Էդուարդ Շարմազանովի պատասխանը Դավութօղլուի ապատեղեկատվությանը
Նախօրեին Բիշկեկում անդրադառնալով Արցախի հակամարտության կարգավորմանը՝ Հայաստանի քննադատությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի «20 տոկոսի օկուպացիային» պետք է վերջ դրվի, քանի որ այն մեծ խոչընդոտ է Հարավային Կովկասի զարգացման համար:
Ի պատասխան Դավութօղլուի հայտարարությանը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թուրքիայի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ պարբերաբար առաջնորդվում են գեբելսյան քարոզչության սկզբունքով, այն է՝ եթե ասես բավական մեծ սուտ և այն կրկնես, մարդիկ արդյունքում կհավատան:
Ի գիտություն թուրք դիվանագետի՝ նշեմ, որ Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտ են հենց Թուրքիան և Ադրբեջանը: Առաջինը շուրջ երկու տասնամյակ շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությանը, իրականացնում է ժխտողական քաղաքականություն և մերժում իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, իսկ երկրորդն արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ԼՂ խաղաղ բանակցություններին միտված ջանքերը՝ շարունակելով օկուպացրած պահել ԼՂՀ որոշ տարածքներ:
Եթե թուրք պաշտոնյան իսկապես այդքան մտահոգ է Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտմամբ, ապա արդարացի կլինի՝ կոչ անի, որ իր երկիրը կատարի իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, դադարեցնի փակ պահել Եվրոպայի միակ փակ սահմանը և չմիջամտի ղարաբաղյան կարգավորման գործընթացին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել