HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կանցկացվի մշակութային ոլորտի զարգացմանը միտված ASA Forum 2025-ը

ASA Արվեստի ջատագովման համայնքը (Advocacy Society for the Arts) նոյեմբերի 15-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կանցկացնի ASA Forum 2025-ը:

Մշակույթի, հետազոտության և նորարարության խաչմերուկում ձևավորված համաժողովը հրավիրում է քաղաքականություն մշակողներին, դոնորներին, մենեջերներին և արվեստագետներին` քննարկելու Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների ռազմավարական զարգացման հեռանկարները:

Նախորդ տարվա հաջող մեկնարկից հետո «Վերծանելով ստեղծարար արդյունաբերությունը» խորագրով ASA Forum 2025-ն այս տարի կենտրոնանում է հետազոտության վրա հիմնված մշակութային քաղաքականության և կայուն ստեղծարար տնտեսության ձևավորման վրա։

Տեղացի և միջազգային փորձագետների, որոշում կայացնողների և ստեղծարար ոլորտի ակտիվ գործիչների մասնակցությամբ պանելային քննարկումները կշոշափեն մշակութային քաղաքականության այնպիսի հիմնարար հարցեր, ինչպես, օրինակ, ռեսուրսի և հնարավորությունների ապակենտրոնացումն ու թվայնացումը, ոլորտի աջակցության ռազմավարական հեռանկարները, արվեստագետների իրավունքների և ջատագովման մեխանիզմների ամրապնդումը, մշակութային և ստեղծարար ոլորտների միջոլորտային համագործակցության խթանումը:

Հատուկ կարևորություն հաղորդելով մշակութային ապակենտրոնացման քաղաքականության և հետազոտությունների դերին՝ ֆորումի հիմնական բանախոսը կլինի The Audience Agency-ի հիմնադիր Աննե Տորեջիանին (Միացյալ Թագավորություն), ով հանդես կգա «Մշակութային արժեքի գնահատում. տվյալահեն մոտեցում՝ մշակութային ոլորտի ավելի կայուն ապագայի համար» զեկույցով: The Audience Agency-ն մասնագիտացած է հանդիսատեսի հետազոտությունների, մշակութային ռազմավարության և քաղաքականության մշակման մեջ՝ առաջնորդվելով մարդակենտրոն մոտեցման և տվյալների սեգմենտացված համակարգման մեթոդաբանությամբ: Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև «Արվեստի ջատագովման համայնքի» շնորհանդեսը։ 

Բացի այդ, համերգասրահների կառավարման KeepOn Live եվրոպական հարթակի շնորհանդեսը, կազմակերպված Resonance նախաձեռնության հետ համատեղ, գործնական գիտելիքներ և գործիքներ կփոխանցի ոլորտի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում կենդանի երաժշտության մշակույթի զարգացմանը։ Զուգահեռաբար, hosq հիմնադրամի հետ համագործակցությամբ կներկայացվի SoundCrit-ը, որը ստեղծագործությունների բաց մասնագիտական քննարկման ձևաչափ է։

Այն երաժշտական ​​​​պրոդյուսերների, երաժիշտների և երգահանների համատեղ աշխատարան է` նպատակ ունենալով զարգացնել համայնքի համագործակցային մշակույթը` աշխատանքի վերաբերյալ կառուցողական, բաց արձագանքի միջոցով։ hosq հիմնադրամի կողմից կհամակարգվի նաև «Վերաիմաստավորելով արվեստի կառավարումը.  պետական ու մասնավոր ոլորտի երկխոսություն» քննարկումը, որը միավորում է առաջատար մշակութային մասնագետների՝ զրուցելու Հայաստանում արվեստի կառավարման մերօրյա փորձի վերաբերյալ։ Այն ուսումնասիրում է, թե ինչպես են հաստատությունները, անկախ նախաձեռնությունները և կրթական ծրագրերը արձագանքում նոր գեղարվեստական ​​և սոցիալական մարտահրավերներին։

Ֆորումի շրջանակներում ընթացող պանելային քննարկումները կուղեկցվեն տեղացի արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ` հարթակ մատուցելով ստեղծագործ տաղանդի հանրահռչակման համար:

«ASA Forum-ը ձևավորվել է որպես բաց հարթակ, որտեղ արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչները կարող են համատեղ մտածել ապագայի մասին՝ հիմնվելով փաստերի, հետազոտությունների և մարդկային փորձի վրա։ Մեր նպատակն է ոչ միայն խոսել մշակույթի խնդիրների մասին, այլև ցույց տալ, որ արվեստը կարող է դառնալ զարգացման գործիք։ Հայաստանը փոքր երկիր է, բայց հսկայական ստեղծարար ներուժ ունի․ և հենց գիտակցված, համագործակցային քաղաքականությունն է, որ կարող է այդ ներուժը վերածել կայուն արդյունքի։ ASA Forum 2025-ը հրավեր է մտածելու նոր ձևով՝ տվյալներով առաջնորդվող, համարձակ և ներառական մշակութային ապագայի մասին»,-նշում են ֆորումի նախաձեռնողները։ 

Երեկոն կեզրափակվի B2A «Բիզնեսն՝ արվեստին» մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում կպարգևատրվեն այն ընկերությունները, որոնք աջակցում են արվեստին և նպաստում մշակութային զարգացմանը։ Մրցանակաբաշխությունը բացահայտում է բիզնեսի և արվեստի համագործակցության ուժը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է այդ դաշինքը վերափոխել համայնքները և խթանել ստեղծարար հզոր ներուժը Հայաստանում։

ASA Արվեստի ջատագովման համայնքն իր գործունեությունն իրականացնում է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «ArtNexus» ծրագրի, AGBU Armenia-ի և JHM հիմնադրամի աջակցությամբ: ASA Ֆորումը 2025-ի գործընկերներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Ռեզոնանս ծրագիրը, hosq հիմնադրամը, VanArdi գինու գործարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter