«2026թ․ պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 628 մլրդ դրամ»․ ֆինանսների նախարար
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
2026 թվականին ՀՆԱ-ն կհասնի 11 տրլն 934 մլրդ դրամի: Տնտեսական աճը կլինի 5,4 տոկոս: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 973 մլրդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաեւ հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում, ակնկալվում է բարելավել հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 0,4 տոկոսային կետով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփ ներկայացնելով 2026 թվականի պետական բյուջեի հիմնական ցուցանիշներն ու իրականացվելիք կարեւոր միջոցառումները:
Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 628 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 924 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 մլրդ դրամ. համախառն ներքին արդյունքում այն կկազմի 5,9 տոկոս: Ըստ այդմ, ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 30,4 տոկոսը՝ նվազելով 2025 թվականի սպասվող գումարից 0,8 տոկոսային կետով: Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 մլրդ դրամ:
«ՀՀ այցեքարտը դարձել է մակրոկայունությունը: Բյուջեի դեֆիցիտը նախընտրական տարում 5,5-ից մինչեւ 4,5 տոկոս իջեցնելը շատ կարեւոր ազդակ է բոլոր հնարավոր գործընկերների ու ներդրողների համար: Մենք ունենք բարձր տնտեսական աճ, ցածր գնաճ»,- ասել է Մարտին Գալստյանը:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել