Տաթև համայնքի 12 ընտանիք արժանացան դրամաշնորհների՝ իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար
Հալիձորի համայնքային կենտրոնում կայացավ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից իրականացվող «Թևեր՝ բոլորին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում 12 շահառու ընտանիքներ արժանացան 300,000-ից մինչև 1,000,000 դրամի դրամաշնորհների՝ սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչելու նպատակով։ Այս մասին հայտնում են «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունից։
Ծրագիրը, որն իրականացվել է Տաթև խոշորացված համայնքում՝ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհով, ԱԿԲԱ ֆեդերացիայի աջակցությամբ և Իննոբիզ ՀԿ-ի ու Տաթև համայնքային կենտրոնի համագործակցությամբ, նպատակ ունի խթանել ձեռնարկատիրական մշակույթը Տաթևում, միավորել Արցախից տեղահանված և տեղի ընտանիքներին ու ձևավորել համայնքային համագործակցության նոր մոդել։
Վեցամսյա ծրագրի շահառու ավելի քան 50 ընտանիքներ մասնակցել են «Զրոյից բիզնես» ձեռնարկատիրական դասընթացին, փորձառու մենթորների աջակցությամբ մշակել սեփական նախագծերը և մասնակցել բիզնես գաղափարների մրցույթին։ Բիզնես գաղափարների փորձարկման նպատակով 30 ընտանիքի տրամադրվել է մինչև 330 ԱՄՆ դոլարի կրթաթոշակ, իսկ մրցույթային փուլին ներկայացված 29 նախագծերից 12-ն արժանացել են դրամաշնորհի։
««Թևեր՝ բոլորին» ծրագիրը վառ օրինակ է, թե ինչպես կարող են տեղական նախաձեռնությունները վերածվել զարգացման գործնական ծրագրերի։ Մեր նպատակն է շարունակել աջակցել այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքով հզորացնել Հայաստանի Սյունյաց հատվածը»,- նշել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը՝ ընդգծելով գործակալության կողմից Տաթևում իրականացվող առանցքային ծրագրերի շարունակականության կարևորությունը։
Ծրագրի յուրահատկություններից էր նաև դեռահասների ներգրավվածությունը, որոնք իրենց ընտանիքների հետ միասին մասնակցել են դասընթացներին՝ զարգացնելով առաջնորդական և գործնական հմտությունները։
Արցախից բռնի տեղահանված 19-ամյա Սյուզաննա Միրզոյանը պատմում է․ «Անասնապահությունն իմ երազած ոլորտը չէր, դա հորս գաղափարն էր, որը սկսել էր Արցախում։ Երբ իմացա ծրագրի մասին, հասկացա՝ սա մեր շանսն է շարունակելու։ Նոր միջավայրում զրոյից սկսելը հեշտ չէր, բայց այս ծրագիրը տվեց վստահություն ու նոր ուժ»։
Սյուզաննան ցանկանում է իր բիզնես նախագիծը իրականացնել Սվարանց գյուղում․«Թույլ գյուղերը պետք է ուժեղացնել, որ մարդիկ չհեռանան հայրենիքից, իսկ Սվարանցն այն գյուղերից է, որն արդեն զարգանում է»։
Ծրագրի արդյունքում առաջիկայում կյանքի կկոչվեն բիզնես նախագծեր նաև մեղվաբուծության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում։
Իննոբիզ ՀԿ տնօրեն Նաիրա Մարգարյանի խոսքով՝ սա նոր փորձառություն էր նաև իրենց կազմակերպության համար.«Հեշտ չէր ձեռք բերել համայնքի վստահությունը, սակայն քայլ առ քայլ հաջողվեց բացել ներուժը և փոխանցել գիտելիքներն ու հմտությունները։ Արդյունքը ոգևորիչ էր՝ մտածողության և ինքնագնահատականի տեսանելի փոփոխությամբ։ Թևեր տալ ստացվեց․ հիմա անհամբեր սպասում ենք մեր մասնակիցների հաջողություններին»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել