«Քաղաքը մերն է»-ն հանրությանն է ներկայացրել Գյումրու զարգացման ծրագիրը
Գյումրու Կինո «Հոկտեմբերի» դահլիճում «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը հանրությանը ներկայացրեց իր և ավագանու անդամության իր 7 թեկնածուի մշակած, Գյումրու զարգացման ծրագիրը: Նման նախաձեռնությունը, ընդհանրապես աննախադեպ լինելուց զատ, բացառիկ է ավագանու անդամության մեծամասնական թեկնածուների թիմի համար, որոնք, ընտրություններում միմյանց մրցակից լինելով, քաղաքի արմատական բարեփոխման համար միասնական ծրագիր են մշակել: Ծրագրի կազմմանը մասնակցել է «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության մի քանի տասնյակ ակտիվիստ: Այս ծրագիրը պարունակում է Գյումրու առաջիկա 15-20 տարվա հիմնական մարտահրավերների պատասխանները:
Ծրագրի հայեցակարգային ուղղություններից են բյուջեն ինքնահոսայինից ծրագրային դարձնելու գաղափարը, քաղաքապատկան` քաղաքապետարանի ենթակայության մի շարք սպասարկման և արտադրական տնտեսությունների վերականգնումը կամ զարգացումը, անօթևանության հիմնախնդիրը վերջնականապես հաղթահարելու գործը, մարդակենտրոն քաղաքային մշակույթի և կյանքի կառուցումը, քաղաքի կենտրոնական մասի և մյուս գրեթե բոլոր թաղամասերի կենսական միջավայրի կոնտրաստի նվազեցումը՝ հօգուտ արվարձանների, արտաքին կապերի զարգացումն ու քաղաքի սնուցման այլընտրանքային աղբյուրների ձևավորման խնդիրները:
Ծրագրում նախանշված խնդիրներն ու աշխատանքները երեք տիպի են` գործեր, որոնք միայն ավագանու, համայնքապետի և իր աշխատակազմի անելիքն են, գործեր, որոնք ավագանու և զանազան պետական ու ոչ պետական, տեղական և օտարերկրյա կազմակերպությունների, դիվանագիտական և միջազգային առաքելությունների անելիքներն են, և գործեր, որոնցում ավագանու դերը կարող է խորհրդանշական թվալ. որոշ խնդիրների կարգավորման համար ավագանուն լայն քարոզչական առաքելություն է վերագրվել ծրագրում` անհրաժեշտ ուղղություններով և մակարդակներում:
Այս ծրագիրը՝ որպես փաստաթուղթ, հրապարակվելու պահից բաց է հասարակության համար ցանկացած որակի օգտագործման համար՝ բացառությամբ շահույթի հետապնդման: Այս ծրագիրը չի հավակնում վերին ատյանի ճշմարտության, այն կարող է լրամշակվել շարունակ, սրանից կարող են օգտվել մեր և այլ համայնքների ՏԻՄ թեկնածուներ, իշխանությունը և ընդդիմությունը, կառավարությունը և խորհրդարանը: Չի բացառվում, որ այս ծրագիրը լրամշակվի Գյումրու ավագանու և քաղաքապետի թեկնածուների նախընտրական ծրագրերից քաղված կամ ծնված գաղափարներով, այդ դեպքերում համապատասխան հղումներ կարվեն սկզբնաղբյուրներին:
Խնդրվում է այս ծրագրից օգտվելիս որևէ հղում կատարել սկզբնաղբյուրին, որովհետև չենք բացառում որոշ անճշտություններն, ու անհնար է անտեսել, որ մի շարք դրվագներում հեղինակային մտքի արդյունքներ են զետեղված: Ծրագրի նախաբանում ասվում է, որ դրանում առկա վիճակագրական և փաստավավերագրական դրվագները պաշտպանված չեն հեղինակային իրավունքով:
Ծրագիրը կարող եք տեսնել այստեղ:
«Քաղաքը մերն է» Գյումրու բարեփոխման քաղաքացիական նախաձեռնության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել