HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային ծանուցման ամբողջական մեխանիզմ

Ունենք իրավիճակ, երբ պետություն-քաղաքացի, որոշ դեպքերում նաեւ քաղաքացի-քաղաքացի հարաբերություններում անձինք չեն կարողանում պատշաճ ծանուցվել եւ իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները, քանի որ մեր երկրում չի գործում էլեկտրոնային ծանուցումների միասնական համակարգը: Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը միտված է այս խնդրի լուծմանը: Այս մասին հայտնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ԱԺ լրատվականի հաղորդմամբ՝ ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ: Եթե անձն այդ մեխանիզմի բոլոր փուլերով անցնի ու ծանուցվի, ապա համարվելու է պատշաճ ծանուցված: Կարեւոր քայլ է կատարվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ծանուցումների հարցը կարգավորելու տեսանկյունից:

«Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման: Ծանուցումն այդ հարթակում տեղադրվելու է, եւ եթե անձն այդ հարթակ մուտք գործի, ապա համարվելու է ծանուցված: Անձը կարող է նաեւ տրամադրել իր հավելյալ կապի միջոցներ՝ անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով հավելյալ կտեղեկացվի իր հարթակում ծանուցում տեղադրելու մասին: Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո երեք օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, ապա հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակն ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով: Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանուցվողը որեւէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ փոխանցվում է փոստին ու փոստային ծրարավորվում եւ ուղարկում է անձի հաշվառման հասցեով: Եթե այս եղանակով ուղարկվելուց հետո 7 օրվա դրությամբ արձանագրվում է, որ անձը չի ստացել ծանուցումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է azdarar.am հարթակում, այսինքն՝ իրականացվում է հրապարակային ծանուցում, որից հետո 7-րդ օրն անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Եթե ֆիզիկական անձը հարթակի միջոցով տվել է համաձայնություն, որով հավաստում է, որ իրեն բացառապես էլեկտրոնային եղանակով կարող են ծանուցումներ ուղարկվել, ապա ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, եւ այդ դեպքում ծանուցումը տեղադրելուց հետո 3-րդ օրն անձը համարվելու է պատշաճ ծանուցված անկախ այն հանգամանքից՝ անձը մուտք է գործե՞լ այդ հարթակ, թե՝ ոչ: Այսինքն՝ տվյալ դեպքում այլեւս չի իրականացվելու լրացուցիչ հիբրիդ փոստով եւ azdarar.am հարթակով ծանուցում:

Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի դեպքում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը: Սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես՝ տնտեսավարողները գրեթե ամենօրյա ռեժիմով մուտք են գործում: Կազմակերպություններն աշխատելու համար մտնելու են հարթակ եւ տեսնելու են իրենց ծանուցումները՝ ստացված ոչ միայն ՊԵԿ-ից, այլ նաեւ այլ մարմիններից:

Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պատշաճ ծանուցվելու են: ՊԵԿ համակարգի իրենց անձնական էջում ծանուցումը տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից, եթե վերջիններս այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը միանգամից տեղադրվելու է azdarar.am կայքում: Տեղադրելուց հետո 5-րդ օրը վերջիններս համարվելու են պատշաճ ծանուցված:

Ծանուցումների տեղադրման կարգը եւ տեխնիկական այլ մանրամասներ սահմանվելու են Կառավարության որոշմամբ:

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին եւս հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակներին եւ այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը եւս կհամարվի պատշաճ ծանուցում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է օրենսդրական փաթեթը՝ այն համարելով թղթից դեպի թիվ անցնելու հնարավորություն: Ըստ նրա՝ վերջին 10-15 տարիների ընթացքում պետությունը բավականին թղթային ռեսուրս է ծախսել ծանուցումների համակարգի վրա, ինչը պետական միջոցների վատնում է: Նախաձեռնության ընդունումը, ըստ հանձնաժողովի նախագահի, քաղաքացիներին արդյունավետ, արագ, պատշաճ ու պահպանվող ծանուցման հնարավորություն կտա:

Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է իր գլխավորած հանձնաժողովում եւ տեխնիկական պատճառով քվեարկության արդյունքում «ԱԺ կանոնակարգ» օրենքի շրջանակում դրական եզրակացություն չի ստացել: Նա հավելել է, որ այդուհանդերձ բովանդակային քննարկումները վկայում են այն մասին, որ հանձնաժողովը դրական է տրամադրված նախագծի ընդունմանը: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է կողմ քվեարկել, քանի որ այն չափազանց կարեւոր է քաղաքացիների, իրավաբանական անձանց ու պետական մարմինների կյանքը հեշտացնելու եւ ծանուցումների համակարգին նոր բովանդակություն հաղորդելու տեսանկյունից»,- հայտնում են ԱԺ-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter