Թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է Վրաստանի տարածքում
Թուրքական ռազմատրանսպորտային C-130 ինքնաթիռը, որն Ադրբեջանից Վրաստանի տարածքով մեկնում էր Թուրքիա, կործանվել է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Ինքնաթիռն ընկել է վրաց-ադրբեջանական սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա՝ Սիղնաղ համայնքի տարածքում։
Ըստ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ ինքնաթիռում 20 մարդ է եղել։
— Newsfeed (@Newsfeed883920) November 11, 2025
«Ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որն Ադրբեջանից թռչում էր Թուրքիա, կործանվել է Վրաստանում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունների հետ համատեղ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինքնաթիռի կործանման կադրերն առաջինը տարածել էր վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը։ Սկզբում հաղորդվում էր թուրքական զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռի կործանման մասին։ Դեռևս տվյալներ չկան զոհերի կամ տուժածների մասին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն իսկ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահին։ Վրաստանի ՆԳՆ-ից էլ հայտնել են, որ սկսվել է հետաքննություն։ «Փաստի առթիվ կատարվում է թռիչքների անվտանգության կամ օդանավերի շահագործման կանոնների խախտումների հետաքննություն, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել»,- ասված է վրացական կողմի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ digitalcombatsimulator.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել