HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն սկսում է նախապատրաստվել Հունգարիայի եւ Պորտուգալիայի հետ հանդիպումներին

Հայաստանի հավաքականն այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսել է նախապատրաստությունը 2026 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին 2 հանդիպումներին ընդառաջ: Նոյեմբերի 13-ին Եղիշե Մելիքյանի սաները Երեւանում հյուրընկալելու են Հունգարիային, իսկ ամսի 16-ին Պորտուում մրցելու են Պորտուգալիայի հետ: 

Հիշեցնենք, որ 4 տուրից հետո ընտրական փուլի եվրոպական գոտու F խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Պորտուգալիան, որն ունի 10 միավոր, Հունգարիան վաստակել է 5, Իռլանդիան՝ 4, Հայաստանը՝ 3 միավոր:

ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր:

Հավաքն այսօր կսկսեն՝

Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարեւիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Գոռ Մանվելյան - «Նոա» 
Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Սեւիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Գեւորգ Տարախչյան - «Փյունիկ»

Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Էդուարդ Սպերցյանը,  Ուգոչուկվու Իվուն եւ Հրանտ-Լեոն Ռանոսը ազգային հավաքականի ճամբարում կլինեն նոյեմբերի 10-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը՝ նոյեմբերի 11-ին։

Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանի ընտրանին Հունգարիային հանդիպել է 2 անգամ: Կիպրոսի մրցաշարի շրջանակներում՝ 2004 թ. փետրվարի 18-ին, Պաֆոսում հունգարացիները հաղթել են 2-0 հաշվով: Իսկ աշխարհի առաջնության ընտրական այս շրջափուլում՝ հոկտեմբերի 11-ին, Բուդապեշտում տանտերերը կրկին առավելության են հասել 2-0 հաշվով:

Ինչ վերաբերում է Պորտուգալիային, ապա այս թիմին նախկինում հանդիպել ենք 7 անգամ, ընդ որում՝ միայն պաշտոնական խաղերում: Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլում՝ 1996-ի օգոստոսի 31-ին, Երեւանում գրանցվեց 0-0, իսկ 1997-ի օգոստոսի 20-ին Սետուբալում դաշտի տերերը հաղթեցին 3-1 հաշվով: Մերոնցից աչքի ընկավ Էրիկ Ասադուրյանը: «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում թիմերը նորից հանդիպեցին: 2007-ի օգոստոսի 22-ին Երեւանում գրանցվեց 1-1. մեր թիմից գոլը խփեց Ռոբերտ Արզումանյանը: Նույն տարվա նոյեմբերի 17-ին Լեյրայում պորտուգալացիները հաղթեցին 1-0 հաշվով: «Եվրո-2016»-ի ընտրական փուլում էլ՝ 2014-ի նոյեմբերի 14-ին, Ֆարուում պորտուգալացիները հաղթեցին 1-0, իսկ 2015-ի նոյեմբերի 15-ին Երեւանում գրանցվեց 2-3՝ հօգուտ հյուրերի: Մերոնցից աչքի ընկան Մարկոսն ու Հրայր Մկոյանը: Այս տարվա սեպտեմբերի 6-ին էլ՝ աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական ընթացիկ շրջափուլում, պորտուգալացիները Երեւանում հաղթեցին 5-0 հաշվով: 

Այսպիսով՝ Հայաստանն ու Պորտուգալիան ազգային թիմերի մակարդակով հանդիպել են 7 անգամ. 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 5 անգամ հաղթել է Պորտուգալիան: Գոլերի հարաբերակցությունը՝ 14-4՝ հօգուտ Պիրենեյան թերակղզու ներկայացուցիչների: 

ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում այս պահին Հայաստանը 104-րդն է, Հունգարիան՝ 37-րդը, իսկ Պորտուգալիան՝ 5-րդը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter