում կարող էր առաջանալ մի վիճակ, որ համայնքի ղեկավարը լիազորությունները կասեցված վիճակում կայացներ համայնքային նշանակության որոշումներ։

Այսպիսով, վարույթն իրականացնող մարմինն անտեսել է ոչ միայն իմ, այլև համայնքի հազարավոր բնակիչների շահերը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է համայնքի ղեկավարը։

Ըստ նրա՝ երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրաբար,  հարցաքննվել են հարյուրավոր քաղաքացիներ, իրեն առաջադրվել է ակնհայտ անհիմն մեղադրանք, որը չի ընդունել։

«Դատարանը կորոշի՝ մեղավո՞ր եմ, թե ոչ։ Մեր համայնքում բոլորը գիտեն` ով ով է` իր ապրածով և արած գործերով։ Մի քանի չկողմնորոշված, անդեմ անձինք ամեն ինչ անում են մեր միասնությունը և քաղաքի անդորրը խանգարելու համար։ Իրենք չեն հաջողելու։ Հետագայում կներկայացնեմ մանրամասներ` կոնկրետ անուններով»,-հայտարարել է համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեն 2025թ. հոկտեմբերի 29-ին հայտնել էր, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս): 

Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Կոմիտեից նաև հայտնել էին, որ համայնքապետի նկատմամբ խափանման միջոց են ընտրվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։

Լուսանկարը՝ Վիքիպեդիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter