Պատերազմ, քաղաքական ու տնտեսական ճգնաժամ. ինչպես է դժվարությունները հաղթահարում Լիբանանի «Ազդակ» օրաթերթը
Լիբանանի «Ազդակ» օրաթերթն այսօր Միջին Արեւելքում լույս տեսնող հայալեզու եզակի տպագիր օրաթերթերից է (այդպիսիք կան նաեւ Պոլսում ու Թեհրանում): Այն հրատարակվում է 1927-ից, իսկ 1965-ից համարվում է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթը: Թերթի խմբագրությունը գտնվում է մայրաքաղաք Բեյրութի հարեւան Բուրջ Համուդ հայաշատ քաղաքում:
«Ազդակի» գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, որը թերթի ղեկավարն է 2002-ից, «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ, ընդհանրապես, հայկական սփյուռքում տպագիր օրաթերթեր քիչ են մնացել, սակայն նրանց առցանց տարբերակները ակտիվ են: Օրինակ՝ Լիբանանում, «Ազդակից» բացի, մյուսները դարձել են եռօրյա կամ շաբաթաթերթ: Մասնավորապես՝ 1937-ից լույս տեսնող «Արարատը», որը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության պաշտոնաթերթն է, օրաթերթից վերածվել է եռօրյա թերթի, իսկ Ռամկավար ազատական կուսակցության «Զարթոնք» պաշտոնաթերթը (հրատարակվում է 1937-ից) օրաթերթից դարձել է շաբաթաթերթ:
1953-1975 թթ. Լիբանանում հրատարակվում էր նաեւ «Այգ» օրաթերթը: Հալեպում էլ շարունակում է լույս տեսնել «Գանձասար» շաբաթաթերթը, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո (Հալեպի) թեմի պաշտոնաթերթն է: Կահիրեում գործող «Հուսաբերն» էլ, որը ՀՅԴ պաշտոնաթերթն է Եգիպտոսում, ըստ Գանտահարյանի, հիմա միայն առցանց է աշխատում: Մինչ օրս սփյուռքահայ օրաթերթեր կան Պոլսում՝ «Ժամանակն» ու «Մարմարան», ինչպես նաեւ «Ակոս» շաբաթաթերթը, Թեհրանում էլ լույս է տեսնում «Ալիք» օրաթերթը:
Ըստ «Հետքի» զրուցակցի՝ եթե կորոնավիրուսի համավարակից առաջ «Ազդակն» ուներ 10 էջ, ապա համավարակի ստեղծած տնտեսական դժվարությունների, ինչպես նաեւ խմբագրակազմի տեղաշարժի սահմանափակումների հետեւանքով էջերի քանակը հասել էր 4-ի: Համավարակից հետո, ելնելով Լիբանանի տնտեսական ճգնաժամից, քաղաքական անորոշությունից ու անվտանգային խնդիրներից, «Ազդակը» շարունակել է լույս տեսնել 8 էջով: Թերթը հրատարակվում է 6 օր՝ երկուշաբթիից մինչեւ շաբաթ, սակայն կիրակի օրերին այստեղ նույնպես աշխատում են՝ երկուշաբթի օրվա համարը թողարկելու նպատակով:
Գանտահարյանն ասում է, որ «Ազդակի» հիմնական խնդիրներն են Լիբանանում շարունակվող տնտեսական ճգնաժամն ու քաղաքական անորոշ վիճակը, որոնց հեռանկարը պարզ չէ, իսկ լուծումը կախված է քաղաքական բարդ գործընթացներից: Մյուս խնդիրը լրագրողական մարդուժի պակասն է, այսինքն՝ անհրաժեշտ են մարդիկ, որոնք ոչ միայն մասնագիտական որակներ ունեն, այլեւ գերազանց տիրապետում են արեւմտահայերենին:
Մարդուժի խնդիրը լուծելու համար «Ազդակում» որոշել են ներգրավել երիտասարդներին: Արդեն 5 տարի այստեղ իրականացնում են ապագա լրագրողների պատրաստման կրթական ծրագիր: Յուրաքանչյուր շրջափուլի տեւողությունը 8 ամիս է, մասնակցում է 18-21 տարեկան շուրջ 15 երիտասարդ: Դասավանդողները հիմնականում «Ազդակի» աշխատակիցներն են, ունեն նաեւ դրսից հրավիրված մասնագետներ: Շ. Գանտահարյանի փոխանցմամբ՝ պարտադիր չէ, որ ծրագրին մասնակցողները մինչ այդ լրագրողի կրթություն ստացած լինեն: Երիտասարդները «Ազդակում» տպում են տարբեր ժանրերի նյութեր, ներգրավվում են թերթի այլ բնույթի աշխատանքներում, «Ազդակում» պատրաստում են ՀՅԴ ուսանողական միության եւ երիտասարդական միության էջերը, բացի դրանից՝ աշխատանքի են անցնում «Վանա ձայն» ռադիոկայանում, որը գործում է «Ազդակի» հետ նույն շենքում (ռադիոկայանը եւս ՀՅԴ-ինն է):
Թերթում երիտասարդների ներգրավումը նաեւ նպատակ ունի այն ավելի հասանելի դարձնել երիտասարդ սպառողներին, քանի որ Լիբանանում եւս, ինչպես Հայաստանում, տպագիր թերթ կարդում են հիմնականում միջինից բարձր տարիքի մարդիկ: «Մեր հատուկ քաղաքականությունն է՝ երիտասարդներին ներգրավել, երիտասարդական էջեր անել, երբեմն՝ սյունակներ: Ամեն ամիս երիտասարդներն են պատրաստում ՀՅԴ ուսանողական միության եւ երիտասարդական միության էջերը մեր թերթում»,- ասում է գլխավոր խմբագիրն ու նկատում, որ երիտասարդների պատրաստած բովանդակությունն օգնում է «Ազդակը» տարածել նրանց շրջապատում:
Ներկայում թերթում աշխատում է 24 հոգի, սակայն նախկինում նրանք ավելի շատ էին: Այս թիվը ներառում է խմբագրական, վարչական կազմերը, ցրիչներին: Նախկինում ունեին նաեւ տպագրական կազմ, քանի որ թերթը տպվում էր սեփական տպարանում, բայց հետո որոշել են տպագրությունն արտապատվիրակել, քանի որ այդպես ավելի ձեռնտու է: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ ներկայում բազմաթիվ լիբանանյան արաբալեզու թերթեր փակվել են եւ գործունեությունը շարունակում են միայն կայքերով:
«Ազդակի» գլխավոր խմբագիրը նշում է, որ ոչ միայն Հայաստանում ու Լիբանանում, այլեւ ամբողջ աշխարհում կա տպագիր մամուլի ճգնաժամ: «Բայց մենք որոշել ենք տպագիր տարբերակը շարունակել, մանավանդ որ թերթի ընթերցողների մեծ մասը չի համեմատվի կայքի ընթերցողների հետ: Սա թույլ է տալիս, որ «Ազդակը» ոչ միայն լիբանանահայության, այլեւ համասփյուռքյան թերթ լինի»,- ասում է Շահան Գանտահարյանն ու հավելում, որ վերջին տարիներին կտրուկ աճել է իրենց կայքի հայաստանցի ընթերցողների թիվը, ինչը պայմանավորված է վերջին ճգնաժամերից հետո բազմաթիվ սիրիահայերի ու լիբանանահայերի՝ Հայաստանում հաստատվելով: «Հետքի» զրուցակիցը նկատում է, որ «Ազդակին» հետեւում են նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները (ժամանակին, օրինակ, ակտիվ արձագանքներ էին ստանում Սփյուռքի նախարարությունից), ինչը նորմալ է եւ օրինաչափ: Ընդ որում՝ տպագիր թերթի ու կայքի բովանդակությունը շատ չի տարբերվում:
Նախկինում «Ազդակը» մեծ քանակով հասնում էր նաեւ հարեւան Սիրիա, սակայն այս երկրում քաղաքացիական պատերազմից հետո կապերը խզվել են, ու հիմա սիրիահայությունն «Ազդակին» հետեւում է առցանց: Տպագիր օրաթերթը սպառվում է Լիբանանի տարածքում, շատ քիչ բաժանորդներ ունեն Պոլսում:
«Տպագիր մամուլը խամրում, նոսրանում է, բայց սխալ է տպավորութունը, թե այն հասանելիություն չունի, քանի որ տպագիր մամուլի բովանդակությունն է, որ գնում է էլեկտրոնային հարթակ ու տարածվում,- ասում է Շահան Գանտահարյանը,- այսինքն՝ տպաքանակները նվազում են, բայց հասանելիությունը մեծանում է»: «Ազդակի» օրինակով գլխավոր խմբագիրն ասում է, որ սոցցանցերում լուրջ քննարկումներ ծավալվում են այն նյութերի շուրջ, որոնք տպագիր թերթից են հայտնվել առցանց տիրույթում: «Հետքի» զրուցակիցը կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ տպագիր տարբերակի բովանդակությունն ստեղծելիս պատասխանատվությունն ավելի մեծ է, քանի որ այն, ինչ առցանց է, կարելի է հետո սրբագրել, հանել, բայց ինչ տպվում է, մնում է եւ այդպես էլ արխիվավորվում է:
«Ազդակը» 2 տարում թվայնացրել է իր ամբողջ արխիվը: Հետո անցել է հայ մամուլի այլ օրինակների արխիվների թվայնացմանը: «Այդպես փրկեցինք Իրաքի «Գոյամարտ» թերթը: Պատերազմի օրերին բերեցինք այստեղ եւ թվայնացրինք: Այդպիսի շատ օրինակներ կան: Ամբողջ թվայնացված տարբերակը նվիրեցինք տարբեր հայագիտական կենտրոնների, նաեւ՝ Հայաստանի ազգային գրադարանին, որի տնօրինության հետ համագործակցության հուշագիր ստորագրեցինք: Հիմա այնտեղ պատրաստվում է «Ազդակի» ամբողջ արխիվի մատենագիտությունը: Կարծում եմ՝ շատ կարեւոր գործ է, սա սփյուռքի պատմությունն ուսումնասիրողի համար անփոխարինելի աղբյուր, հսկայական նյութ է»,- «Հետքին» պատմում է Շ. Գանտահարյանը:
Թե՛ «Ազդակի» համարների ուսումնասիրությունը, թե՛ այստեղ աշխատողների հետ զրույցները ցույց են տալիս, որ նախկինի համեմատ թերթի էջերում նվազել են մարդկային պատմությունները, եւ հատկապես շատ են քաղաքական լուրերն ու անդրադարձները: Շահան Գանտահարյանը համաձայն է այս դիտարկմանը, ասում է, որ ներկա ժամանակներն են հանգեցրել բովանդակության փոփոխության. «Դա կապված է թե՛ Հայաստանում իրադարձությունների թեժացման, թե՛ այստեղի ճգնաժամերի հետ: Չէի ասի, թե սա պլանավորված է եղել, բայց բնական ձեւով առաջ են եկել քաղաքական թեմաները: Մենք հիմա ձգտում ենք լիբանանահայ համայնքի կյանքն արտացոլել թերթում, բայց Լիբանանն անցավ տարբեր քաղաքական հանգրվաններ, եւ այդ ամենը քաղաքական ոսպնյակով պետք է լուսաբանել»:
Ըստ նրա՝ հասարակության պահանջարկը հասկանալու համար թերթի կայքում հարցում են կազմակերպել, ինչը վստահել են երիտասարդներին. «Հետո փորձեցինք հարցախույզի արդյունքները նկատի ունենալ եւ որոշ առումով կարողացանք կիրառել, բայց հիմնականում այդ քաղաքական ալիքը որ եկավ, մեզ տարավ այդ ուղղությամբ»:
Գանտահարյանն ասում է, որ նույնիսկ եթե կարողանան հաղթահարել լրագրողական մարդուժի խնդիրը, այսինքն՝ գտնել մարդկանց, որոնք թե՛ շատ լավ տիրապետում են արեւմտահայերենին, թե՛ համապատասխան որակներ ունեն ու կարող են կոնկրետ թեմաներ լուսաբանել, ընդհանուր խնդիրը չի լուծվի, քանի որ կա այլ կարեւոր հարց՝ ընթերցող մարդուժը: «Ազդակի» ղեկավարը համոզված է, որ ընթերցողների բանակի պատրաստության խնդիրը միայն թերթինը չէ, դա ամբողջ համայնքի պատասխանատվությունն է: Այլ կերպ ասած՝ որպեսզի սփյուռքում լույս տեսնող տպագիր թերթն ունենա ընթերցողների կայուն շրջանակ, համայնքը պետք է ունենա համապատասխան որակի կրթական, մշակութային, սոցիալական մակարդակ: «Պետք է կարողանանք իբրեւ հավաքականություն այնպիսի հասարակություն ունենալ, որը գիտակցում է մամուլի առաքելությունը, կարեւոր է մամուլի առաքելությունը ճիշտ ընկալելը եւ պարզապես կարդալով, բաժանորդ դառնալով քաջալերելը»,- ընդգծում է գլխավոր խմբագիրը:
Ընդ որում՝ «Ազդակի» հիմնական ընթերցողները բաժանորդներն են, որոնց համար էլ աշխատում են թերթի ցրիչները, որոնք, ըստ Շ. Գանտահարյանի, իրենց մոտոցիկլետներով գործի են անցնում վաղ առավոտից՝ ժամը 4-ից: Բնականաբար, թերթը կարելի է գտնել նաեւ գրախանութներում:
Մեր զրուցակիցը հաստատում է, որ «Ազդակի» հիմնական ֆինանսավորողը ՀՅԴ-ն է, բայց թերթի բյուջեն ձեւավորվում է մի քանի ուղղությամբ՝ վաճառք/բաժանորդագրություն, գովազդ, նվիրատվություններ, կուսակցության աջակցություն: Գանտահարյանն ընդգծում է, որ թերթի տպաքանակի նվազման վրա ազդեցություն են ունեցել նաեւ սոցիալական ցանցերը, ինչը գլոբալ երեւույթ է, բայց հարցը միայն թերթի վաճառքը չէ, քանի որ վաճառքի հաշվին չես կարող թերթի բյուջեն հավասարակշռել, հետեւաբար կարեւոր են նաեւ գովազդն ու նվիրատվությունները: Այս առումով էական դեր է խաղում նվիրատվության մշակույթը սփյուռքում, ինչի շնորհիվ «Ազդակն» ունի նվիրատուների մեծ ցանց:
«Յուրաքանչյուր նվիրատվություն հայտարարում ենք: Եթե հավելված, բացառիկ համար ենք տպագրում, հովանավոր ենք գտնում, մեր խմբագրասենյակները, ժողովասենյակները կոչում ենք նվիրատուներից մեկի անունով,- պատմում է «Ազդակի» ղեկավարը,- մամուլի դերի նկատմամբ այստեղ կա քաջալերանք, գնահատանք, դրա համար էլ նվիրատվություններ են անում: Ունենք նվիրատվությամբ կառուցված դահլիճ, որտեղ տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, սեմինարներ, գրքերի շնորհանդեսներ ենք անում: Այդ գրքերի հրատարակությունն իր հերթին նպաստում է արեւմտահայերենի պահպանմանն ու զարգացմանը, ընտանիքներին հասանելի դառնալուն»:
Շահան Գանտահարյանը հաստատում է, որ Լիբանանի հայ համայնքը նախկինի համեմատ նվազել է, բայց այսօր ամենալուրջ խնդիրը անհեռանկար վիճակն է, որի հետեւանքները կրողը ոչ միայն լիբանանահայությունն է, այլեւ ամբողջ Լիբանանի հանրությունը:
«Եթե վիճակը կայունանա, եւ Միջին Արեւելքում խաղաղություն հաստատվի, կարծում եմ՝ հայ համայնքն առնվազն կսկսի իր զարգացման փուլին անցնելու որոշ նախապատրաստություն»,- եզրափակում է «Ազդակի» գլխավոր խմբագիրը:
Բուրջ Համուդ-Երեւան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել