Ներկայացվել են ՏԿԵ ոլորտի 2026թ. պետական բյուջեի հատկացումները
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 31-ին շարունակվել են «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Վահե Ղալումյանը եւ Ծովինար Վարդանյանը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ ջրային ոլորտին 2026 թվականին նախատեսվում է հատկացնել 35.3 մլրդ դրամ՝ 5 ծրագիր եւ 34 միջոցառում իրականացնելու համար:
Տարածքային կառավարման ոլորտին կհատկացվի 142.8 մլրդ դրամ: Նախատեսվում է իրականացնել 31 միջոցառում:
Անդրադառնալով ջրային ոլորտի ծավալուն ծրագրերին՝ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ 231 մլրդ դրամ նախատեսվում է ոռոգման համակարգի առողջացման համար, որից 57.7 տոկոսը կապիտալ բնույթի ծախսերն են:
Կշարունակվի Կապսի ջրամբարի կառուցումը (7.7 մլրդ դրամ) եւ Ջրաձոր գյուղի վերաբնակեցումը:
Նախատեսվում է ոռոգման համակարգի բարելավման համար տրամադրել 3.7 մլրդ դրամ: 7 մլրդ դրամ կկազմի ջրօգտագործող ընկերությունների սուբսիադիան, 1.3 մլրդ դրամ կկազմի ջրառի համաֆինանսավորումը: 1 մլրդ դրամ կուղղվի ջրամբարների կառուցմանը: Մեկնարկ կտրվի 12 ջրամբարի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանն ու 5 ջրամբարի շինարարական աշխատանքներին: Դա հաստատվել է հանրային ներդրումային կոմիտեում, խոսքը վերաբերում է Քասախի, Ելփինի, Լիճքի, Աստղաձորի եւ Արթիկի ջրամբարներին: Ջրամբարների վերազինման համար նախատեսվել է 264.3 մլն դրամ:
Ոռոգման համակարգի հիմնանորոգման համար նախատեսվում է 500 մլն դրամ, գետերի եւ հեղեղատարների մաքրման եւ ամրացման համար՝ 423.7 մլն դրամ:
Ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին կհատկացվի 9.9 մլրդ դրամ, որից 9.5 մլրդ դրամը կուղղվի կապիտալ բնույթի ծախսերին: 8 մլրդ դրամ հատկացվելու է վարկային եւ դրամաշնորհային միջոցներից: Ներքին աղբյուրների շրջանակում 1.9 մլրդ դրամի չափով շարունակելու են իրականացվել նաեւ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման աշխատանքները: Նախատեսված է վերականգնել այս ծրագրի շրջանակում 15 օբյեկտ:
Շարունակվել է «Որոտան-Արփա Սեւան թունելի ջրային համակարգի կառավարում» ծրագիրը` 1.6 մլրդ դրամի չափով: Սրա շրջանակում նախատեսվում է 1.2 մլրդ դրամը հատկացնել թունելի առավել վթարային հատվածների վերանորոգմանը: 464.8 մլն դրամ կհատկացվի Ջրային կոմիտեի վարչական ապարատի պահպանման ծախսերի համար:
«Տարածքային կառավարում եւ տեղական ինքնակառավարում» ծրագրի իրականացման համար հատկացվելու է 142.8 մլրդ դրամ: «Տարածքային զարգացում» ծրագրի բյուջեն կկազմի 131.5 մլդր դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 10.7 մլրդ դրամով կամ 8.9 տոկոսով:
«Մարզերին սուբվենցիաների տրամադրում ենթակառուցվածքների զարգացման նպատակով» ծրագրի համար նախատեսվել է 17.7 մլրդ դրամ: Փոփոխություն է իրականացվել, որով առանձնացվել են այն առաջնահերթ ծրագրերը, որոնք 2026 թվականին առաջնային են համարվելու սուբվենցիոն ծրագրերի հայտերի դիտարկման տեսանկյունից: Դրանք, մասնավորապես, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի կառուցման, վերակառուցման, նորոգման եւ հիմնանորոգման, ճանապարհաշինարարական, գազամատակարարման եւ ոռոգման ու խմելու ջրի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերն են:
«Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» միջոցառման համար եկող տարվա բյուջեում նախատեսվել է 1 մլրդ դրամ: Սա սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող աջակցությունն է էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի եւ հողի գույքահարկի մասով:
«Ազդակիր բնակավայրերի եւ համայնքների բյուջեներին հատկացվող համայնքային մասհանումներ» միջոցառման համար էլ նախատեսված է 834.7 մլն դրամի հատկացում:
Նախարարը մանրամասնել է նաեւ այլ ծրագրեր, որից հետո պատասխանել պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերել են ջրամբարների կառուցումից հետո ոռոգման համակարգերի խնդիրների լուծմանը, դպրոցների կառուցման արդյունքում հին շենքերի օգտագործմանը, Գորիսի օդանավակայանի մասով հետագա գործընթացներին, գետերի հուների մաքրման աշխատանքներին, Երասխից մինչեւ ադրբեջանական սահման երկաթգծի կառուցման համար հատկացումների հնարավորությանը եւ այլ խնդիրների:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել