HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում բացվեց Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան

Նոյեմբերի 1-ին Գյումրում բացվեց Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան (SAAH)՝ շվեյցարական կրթությունը դարձնելով հասանելի Հայաստանում: Այն ժամանակավորապես գործելու է Աբովյան ճեմափողոցում գտնվող «Գրանդ Հոթել Ապրիկոտ» հյուրանոցում:

Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան հիմնադրվել է 2025 թվականին՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ պարոն Վահե Գաբրաշի նախաձեռնությամբ։ Ակադեմիայի առաքելությունն է ապահովել միջազգային մակարդակի, գործնական հմտությունների վրա հիմնված հյուրընկալության կրթություն՝ համադրելով շվեյցարական գերազանցության փորձն ու Հայաստանի զարգացող ծառայությունների և զբոսաշրջության ոլորտների պահանջները։ SAAH-ի նպատակն է ձևավորել այնպիսի մասնագետներ, ովքեր կհաջողեն թե՛ տեղական, թե՛ միջազգային հարթակներում՝ շնորհիվ իրենց հմտությունների, մտածողության և կարգապահության, ինչպես նաև կրթել միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի մասնագետներ:

Ակադեմիան Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղն է, որը հիմնադրվել է 1893 թվականին և համարվում է հյուրընկալության ոլորտում աշխարհի առաջին ամենահեղինակավոր կրթական հաստատությունը։ Այն ճանաչված է իր խիստ ակադեմիական ծրագրերով, նորարարական մոտեցմամբ և գործնական ուսուցման վրա հիմնված մեթոդաբանությամբ։ EHL-ի կրթությունն այսօր հանդիսանում է համաշխարհային որակի խորհրդանիշ, որն իր շրջանավարտներին ապահովում է բարձր զբաղվածություն և միջազգային կարիերայի լայն հնարավորություններ։

Խոսելով Գյումրիում բացվող ակադեմիայի մասին՝ հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի հիմնադիր Վահե Գաբրաշը նշեց, որ հայրենիքում մասնաճյուղ ունենալն իր երազանքն է եղել և հանգամանքը, որ սկսում են 10 ուսանողով՝ բացարձակ խնդրահարույց չէ. երբ բազմամիլիոնանոց Հնդկաստանում էին դպրոցը բացում, ունեին ընդամենը 5 աշակերտ: Ուսուցումն իրականացվելու է անգլերենով, դիմումատուից պահանջվելու է անգլերենի իմացության B1 մակարդակ: Ակադեմիան առաջարկում է ուսուցում երեք մասնագիտությունների գծով՝ խոհարարական արվեստ, ռեստորանային սպասարկում, հյուրանոցային ադմինիստրացիա: Ակադեմիայում ուսուցումը հնարավոր է լրիվ կամ մասնակի կրթաթոշակով, որոնք հասանելի են լինելու Հայաստանում պարտադիր զինվորական ծառայություն անցած և տվյալ տարում զորացրված երիտասարդներին, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված անձանց: Պարոն Գաբրաշի փոխանցմամբ, Լոզանի համալսարանի Գյումրու մասնաճյուղում նախատեսվում է ապահովել մոտ 1000 ուսանողի կրթություն:

Ծրագրի մասին նախնական խոսակցությունները ծնվել են 2019թ․-ին, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի ժամանակ շվեյցարահայ բարերար և գործարար Վահե Գաբրաշի հրավերով այցելել է Լոզանի կառավարման դպրոց: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր: 2022-23թթ-ից սկսվել են առավել գործնական քայլեր, Կառավարության հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ դպրոցը պետք է բացվի Գյումրիում, տրամադրվող կառույցը սեփականության իրավունքով չի փոխանցվելու Լոզանի համալսարանին, այլ տրամադրվելու է անհատույց վարձակալությամբ 25 տարի ժամկետով:

2024թ․-ին Կառավարությունը որոշում է չեղարկել 2018թ․-ին Շիրակի երկրագիտական թանգարանին Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը հատկացնելու որոշումը՝ եռահարկ կառույցը նվիրաբերելով Գյումրի համայնքին՝ պայմանով, որ այն հատկացվելու է հայ-շվեյցարական հյուրընկալության դպրոցին:

«Մենք կարող էինք դպրոցը բացել Երևանում, սակայն ուզեցինք, որ այն լինի Գյումրիում, քանի որ ցանկանում ենք նպաստել այս քաղաքի զարգացմանը,-մամլո ասուլիսի ժամանակ նշեց ակադեմիայի գլխավոր տնօրեն Խաչիկ Հակոբյանը,- շենքը, որ տրամադրել են մեզ քաղաքի պատմական միջուկում է, մշակութային արժեք ունի, և մենք արտաքին որևէ ձևափոխություն չենք կարող իրականացնել, սակայն ներսում, բնականաբար, կլինեն վերակառուցումներ, քանի որ դպրոցից բացի այստեղ լինելու են հյուրանոցային համարներ, ռեստորանային փոքրիկ լսարաններ և այլն: Մեր ծրագիրը կարող է մեծ թափ հաղորդել Գյումրիի զբոսաշրջությանը: Հաշվի առնենք, որ ասելով 1000 ուսանող, նկատի ունենք, որ այստեղ կգան սովորելու նաև այլ երկրներից: Լոզանի համալսարանն ավարտելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար, քանի որ մեր ուսանողը հնարավորություն ունի աշխատելու միջազգային ցանկացած հյուրանոցում և ռեստորանում»:

Ակադեմիային տրամադրված շենքը պատրաստ կլինի երկու տարուց: Ներդրումային գումարը կազմելու է 2,5-4 մլն ԱՄՆ դոլար: Իսկ մինչ այդ դպրոցը կգործի «Գրանդ Հոթել Ապրիկոտ» հյուրանոցում և կկարողանա ընդունել մինչև 300 ուսանողի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter