ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 420 մլրդ 224 մլն դրամ, որը 57 մլրդ 560 մլն դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեից
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին շարունակվել են բյուջետային քննարկումները: Ներկայացվել են գալիք տարվա ֆինանսական փաստաթղթով ոլորտային հատկացումները: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից։
Հանրային հեռարձակողի խորհրդին առաջարկվում է հատկացնել 8 մլրդ 285 մլն դրամ, որը 88 մլն 905 հազար դրամով պակաս է 2025 թվականի բյուջեից:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին կհատկացվի 374 մլն 380 հազար դրամ, որը 6 մլն 811 հազարով ավելի պակաս է նախորդ տարվանից:
Սփյուռքի գծով ծրագրերի իրականացման համար նախատեսվում է 762 մլն դրամ, որը 82 մլն դրամով ավելի պակաս է նախորդ տարվա բյուջետային հատկացումից:
ԱԺ լրատվականի հաղորդմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն առաջարկվում է հատկացնել 420 մլրդ 224 մլն դրամ, որը 57 մլրդ 560 մլն դրամով ավելի է 2025 թվականի բյուջեից՝ շուրջ 16 տոկոս: Այս ոլորտի գրեթե բոլոր ուղղություններով կան ավելացումներ:
Ֆինանսական հատկացումներն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որից հետո ծրագրերին ու միջոցառումներին անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նշվել է, որ ծախսերի 85 տոկոսը կրթության ոլորտին է ուղղվում՝ 356 մլրդ դրամ: Ոլորտում նախատեսված է 200-ից ավելի միջոցառումների իրականացում: Կրթության ոլորտի ծախսերը ՀՆԱ-ի շուրջ 3 տոկոսն են կազմելու: «Մենք այս իրողությունն արձանագրում ենք մի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում նույնիսկ զարգացած երկրները կրթության ոլորտին հատկացվող պետական բյուջեի նվազում են գրանցում»,- նկատել է նախարարը:
Բյուջեի շուրջ 38 տոկոսը կազմում են կապիտալ ծախսերը՝ 168.7 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերը 2021 թվականի համեմատ աճել են 1168 տոկոսով: 2025 թվականի համեմատ աճը կազմել է 34.8 տոկոս:
«Երբեք անկախության շրջանում որեւէ Կառավարություն այնքան ներդրում չի արել այս ոլորտներում, որքան արվում է այս Կառավարության օրոք»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանն ու հավելել, որ 2025 թվականի 10 ամիսներին դպրոցաշինության ծրագրով կապիտալ ծախսերի 64 մլրդ կատարողական է գրանցվել: 2023 թվականի ընթացքում կատարողականը եղել է 20 մլրդ, 2024 թվականին՝ 40 մլրդ: «Այսինքն՝ կապիտալ ծախսերի կատարողականի առաջընթացը ցույց է տալիս, որ մենք մեկ եռամսյակում անում ենք այնքան կապիտալ ծախսեր, որքան նախկինում կարող էինք անել մեկ ամբողջ տարվա ընթացքում»,- նշել է գերատեսչության ղեկավարը:
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի մասով ընդհանուր առմամբ 385 մլրդ դրամի չափով բյուջե կա, որից այս տարվա հոկտեմբերի դրությամբ իրացված է շուրջ 153 մլրդ դրամը: Աշխատանքներն ավարտված են 60 դպրոցում, որոնցից 35-ը նոր կառուցված են, 25-ը՝ նորոգված: Մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվեն եւս 50 դպրոց, որոնցից 8-ը՝ կառուցվող, 42-ը՝ նորոգվող: Մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի մեկը եւս 151 դպրոց կհանձնվի շահագործման, 49-ը՝ նոր կառուցվող եւ 102-ը՝ նորոգվող: Մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ունենալ եւս 47 նորակառույց դպրոց: 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինի 308 դպրոց, որոնցից 139-ը կառուցված եւ 169-ը՝ կապիտալ նորոգված: 2027 թվականին կավարտվի եւս 49 դպրոցի շինարարությունը, 357 դպրոցներում կավարտվեն աշխատանքները: «Սա չի լինի ամբողջական լուծում դպրոցաշինության ոլորտում առկա խնդիրների: Սա առաջին 300 դպրոցների ծրագիրն է եւ պատրաստում ենք ցանկերը հաջորդ դպրոցաշինության ծրագրի»,- ընդգծել է նախարարն ու հավելել, որ ծրագիրը թիրախային է:
Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է նաեւ «Դպրոցների հագեցում արդիական բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաներով» ծրագիրը, նշել, որ այսօր դպրոցների շուրջ 60 տոկոսն ունեն անհրաժեշտ լաբորատորիաներ:
2019 թվականին դպրոցների ֆինանսավորումը եղել է 85.26 մլրդ դրամ, իսկ 2026 թվականի բյուջեով այն կկազմի 131.6 մլրդ դրամ՝ գրանցելով 64.8 տոկոս աճ:
Նախարարը ներկայացրել է նաեւ համակարգի արդյունավետությանն ուղղված քայլերը, ինստիտուցիոնալ բարեփոխումները, ուսուցչական կազմի գիտելիքների ու կարողությունների ամրապնդմանն ուղղված միջոցառումներն ու այլ ծրագրեր: Նրա խոսքով երեխաների՝ կրթության համակարգում ընդգրկվածությունն էապես աճել է:
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հատկացումները կկազմեն շուրջ 5 մլրդ դրամ: Ծրագրի իրականացումն արդեն գործնական փուլում է:
Քննարկման է դրված գիտության ռազմավարությունն առաջիկա 5 տարվա համար, որը հնարավորություն կտա հստակեցնել ոլորտում հետագա անելիքները:
Նախարարը մանրամասնել է նաեւ մշակույթի ոլորտում զգալի ներդրումները, մշակութային կյանքի բազմազանության ապահովմանն ուղղված միջոցառումները:
Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել