
Հայրը 22 տարի է, անձնագիր չունի, իսկ 3 անչափահաս երեխաները հոգում են բազմանդամ ընտանիքի հոգսը
Ազգությամբ ռուս, 43-ամյա Նիկոլայ Նիկուլինը ապրում է Լոռու մարզի Ծաթեր գյուղում: Արդեն 22 տարի է, նա անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունի: Անձնագիր չունենալու պատճառով՝ անցած տարիներին Նիկոլայը չի կարողացել աշխատել, ինչի հետևանքով նրա ընտանիքը հայտնվել է ծայրահեղ աղքատության մեջ: «Բոլոր հայերը Ռուսաստանում բարձր թոշակ ու նպաստ են ստանում, իսկ էս մի ռսին կարում չեն Հայաստանում մի դոկումենտով կամ մի բանով օգնեն»,- ասում է նրա կինը՝ Ասյա Անդրեասյանը:
Նիկոլայը և Ասյան ամուսնացել են 1990թ.: Անձնագիր չունենալու պատճառով՝ արդեն 22 տարի համատեղ ապրող ամուսինների ամուսնությունն առ այսօր գրանցված չէ ՔԿԱԳԲ- ում: Նրանց 5 երեխաները կրում են մոր՝ Ասյա Անդրեասյանի ազգանունը: Ընտանիքի սոցիալական հոգսը թեթևացնելու համար Նիկոլայն ու Ասյան 2 տարի առաջ իրենց անչափահաս աղջկան՝ 16-ամյա Սաթենիկին, ստիպված ամուսնացրել են և ուղարկել Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ գյուղ: Նիկոլայը մի քանի տարի առաջ կաթված է ստացել: Անձնագիր չունենալու պատճառով՝ անհրաժեշտ բուժում չի կարողացել ստանալ: Այժմ նա անաշխատունակ է և զրկված է հիվանդության կենսաթոշակ ստանալու հնարավորությունից:
Ընտանիքը ներկայում գոյատևում է 46 հազար դրամ նպաստով: Ստեղծված իրավիճակում Նիկոլայ Նիկուլինի 4 անչափահաս երեխաներից 3-ը՝ 16-ամյա Տանյան, 14-ամյա Սերգեյը և 12-ամյա Ռուսլանն, իրենց ուսերին են վերցրել 6 անձից բաղկացած ընտանիքը կերակրելու հոգսը:
Ասյան պատմում է, որ Տանյան հարևան Արևածագ գյուղի դաշտերում կարտոֆիլ է հավաքում, Սերգեյը 30 հազար դրամ աշխատավարձով Ստեփանավանի Զողրուշան սարում պահում է գյուղի անասունները, իսկ Ռուսլանը Զողրուշանում օգնում է տատին՝ Ասյայի մորը, ինչի համար տատը նրան մեկ հորթ է խոստացել: Ընտանիքի կրտսեր որդին՝ Միքայելը, 7 տարեկան է և այս տարի հաճախելու է գյուղի դպրոցի առաջին դասարան:
Նիկոլայի ընտանիքն ապրում է Ծաթերի ծայրամասի վարելահողերի հարևանությամբ տեղակայված անհրապույր մի տնակում: Առաջին բանը, որ տնակ մտնելիս աչքի է զարնում, մաքրությունն ու կոկիկությունն են, որոնք վկայում է Ասյայի ջանասիրության մասին: Մեր այցի ժամանակ հիվանդ Նիկոլայը տնակում պառկած էր: Նա պատմում է, որ նախկինում բնակվել է Ղազախստանի Զելյանսկ քաղաքում: Հայաստանում հայտնվել է 1988-ի երկրաշարժից հետո:
«1988-1990 թթ. զինվորական պարտքս կատարել եմ Ստեփանավանի Պուշկինո գյուղի զորամասում: Զորացրվելուց հետո ամուսնացել եմ Ասյայի հետ»,- ասում է Նիկոլայը: Ասյան էլ պատմում է, որ իր քույրն ու քրոջ խնամին են «սաբաբ եղել» Նիկոլայի և իր ամուսնության գործում. «Ասին՝ Նիկոլայը խելոք տղա է, ու ամուսնացրին: Ամուսնանալուս համար փոշման չեմ: Փառք Աստծո, ոտը սաղ էր, ձեռը սաղ էր, գնում էր Սադախլո, աշխատում էր: Հիմա եկավ էս ցավին տիրացավ»: Ասյայի խոսքով՝ առաջին կաթվածից հետո Նիկոլայի լեզուն կապվել է, իսկ երեք տարի անց՝ 2-րդ կաթվածից հետո, լեզուն նորից բացվել է:
Նիկոլայը հայտնեց, որ զինվորական ծառայությունը ավարտելուց հետո զորամասից իրեն տվել են միայն զինվորական գրքույկ: Հետո, երբ նա մի անգամ գնացել է Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում աշխատելու, այնտեղ զինվորական գրքույկը, փողերը և վարորդական իրավունքի վկայականը գողացել են:
Նիկոլայը Ղազախստանում հարազատներ ունի: «Ղազախստանում ապրում են մերս, ախպերս ու քիրս: Ես 1996-ին իմ ընտանիքով գնացել եմ Ղազախստան՝ հարազատներիս մոտ: Ես էի, կինս և երկու երեխաս: Մեզ չընդունեցին: Մայրս ասում է՝ հայ ես ուզել: Ես էլ բացատրեցի, որ արդեն երկու երեխա ունեմ: Չհասկացավ: Թողեցի ու հետ եկա Ծաթեր»,- պատմում է նա:
Վերջերս Նիկոլայը ստիպված հեռագիր է ուղարկել հարազատներին՝ Զելյանսկ քաղաքի զինկոմիսարիատից իր զինվորական գրքույկի կրկնօրինակը ուղարկելու խնդրանքով: Հեռագրին պատասխանել են, որ Նիկոլայի հարազատներն այլևս չեն ապրում նախկին հասցեում:
Ասյան պատմում է, որ անչահաս երեխաների ծախսը հոգալու համար Նիկոլայը մայիսին որոշել է գնալ Ստեփանավանի Զողլուշան սարում աշխատելու: «Էն էլ սարումը հիվանդացել է, բերել են: Սերգեյը հմի հոր տեղն է աշխատում Զողրուշանում: Գոնե Նիկոլային պասպորտ չտվեցին, որ թոշակի գցենք»,- մոլորված ասում է կինը: Նիկոլայն էլ ասում է, որ երեխաները սեպտեմբերի 1-ին անպայման դպրոց են գնալու: «Սերգեյը էս ամսի 25-ին սարից դվեր պտի գա, որ գնա դասի»,- ասում է նա:
Ծաթերի հիմնական դպրոցի տնօրեն Աննա Դավթյանը հայտնեց, որ Տանյա, Սերգեյ և Ռուսլան Անդրեասյանները բարեխղճորեն են հաճախում դասերին: «Սակայն վերջին տարիներին երեխաների մայրը ուսումնական տարվա վերջին՝ մայիսի կեսերին, երբ գյուղացիներն իրենց անասունները տեղափոխում են սար, ինձնից թույլտվություն է խնդրում Սերգեյին և Ռուսլանին դասերից ազատելու համար: Այդ ժամանակ Ասյա Անդրեասյանը, ընտանեկան ծանր պայմանների պատճառով, անչափահաս երեխաներին ուղարկում է սար՝ հովիվ աշխատելու»,- ասում է դպրոցի տնօրենը:
«Հետքը» խնդրեց Թումանյանի անձնագրային բաժնի պետ Գևորգ Հակոբյանի մեկնաբանությունը՝ Նիկոլայ Նիկուլինի անձնագրի վերաբերյալ: «Սովորաբար կարմիր անձնագրով երկար տարիներ Հայաստանում բնակվող և քաղաքացիություն չունեցող այլազգիները ՀՀ քաղաքացիություն են ստանում ՀՀ նախագահի հրամանով»,- ասաց անձնագրային բաժնի պետը: Բայց և հավելեց, որ եթե Նիկոլայ Նիկուլինը իր կարմիր անձնագրով և կինը ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթով անձնագրային բաժին ներկայանան, հնարավոր է լուծել Նիկոլայ Նիկուլինի անձնագրի հարցը: Ծաթերի գյուղապետ Բագրատ Ղալայանն էլ հավաստիացրեց, որ ավտոմեքենա կտրամադրի հիվանդ Նիկոլային Ասյայի հետ անձնագրային բաժին տանելու համար:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել