 
			Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը
ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը։
«Բարձր գնահատելով ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ նախարար Սարգսյանն ընդգծել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող գործուն քայլերն ու շոշափելի արդյունքները։ Նա կարևորել է, որ շուտով Հայաստանի կառավարությանը կհանձնվի Գործողությունների ծրագիրը, ինչն էական խթան կհանդիսանա գործընթացներում։
Արփինե Սարգսյանը նշել է նաև Հայաստանում բիոմետրիկ համակարգի ներդրումը, որի արդյունքում 2026 թվականից քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։
Նախարարն ընդգծել է, որ Միգրացիոն ռազմավարության մշակման աշխատանքները շարունակվում են և մինչև տարեվերջ պատրաստ կլինի կոնցեպտը։ Ակտիվ փուլում են նաև Խտրականության արգելման դեմ օրենսդրության մշակման ուղղությամբ աշխատանքները։ Բացի այդ նշվել է, որ առաջիկայում Հայաստանում առաջին անգամ ընդունվելու է Հանցավորության կանխարգելման միասնական ռազմավարություն և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները ևս ակտիվ փուլում են։
Էդրիեն Կիրալին իր խոսքում կարևորել է երկկողմ արդյունավետ գործընկերությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։ ԵՄ գործընկերները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Նրանք բարձր են գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։
Համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարևորվել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը, որի թեկնածությունը շուտով կներկայացվի։ Քննարկվել են նաև սահմանների կառավարման, ոստիկանության ոլորտում համագործակցության ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
 Տեսանյութեր
Տեսանյութեր Լուսանկարներ
Լուսանկարներ
Մեկնաբանել