 
			Քննարկում՝ քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով
Քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ:
«Վարչապետի հանձնարարությամբ հավաքվել ենք քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես՝ մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման խնդիրները քննարկելու համար:
Մեր այս խմբի հիմնական նպատակը լինելու է հրատապ՝ կոնկրետ լուծումների քննարկումը: Շեշտը պետք է դրվի հանրային տրանսպորտի էլ ավելի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա: Այն, ինչը կարող ենք քննարկել և իրականացնել կարճ ժամկետում, իհարկե, հեռանկարում ունենալով նաև մեր միջնաժամկետ ռազմավարական ծրագրերը՝ «Աջափնյակ» և «Սուրմալու» մետրոյի կայարանների կառուցումը»,- նշել է քաղաքապետը:
Քննարկման ընթացքում ներկայացվել են այն խնդիրները, որոնք խցանումների հիմնական պատճառ են դառնում: Կարևորվել է անհրաժեշտ տվյալների գրանցումը, որոնք հիմքում պետք է լինեն ոչ թե կարծիքները, այլ երթևեկության հոսքերի ճշգրիտ վերլուծությունը:
«Ակնկալում եմ ձեզանից կոշտ, պրոֆեսիոնալ և համարձակ լուծումներ՝ հիմնվելով այն սկզբունքի վրա, որ մենք չենք փորձելու բավարարել բոլորին ու որ պետք է գործենք հանուն քաղաքի ընդհանուր շահի։
Երևանը պետք է դառնա ժամանակակից քաղաք, որտեղ շարժունակությունը բարձր որակի և կյանքի արդյունավետության գրավականն է»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։
 Տեսանյութեր
Տեսանյութեր Լուսանկարներ
Լուսանկարներ
Մեկնաբանել