HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է «Նյուզ Մաքս» մեդիա հոլդինգի հիմնադիր Քրիստոֆեր Ռուդիին

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան «Նյուզ Մաքս» մեդիա հոլդինգի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆեր Ռուդիին։

«Վարչապետը ողջունել է վերջին շրջանում «Նյուզ Մաքս»-ի կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճը և կարևորել հայաստանյան և ամերիկյան ԶԼՄ–ների միջև համագործակցության զարգացմանը միտված նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություն է երկու երկրների միջև փոխադարձ ընկալման ու փոխվստահության խորացման համար։ Հանդիպման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները ներկայումս գտնվում են բարձր մակարդակի վրա և հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության համընդհանուր արժեքների վրա։

Քրիստոֆեր Ռուդին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ «Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային գործընթացների լուսաբանմամբ։ Նա նշել է, որ մեդիա հոլդինգը կարևորում է Հայաստանի Կառավարության խաղաղության ու կայունության միտված քայլերը և պատրաստակամ է տեղեկատվական ոլորտում արդյունավետ համագործակցության։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային տեղեկատվական միջավայրում Հայաստանի ներկայության ընդլայնման, պետական հաղորդակցության արդյունավետության բարձրացման և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հնարավորություններին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter