Աննա Վարդապետյանը հանդիպել է Իտալիայի Վերաքննիչ Զինվորական դատարանի նախագահ Ջուզեպպե Մացիին
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 7-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Վերաքննիչ Զինվորական դատարանի նախագահ Ջուզեպպե Մացիին և Վերաքննիչ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մարկո դը Պաոլիսին:
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Վերաքննիչ Զինվորական դատարանի նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ այցի նպատակը ժամեր անց Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև Համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումն է:
Աննա Վարդապետյանը իտալացի գործընկերներին ներկայացրել է ՀՀ զինվորական դատախազության լիազորությունները՝ տեղեկացնելով, որ այն զինված ուժերում և այլ զորքերում կատարված հանցագործությունների առնչությամբ հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, ինչպես նաև հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
«Զինվորական դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով նաև պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազն ու անդրադարձել Զինվորական դատախազության կառուցվածքին և գործունեության առանձնահատկություններին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել