HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացմանը կհատկացվի 1 մլրդ 854 մլն

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարման, դպրոցների ֆոնդի համալրման և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացման համար պետբյուջեում կկատարվի վերաբաշխում՝ 1 մլրդ 854 մլն 791 հազար դրամի չափով, որից 500 մլն դրամը կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից։

«Ինչպես հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պետբյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125,4 մլրդ դրամ։ Ծրագրի շրջանակում հաստատված ցանկում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների պատշաճ իրականացման և ավարտված օբյեկտների գույքով ապահովման նպատակով որոշմամբ հատկացվել է 1 մլրդ 761 մլն 524 հազար դրամ, որն ուղղվելու է 4 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներին և 16 մանկապարտեզների գույքով ապահովման նպատակին։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում մինչ օրս աշխատանքներ են տարվել և տարվում 357 դպրոցներում: 2026 թ. բյուջեում այդ նպատակին ուղղված միջոցները աճել են՝ կազմելով 150 մլրդ դրամ, ինչը 51,2 տոկոսով ավելի է 2025 թ. համեմատ:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են 60 դպրոցներում, որոնցից 35-ը կառուցված է, 25-ը՝ նորոգված: Ըստ նախարարի տեղակալի՝ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցներում, որոնցից 153 կառուցվող և 105-ը կապիտալ նորոգվող են։ «Եվս 39 դպրոցի շինարարություն կմեկնարկի առաջիկա 3 ամիսների ընթացքում։ Մինչև տարեվերջ ակնկալում ենք, որ շահագործման կհանձնենք ևս 50 դպրոց, մինչև 2026 թ-ի սեպտեմբերի 1-ը՝ 151 դպրոց, իսկ մինչև 2026 թ․-ի դեկտեմբերի 31-ը՝ ևս 47 դպրոց։ Այսինքն, մինչև 2026 թ.-ի տարեվերջի դրությամբ ընդհանուր թիվը կկազմի 308 դպրոց՝ 139-ը կառուցված և 169-ը կապիտալ նորոգված»,-ասել է ԿԳՄՍ փոխնախարարը՝ հավելելով, որ դպրոցաշինության ծրագրի համար մինչև տարեվերջ կշրջանառվեն նոր նախագծեր։

Վարչապետը թվարկել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը: Այսպիսով՝ միջոցներ են հատկացել հետևյալ աշխատանքների համար՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների մեկնարկ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի մանկապարտեզի տեխնիկական հսկողության գումարի ավելացում, Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման ավարտական աշխատանքներ, Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի երեսպատման, տարածքի մասնակի բարեկարգման ՆՆՓ: Գույքով կապահովվեն հետևյալ մանկապարտեզները՝ Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզ, Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզ, Ապարան համայնքի Արագածի Լիա Տեր–Ղևոնդյանի անվան մանկապարտեզ, Ալագյազ համայնքի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, Աշտարակի թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզ, Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզ, Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզ, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի մանկապարտեզ, Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ, Տաշիր համայնքի Ամալյա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ (վերակառուցվել է սուբվենցիայով), Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզ (վերակառուցվել է սուբվենցիայով), Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի մանկապարտեզ (հիմնանորոգվել է սուբվենցիայով), Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի մանկապարտեզ (հիմնանորոգվել է սուբվենցիայով), Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի մանկապարտեզ (հիմնանորոգվել է սուբվենցիայով), Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ (կառուցվել է սուբվենցիայով):

Վարչապետն անդրադարձել է նաև դպրոցներում նոր գույքերի օգտագործման հարցին և դժգոհություն հայտնել այն փաստի առնչությամբ, որ նորակառույց, հիմնանորոգված դպրոցներին հատկացված նոր գույքերը հաճախ չեն օգտագործվում։ «Բոլոր նորակառույց և հիմնանորոգված դպրոցներն ապահովվում են նոր գույքով: Մասնավորապես՝ ուզում եմ կենտրոնանալ մարզական և լաբորատոր գույքերի վրա: Մտահոգություն ունեմ, թե ինչքանով է այդ գույքը որակով օգտագործվում, ինչքանով է նպաստում կրթական գործընթացի զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել այցերի ժամանակ նկատած դեպքերը՝ մարզական դահլիճում թենիսի սեղանը դրված է բասկետբոլի վահանակի տակ, քիմիայի լաբորատորիաների համար հատկացված սպիտակ խալաթները չեն օգտագործվում, նորակառույց դպրոցներին հատկացվող էլեկտրոնային դաշնամուրը գտնվել է դահլիճին կից պահեստում և այլն:

Այդ համատեքստում վարչապետը կարևորել է վերահսկողության, դասալսումների անհրաժեշտությունը. «Այսօրվանից սկսած պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ անցկացնենք: Պետք է գնանք, օրինակ՝ քիմիայի դասին, տեսնենք՝ լաբորատոր գույքն օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ»:

Վարչապետն անդրադարձել է նաև ուսուցիչների վարձատրությունների 2025 թվականի սեպտեմբերի արդյունքներին. «Հայաստանում սեպտեմբերի դրությամբ կա 2118 ուսուցիչ, որը ստանում է 300-400 հազար դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ ստանում է 400-500 հազար դրամ, 109-ը՝ 500-600 հազար, 22 ուսուցիչ՝ 600-700 հազար»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս արձանագրումը և ընդգծել, որ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն ստանալու գործընթացը հասանելի է ցանկացած ուսուցչի համար: Այսինքն՝ այսօր ՀՀ-ում ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն:

Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման նոր շրջանը. «Ավելի քան 800 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար: Եթե հիշողությունս չի դավաճանում, սա դիմողների ամենամեծ թիվն է, որը մենք ունեցել ենք, ինչը նշանակում է, որ ատեստավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը և վստահությունն ավելացել են: Սա շատ կարևոր գործոն է, ինչը նշանակում է, որ մենք հունվարի կամ դեկտեմբերի արդյունքներով վարձատրությունների այս սանդղակում կունենանք թարմացումներ: Հույս ունեմ, որ բարձր վարձատրություն ստացող ուսուցիչների թիվը կավելանա»:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է նաև շարքային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշներին: «Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300 - 400 հազար դրամ վարձատրություն, 1156 զինծառայող՝ 400-500 հազար դրամ վարձատրություն: 523 շարքային զինծառայող ստանում է 500-600 հազար դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600 - 700 հազար դրամ վարձատրություն, և 31 շարքային զինծառայող 700 հազար դրամ և ավելի վարձատրություն: Կրկին ես հատուկ հետաքրքրվել եմ՝ արդյոք 700 հազար և ավելի դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի՞ են նաև մնացած բոլոր զինծառայողներին, սա նույնպես հասանելի է ցանկացած զինծառայողի: Սա նույնպես շատ կարևոր արձանագրում է»,- ասել է վարչապետը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter