HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ սենատորները պայմանավորվածության են եկել շաթդաունի դադարեցման շուրջ

ԱՄՆ սենատորները ձեռք են բերել երկկուսակցական պայմանավորվածություն, որը թույլ կտա դադարեցնել այդ երկրի պատմության ամենաերկար շաթդաունը, որը ձգվում է արդեն շուրջ 40 օր։ ԱՄՆ կառավարությունը, ինչն էլ հենց այս պարագայում շաթդաունն է, չէր ֆինանսավորվում ավելի քան մեկ ամիս, քանի որ Կոնգրեսում չէին կարողանում համաձայնության գալ պետական ծառայությունների ֆինանսավորման շուրջ։ Նախորդ ռեկորդը՝ 35 օր, գրանցվել էր Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում ու ավարտվել 2019 թվականի հունվարին։ 

«Կարծես թե մենք մոտենում ենք շաթդաունի ավարտին։ Դուք դրա մասին շուտով կիմանաք»,- լրագրողներին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սենատորների պայմանավորվածությունը շաթդաունի դադարեցման միայն առաջին քայլն է։ Հիմա հերթը Ներկայացուցիչների պալատինն է, որտեղ մեծամասնությունը կազմում են հանրապետականները։ Բայց դրա ընդունման համար անհրաժեշտ է նաև դեմոկրատների մի մասի համաձայնությունը։ Ներկայացուցիչների պալատի հաստատման պարագայում այն պետք է ստորագրի նաև Թրամփը, ինչը նշանակում է, որ շաթդաունը ֆորմալ առումով կարող է ձգվել ևս մի քանի օր։ 

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատներն ու հանրապետականները չէին կարողանում համաձայնության գալ կառավարական մարմինների ֆինանսավորման շուրջ, քանի որ դեմոկրատները պնդում էին, որ պետք է չեղարկվի Medicaid ծրագրին կրճատման մասին որոշումը ու երկարաձգվեն բժշկական ապահովագրությանը հատկացվող հարկային արտոնությունները, որոնց ժամկետը լրանում է տարեվերջին։ Հանրապետականները հրաժարվում էին նահանջել այս հարցում։

Շաթդաունի դադարեցման դիմաց Սենատում հանրապետականների առաջնորդ Ջոն Թյուն դեմոկրատներին խոստացել է դեկտեմբերին անցկացնել բժշկական սուբսիդիաների երկարաձգման շուրջ քվեարկություն։ Համաձայնությունը ենթադրում է նաև շաթդաունի ժամանակ աշխատանքից հեռացված դաշնային ծառայակիցների վերականգնում ու նրանց փոխհատուցման տրամադրում։ Քվեարկության արդյունքում շաթդաունի դադարեցման օգտին կողմ է քվեարկել 60, իսկ դեմ՝ 40 սենատոր։

Այս տարվա հոկտեմբերի 1-ից ամերիկյան պետական ծառայողներն ու զինվորականներն ուղարկվել էին չվճարվող արձակուրդի կամ էլ ստիպված էին աշխատել առանց վարձատրության։ Խոսքը շուրջ 1,5 միլիոն մարդու մասին է։

Ֆինանսավորման դադարեցման պատճառով կրճատվել է նաև ԱՄՆ բնակիչներին հատկացվող աջակցությունը, որոնք կախված են պարենային աջակցությունից։ Միայն շաբաթ օրը ԱՄՆ-ում չեղարկվել էր ավելի քան 1400 ներքին և միջազգային թռիչք։ Պատճառն այն էր, որ ավիաընկերությունները ստացել էին հրահանգ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման ժամանակ ուղևորափոխադրումների ծավալը կրճատելու մասին։

Լուսանկարը՝ ABC News-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter