Գլխավոր դատախազը և Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 7-ին Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի հետ ստորագրել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազության միջև համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը։
Ստորագրման արարողությանը հայկական կողմից մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, այլք:
Աննա Վարդապետյանը շնորհավորել է ներկաներին Հուշագիրը ստորագրելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձգտում է ապահովել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ, ինչպես նաև այլ պետությունների դատախազությունների հետ:
«Այս համագործակցությունը թույլ է տալիս մոտեցնել դատախազի մասնագիտական կարողությունները միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև ապահովել առավել արագ և սերտ համագործակցություն մեր օտարերկրյա գործընկերների հետ կոնկրետ քրեական գործերի շրջանակներում»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու հավելել, որ փաստաթղթի ստորագրումը արդյունք է Հայաստանում 2024 թվականին Մաուրիցիո Բլոկի հետ ձեռք բերված պայմանավորվածության:
«Հուշագրի նպատակը զինվորական գործերով քրեական հետապնդման ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով Հայաստանի Հանրապետության դատախազության և Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև արդյունավետ համագործակցության շրջանակի ընդլայնումն է: Այս Հուշագրի ստորագրմամբ մենք ավելի ենք ամրապնդում մեր արդեն իսկ ձևավորված համագործակցությունը և հանձն ենք առնում առավել թիրախային և բազմակողմ համագործակցություն իրականացնել ապագայում», - ընդգծել է Աննա Վարդապետյանը:
Հուշագրով ամրագրված համագործակցության ոլորտները ընդգրկուն են: Դրանք, ի թիվս այլնի, ներառում են իրավական ակտերի և պրակտիկ գործունության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումն ու փոխանակումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել