HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզի փոքր դպրոցները միավորվում են

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրը մինչև երկրաշարժն ունեցել է երկհարկանի տիպային դպրոց: Երկրաշարժից հետո շենքը չի շահագործվել: Աղետից հետո ուկրաինացի շինարարները բնակելի տներ են կառուցել գյուղում, և դրանցից երեքը հետագայում առանձնացվել է դպրոցի համար: Համայնքի նախկին ղեկավար Աղունիկ Հազրյանը նոր դպրոց ունենալու հարցը մշտապես բարձրացրել է, տարբեր ժամանակներում դպրոցաշինությունն ընդգրկվել է պետական ծրագրերում և նույն հաջողությամբ էլ դուրս մնացել ֆինանսավորումից:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ղեկավարման ժամանակ պայմանավորվածություն է եղել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության եւ Կառավարության միջեւ, որ նոր դպրոցի հիմքերը կկառուցի առաջին կողմը, կշարունակի պետությունը: Սակայն, այս հարցում էլ են արեգնադեմցիները հուսախաբ եղել, ու նախկին համայնքապետարանի հարեւանությամբ հիշյալ ծրագրից մնացել են հիշատակ փորված հիմքերի վրա վեր խոյացած ամրանները: 

Նշված տարածքում այս տարվա հունվարին շահագործման հանձնվեց Կառավարության ֆինանսավորմամբ կառուցված մոդուլային նոր դպրոցը՝ 739 մլն դրամ արժեքով: Դասապրոցեսն արեգնադեմցի 54 աշակերտի համար սկսվել է այս տարվա փետրվարից: Դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար: Հաջորդ տարի Արեգնադեմի միջնակարգ դպրոց են հաճախելու նաև հարևան Գտաշենի և Ջրաձորի դպրոցականները:

Շիրակի մարզպետի աշխատակազմը, ուսումնասիրելով մարզի փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող դպրոցները, որոշել էր վերջիններիս միավորման նախագիծ ներկայացնել, ըստ որի՝ ամբողջ մարզում միավորվելու են 48 դպրոց: Այդ նպատակով, տարբեր համայնքներում, ընդհանուր կառուցվում է 12 նոր դպրոց՝ մոտ 20 մլրդ դրամ գումարի շրջանակում: Արեգնադեմի նորակառույց դպրոց, ըստ ծրագրի նախնական տարբերակի, պիտի հաճախեին նաև Հողմիկ գյուղի երեխաները, սա այն դեպքում, որ գյուղն առավել մոտ է Ամասիա բնակավայրին: Որոշման հետ կապված Հողմիկի բնակիչներն իրենց անհամաձայնությունն էին հայտնել: Մատնացույց արված ճանապարհը, որ կապում է Հողմիկը Ջրաձորին, և որի առկայությունն էլ դրվել է առաջարկի հիմքում, անբարեկարգ է և ավելի շուտ հիշեցնում է հողային, դաշտամիջյան ճանապարհ, իսկ ձմռան ամիսներին երկարաժամկետ դառնում է անգործածելի:

«Ես մարզպետարանում ընդունել եմ Հողմիկի բնակիչներին, խոսել ենք և եկել համաձայնության, որ հողմիկցի երեխաները կգնան Ամասիայի նորակառույց դպրոց, որը դեռ կառուցման փուլում է,- ասում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը,- իհարկե, եթե Հողմիկից որևէ մեկն ուզի իր երեխային բերել Արեգնադեմի դպրոց, որևէ արգելք չկա, իրենց ազատ կամքն է, ուղղակի բնակիչները հանդիպման ժամանակ նշեցին, որ ճանապարհի երկարության առումով իրենց ավելի հարմար է հասնել Ամասիա: Բացի դրանից, այն ճանապարհը, որ նկատի էինք ունեցել առաջարկի սկզբնական տարբերակում, պարզվեց, որ Կապսի ջրամբարի կառուցման ժամանակ մնալու է ջրի տակ, սա էլ իր հերթին նպաստեց որոշման փոփոխությանը»:

Եվ այսպես, Հողմիկի միջնակարգ դպրոցում սովորող 28 աշակերտ կհաճախեն Ամասիայի նորակառույց դպրոց, իսկ Ջրաձորից 25 և Գտաշենից 14 աշակերտ կտեղափոխվեն Արեգնադեմի նորակառույց դպրոց: Ի՞նչ ճակատագիր է սպասվում բնակավայրերի դատարկվող շինություններին: Ջրաձորի դպրոցի շենքը միհարկանի է, տիպային, նախագծային հզորությունը՝ 100 սովորող, Գտաշենի դպրոցը երկհարկանի է, նախագծային հզորությունը՝ 200 սովորողի համար: Այս և մարզի այլ բնակավայրերում միավորման արդյունքում դատարկվող շինությունների հետագա ճակատագիրն այս պահին անհայտ է:

«Շենքերը մնալու են Պետգույքի հաշվեկշռում, թե ինչ կորոշվի, ինչ նպատակով կօգտագործվի, չեմ կարող ասել,- նկատում է Դավիթ Առուշանյանը,- ամեն դեպքում, մենք ծնողներին չենք պարտադրում իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց, տարբերակ ենք առաջարկում, եթե կուզենան, որ մնան հին դպրոցներում, շարունակեն սովորել, իրենց կամքն է: Ի միջի այլոց, այս ծրագրով մենք նախատեսում ենք ասֆալտապատել միավորվող դպրոցների գյուղերից նորակառույց դպրոցներ բերող ճանապարհները: Եթե խոսում ենք Արեգնադեմի դպրոցից, ապա մենք նորոգելու ենք Արեգնադեմ-Գտաշեն, Արեգնադեմ-Ջրաձոր ճանապարհները մինչև դպրոց: Եթե խոսում ենք Ամասիայի դպրոցի մասին, ապա նորոգվելու են Հողմիկ-Ամասիա, Հովտուն-Բանդիվան-Ամասիա ավտոճանապարհները»:

Մարզպետի փոխանցմամբ, նորակառույց դպրոց տեղափոխվող ամեն երեխա օրական ստանալու է 2000 դրամ ճանապարհածախս: Թե դա որքան ժամանակ է տևելու, Դավիթ Առուշանյանը չպարզաբանեց: Մի կողմից մարզպետն ասում է, որ չկա պարտադրանք երեխաներին տեղափոխելու, մյուս կողմից էլ պարզ է, որ ճանապարհածախսով խրախուսումն էլ լինելու է ծրագրի անխոչընդոտ իրականացման գրավականը:

«Տեսեք, ախր մյուս կողմից էլ ճիշտ չէ, երբ դպրոցում սովորում է 10 աշակերտ ու մենք պահում ենք 24 հոգանոց աշխատակազմ: Բացի դրանից պետք է մտածենք նաև երեխաների հոգեբանության մասին: Այս տարի մենք ներկա եղանք մի դպրոցի վերջին զանգին, որտեղ մեկ աշակերտ էր ավարտում: Բոլոր դասարանների երեխաները հավաքվել էին, որ ճանապարհեին իրենց դպրոցի ավարտական դասարանի միակ աշակերտին: Սա նաև հոգեբանություն է, կրթության որակ է, հետագայում առավել մեծ կոլեկտիվներում հարմարվելու բարդություններ են, որ փորձում ենք լուծել դպրոցները միավորելով»: 

Նորակառույց դպրոցների առավելությունը նաև ներքին կահավորումն ու լաբորատոր պարագաներով, համակարգիչներով հագեցած դասասենյակներն են, ինչպես նաև սպորտդահլիճների առկայությունը, որ շատ դպրոցներում բացակայում է: Այս պահին դեռ չեն խոսում միավորվող դպրոցների մանկավարժների գործազուրկ դառնալու մասին, և արդյոք հնարավոր է լինելու բոլորին ապահովել աշխատանքով՝ մարզի կրթական այլ հաստատություններում տեղավորելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter