HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անելիք բանկի» «անելիքը» կիսատ մնաց…

2012թ. հուլիսի 18-ին վճռի հրապարակմամբ ավարտվեց Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ թիվ ԵԱՆԴ/0451/02/12 քաղաքացիական գործի քննությունը: Այդ գործով «Անելիք բանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ից վարկի գումարը բռնագանձելու և բռնագնձումը ընկերությանը պատկանող, գրավադրված գույքի վրա տարածելու պահանջով:

Այդ դատավարությունից հստակ էր միայն այն, որ արդարադատություն իրականացնելու փոխարեն՝ դատավորն իր առջև նպատակ է դրել «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50%-ի փայատեր Սեմյոն Պողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին չթույլատրել ծանոթանալու գործի նյութերին և հապճեպ ավարտել գործի քննությունը:

Ի դեպ, փաստաբանի կողմից գործի նյութերին ծանոթանալուն արգելելու հարցում  դատավոր Մարգարյանը զավեշտալի մարտավարություն էր որդեգրել. դատավորը, խուսափելով իր պարտականությունները կատարելուց, իրեն ուղղված դիմումները, չգիտես ինչ իրավունքով, վերահասցեագրում է դատարանի աշխատակազմի ղեկավարին: Վերջինս էլ ճարահատյալ պատասխանում է, որ գործն իր մոտ չէ, և չի կարող այն տրամադրել:

Վերադառնանք դատավարությանը

Այդ գործով դատավարությունը տեսել է` դատավորի կողմից և պատասխանողին ներկայացնելու մասին որոշում կայացնող անձին գործի վարույթ չներգրավելը, և փաստաբանին գործի նյութերը չտրամադրելը, և առանց պատշաճ լիազորագրի անձին ընկերության ներկայացուցիչ ճանաչելը, և առանց պատասխանող կողմի ներկայացուցչի իրականացված նախնական դատական նիստից միանգամից դատաքննության անցնելն ու գործի քննությունն ավարտելը:

Փաստորեն, դատավոր Ն.Մարգարյանը գործը քննել է այնպիսի խախտումներով, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ առկա են ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներ, ըստ որոնց՝ նշված խախտումներից յուրաքանչյուրը հիմք է վճիռը բեկանելու համար: Այդ խախտումների և դրանց իրավական հետևանքների մասին փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն անգամ իր դիմումներով «իրազեկել է» դատավորին, սակայն դատավորն այդ գործով անտեսել է վճռաբեկ դատարանի որոշումները:

Փաստն այն է, որ այսօր գոյություն ունի նման դատական սխալներով կայացված դատական ակտ, և այն բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Ո՞վ է շահագրգված այս ամենով

Բնականաբար, դատավոր Նաիրա Մարգարյանի նման եռանդը դատարկ հողի վրա չէր կարող լինել, անշուշտ կան ուժեր, որոնք խրախուսել են դատավորի նման վարքագիծն ու երաշխավորել նրա անպատժելիությունը:

Կրկին կոռուպցիա… Ինչպես իտալական մաֆիայի պարագլուխն էր խորհուրդ տալիս, իրադարձությունների էությունը հասկանալու համար պետք է պատասխանել հետևյալ հարցին. Qui bono? (ո՞ւմ է դա ձեռնտու):

Տվյալ դեպքում հարցը երկրորդ պատասխան չունի. ձեռնտու է բանկին` «Անելիք բանկին»: Իսկ բանկն անհանգստանալու պատճառ ունի. լուրջ խնդիրներ կարող էին ծագել, եթե այս գործով արդար քննութամբ պարզ դառնար, որ բանկի և ընկերության միջև կնքված վարկային պայմանագրերը կնքվել են՝ շրջանցելով խոշոր գործարքների կնքման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հանրահայտ կանոնը, որն է՝ գործարք կնքելու մասին որոշումն ընդունվում է ընկերության ընդհանուր ժողովում ընկերության մանակիցների քվեարկության արդյունքում:

Մինչդեռ այս դեպքում «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի 50%-ի փայատեր Սեմյոն Պողոսյանը, առանց որի անգամ ընկերության ժողով չէր կարող տեղի ունենալ, տեղյակ չի եղել այդ գործարքների մասին և, բնականաբար, չի տվել իր համաձայնությունն այդ գործարքը կնքելու համար: Արդյունքում ավելի քան 5 միլիոն վարկ տրամադրելով և գրավ վերցնելով ընկերության ողջ գույքը՝ բանկը հստակ գիտակցել է, որ բացակայում է ընկերության սեփականտերերի` մասնակիցների ժողովի համաձայնությունը, հետևաբար, չկա վարկի օգտագործման համար բիզնես ռազմավարություն:

Իսկ դա կարող է փաստել այն մասին, որ բանկը վարկը տվել է այն հաշվարկով, որ անվճարունակ ընկերությունից վարկի գումարն ու լրացուցիչ 1.500.000 դոլար տոկոսներն ու տույժերը հետ է ստանալու բացառապես դատական կարգով, ընկերության ունեցվածքի տեսքով:

Նշված եզրահանգումը հիմնավորելու է գալիս այն փաստը, որ բանկը, բացի ընկերության շարժական և անշարժ գույքից, գրավի առարկա է դարձրել նաև արդյունաբերական սեփականության օբյեկտները` գյուտերի, ապրանքային նշանների նկատմամբ գրանցված իրավունքները:

Հասկանալի է, որ արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքներն, առանձին վերցրած, Հայաստանում արժեք չունեն, և դրանց օտարումից գումար բռնագանձելը կանխատեսելի չէ: Այն՝ որպես մեկ ընդհանուր միավոր, հնարավոր է վաճառել բիզնես ծավալելու համար անհրաժեշտ ընկերության այլ գույքի հետ միասին: Նմանապես ընկերության արտադրական միջոցներն, առանձին վերցրած, Հայաստանում իրացնելը և դրանց դիմաց վարկը մարելու համար միլիոնավոր դոլարներ ստանալն ողջամիտ չէ:

Ահա այս վերլուծությունների արդյունքում պարզ է դառնում, որ վարկի իրական նպատակը «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի բիզնեսը զարգացնելը չի եղել, այլ այն պարզապես միջոց է եղել ներկայիս 6.5 միլիոն դոլար պարտավորության դիմաց ձեռք բերել ընկերության ողջ ունեցվածքը, կարելի է ասել` 100% բաժնեմասերը, այդ թվում` գործարքից անտեղյակ Սեմյոն Պողոսյանի 50% բաժնեմասերը և այն օտարել հնարավոր գնորդին: Ահա այսպիսի դեդուկցիա…

Ստացվում է, որ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ում 6.5 մլն դոլարից ավելի գումարի և իր մի քանի տասնյակ գյուտերի ներդրումներ կատարած, իր ղեկավարած ժամանակ (մինչ 2004թ.) ավելի քան 370 աշխատատեղ ստեղծած, արտադրանքը շուրջ 25 երկիր արտահանած և ընկերությունը խոշոր հարկատու դարձրած Սեմյոն Պողոսյանը ներկայում պետք է համակերպվի այն մտքի հետ, որ բանկը 0 դրամով վերցնի իր աշխատանքի արդյունքն ու բաժնեմասերը: Իհարկե, ոչ:

Ավելի շուտ բանկի «անելիքը» կիսատ մնաց

Սեմյոն Պողոսյանը նախ ՀՀ ոստիկանապետին է դիմել: Այնուհետև ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից նյութերն ուղարկվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն: Կարծում եմ, որ մոտ օրերս կանխամտածված սնանկության փաստով քրեական գործ կհարուցվի:

Բացի դրանից՝ Սեմյոն Պողոսյանը նաև դատարան է դիմել և այժմ դատական կարգով վիճարկվում է, առանց ընկերության մասնակիցների ժողովի որոշման, ընկերության և բանկի միջև կնքված վարկային պայմանագիրը:

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (2)

flora
kardalus haskanum em,vor meke meki vra gsum. bolorit hamberutun
Նազիկ
Ծանոթ թեմա է,ոչ միայն գործարարներին են էդպես քցում:Արդեն վախծենում ենք ինչ որ բանի առք ու վաճառք անել:Մարդկանց էնպիսի ծուղակի մեջ են գցում,որ ստիպված դատարան մտնեն:Դե դատավորներն էլ իրենց գործը լավ գիտեն:Էնպես են անում,որ մարդկանց տները աճուրդի հանեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter