Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի հետ համագործակցությունը կընդլայնվի. ՆԳՆ
Նոյեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետի տեղակալ Անթյե Ֆրիցի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։
Նպատակը համագործակցության հնարավոր ուղիների հստակեցումն էր՝ Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացի ծրագրի շրջանակում:
Փոխնախարարը, կարևորելով անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարումը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում, ընդգծել է ՆԳ նախարարության և Կենտրոնի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտին առնչվող հիմնական ուղղությունները՝ ՆԳ նախարարության մանդատի շրջանակում, ստորաբաժանումների գործունեության շրջանակներն ու առանձնահատկությունները՝ մատնանշելով համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։
Մասնավորապես՝ անօրինական միգրացիայի, թրաֆիքինգի, մաքսանենգության, ինչպես նաև կոռուպցիոն և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում։
Կարևորվել է նաև կրթական բաղադրիչի դերը՝ մասնավորապես վերապատրաստումների, դասընթացների և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը՝ որպես արդյունավետ գործընկերության և մասնագիտական կարողությունների ամրապնդման միջոց։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անթյե Ֆրիցը նշել է, որ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնը երկար տարիներ աջակցում է Հայաստանի Հանրապետությանը անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացներում։ Նա ներկայացրել է միջազգային լավագույն փորձի մի շարք օրինակներ և պատրաստակամություն հայտնել քննարկելու հետագա համագործակցության հնարավոր ուղիները։
Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբերել համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ մասնավորապես անվտանգության, միգրացիայի, մաքսանենգության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մանրամասն ուսումնասիրել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և մշակել համատեղ հայեցակարգային առաջարկ՝ համագործակցության հստակ ուղղությունները սահմանելու նպատակով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել