Գարեգին Բ-ի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Քննչական կոմիտեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորն ու եղբորորդուն՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին հայտնում է «Հետք»-ի աղբյուը։ Քննչական կոմիտեից առայժմ չեն մեկնաբանում։
Հիշեցնենք՝ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ 2025թ. նոյեմբերի 2-ին՝ Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձի օրը, ձերբակալվել են կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն ու եղբորորդին։
«Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, քննչական մարմինը 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:
Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ: Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:
Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել մասնակցել «Հանրապետություն» կուսակցության՝ ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան «Հանրապետություն» կուսակցության նախընտրական հանդիպումը:
Հարգելի քննիչներ, եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի: Այս ամեն ինչը ժամանակավոր է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել