«Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում»․ ՆԳ նախարարություն
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 5-ին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին։
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը նոյեմբերի 5-ից 6-ը գտնվում է Հայաստանում՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հայկական կողմին փոխանցելու նպատակով։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է՝ ուղղված վստահության և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։ ԵՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը և շնորհակալություն հայտնել նախարար Սարգսյանին գործընթացի արդյունավետ համակարգման համար։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները՝ նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ՝ դեպի Եվրոպական Միություն։
Այս պահին Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է որի հետ ԵՄ-ն վարում է Վիզաների ազատականացման գործընթաց:
Կարդացեք նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել