«Իշխանությունները շահագրգռված են մեկուսացնելու Վ. Գալստանյանին և նրա հետ ակցիաներ իրականացնողներին». պաշտպան
Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հոկտեմբերի 9-ին կայացած «Սրբազան պայքար»-ի գործով դատական նիստին միջնորդել էր բոլոր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Միջնորդությունը քննվեց այսօր՝ հոկտեմբերի 30-ի նիստում։
Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը, միանալով միջնորդությանը, ասաց, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված են մեկուսացնելու Վազգեն Գալստանյանին և նրա հետ քաղաքական խաղաղ ակցիաներ իրականացնողներին։
«Այս քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ 2024թ. ապրիլին Տավուշի Կիրանց գյուղում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացներին ի պատասխան, երբ ՀՀ վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ նշվել են որպես ադրբեջանական տարածքներ և հանձնվել Ադրբեջանին, Տավուշի թեմի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը նախաձեռնել և գլխավորել է խաղաղ բողոքի ցույցերի շարք, որոնք հետագայում հայտնի են դարձել որպես «Սրբազան պայքար»։
2024թ. ապրիլ-հունիս ամիսներին խաղաղ բողոքի ցույցերն ուղեկցվել են անօրինական ձերբակալություններով և ոստիկանական բռնությամբ»,- նշեց Սողոյանը։
Այդ բռնություններն, ըստ պաշտպանի, դատապարտվել են մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնք հետագայում բացասաբար են ազդել Հայաստանի ժողովրդավարության մակարդակի ցուցանիշների վրա։ Եվ նման իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ իշխանությունները շահագրգռված են մեկուսացնելու Վազգեն Գալստանյանի և նրա հետ քաղաքական խաղաղ ակցիաներ իրականացնող անձանց, այդ թվում՝ իր պաշտպանյալ Լիդյա Մանթաշյանին։
«Քրեական գործն ամողջությամբ, նախաձեռնման պահից ունեցել է «Սրբազան պայքար» շարժման ակտիվ մասնակիցներին քաղաքական պրոցեսներից մեկուսացնելու նպատակ»,- հայտնեց պաշտպանը։ Նա, որպես օրինակ, բերեց հրապարակված և կոնտեքստից կտրված ձայնագրությունները, և նշեց՝ առ այսօր իրավապահները դրանց վերաբերյալ որևէ վարույթ չեն նախաձեռնել։
«Պաշտպանության կողմն արձանագրում է, որ սույն գործով մեղադրյալների, այդ թվում՝ վստահորդիս իրավունքների սահմանափակումն առհասարակ ապօրինի է և ունի այլ թաքնված նպատակ։ Քրեական հետապնդումը ենթակա է կարճման»,- ասաց Տաթևիկ Սողոյանը։
Պաշտպաններն իրավական դիրքորոշում ունեն՝ քրեական վարույթն ունի քաղաքական նպատակ
Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, որն անձամբ էր ներկայացրել բոլոր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու միջնորդությունը, ասաց՝ հստակ իրավական դիրքորոշում է, որ քրեական վարույթն ունի քաղաքական նպատակ։
«Գործը դատարան է բերվել կեղծված ապացույցների հիման վրա, քաղաքական ակնհայտ և խիստ ինտենսիվ միջամտությամբ, և որևէ պարագայում էս գործով որևէ դատական ակտ, բացառությամբ՝ այս պահին Ձեր կողմից հետապնդումը անհապաղ դադարեցնելու որոշման կայացումը, ընդհուպ՝ արդարացաման դատական ակտը, չի լինելու օրինական»,- ասաց նա։
Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց՝ դատարանը չի կարող որևէ եզրահանգման գալ, եթե ապացույցները չեն հետազոտվել։
Բագրատ Սրբազանն էլ կարծիք հայտնեց, որ առնվազն 2 ամիս է՝ այս գործով հրապարակային հայտարարություն է եղել առ այն, որ գործում առնվազն գոյություն ունի նենգափոխում՝ իրադրությունների, դեպքերի, խոսքերի։
Սրբազանի խոսքով՝ այս արձանագրումներին բացարձակապես որևէ իրավական հետաքրքրություն տեղի չի ունեցել 2 ամսից ավելի, փաստացի հանցագործության մասին հաղորդում է տրվել։
«ՀՀ գործող Գլխավոր դատախազն ու Քննչական կոմիտեի նախագահը ստախոս են»,- ասաց նա։
Հաջորդիվ դատարանը դռնփակ ռեժիմով քննեց Աղվան Արշակյանի առողջական վիճակին վերաբերող միջնորդությունը։ Ավելի ուշ, նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ Աղվան Արշակյանի տնային կալանքը վերացվեց։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել