HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու ավագանու նոյեմբերի 11-ի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո ավագանին առաջին անգամ պետք է նիստ գումարեր այսօր՝ նոյեմբերի 11-ին: Որպեսզի քվորում ապահովվեր և նիստը չտապալավեր, ավագանու 33 անդամներից առնվազն 17-ը պիտի ներկա լինեին: ՔՊ խմբակցության 14 անդամներն, ինչպես և սպասվում էր, չէին ներկայացել։ Ամբողջ կազմով ներկա էին «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք» խմբակցությունները, Կոմունիստական կուսակցության 8 անդամներից 6-ը, բացակայում էր «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը: 

Նիստը վարող փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն առաջարկեց կես ժամ ընդմիջում հայտարարել, մինչև պարզեն, թե ինչու է բացակայում Նարեկ Միրզոյանը և արդյոք կհասցնի գալ ու մասնակցել նիստին՝ ապահովելով անհրաժեշտ քվորում: Ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ Նարեկ Միրզոյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է, ուր տեղափոխել են կնոջը՝ առողջական խնդիրների պատճառով: 

Ինչպես նշեց «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը, իրենց գործընկերոջ բացակայության պատճառը քաղաքական չէ, նախորդ օրն իրենք քննարկումներ են ունեցել առաջիկա նիստին ներկայացվող նախագծերի վերաբերյալ, խոսակցության ընթացքում տեղեկացել է, որ Նարեկը մեկնելու է Երևան, սակայն ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ կնոջ առողջական վիճակը կվատանա, ու Նարեկը չի կարողանա վերադառնալ Գյումրի: Վերջինս նշեց, որ մեկնելու են Երևան՝ իրենց գործընկերոջ կողքին լինելու համար: 

«Իմ Հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի համոզմամբ՝ նիստերի չտապալվելը միայն իրենց խնդիրը չէ, Կոմունիստական կուսակցությունը ևս ունի անելիքներ և պետք է աշխատի, որպեսզի պարտադիր լրացնի իր պակասող երկու մանդատը, քանի որ ՔՊ կուսակցությունից ամեն ինչ սպասելի է, ցանկացած սցենար, որը կիրառվել է նախկինում այլ համայնքներում: 

Նոյեմբերի 11-ի ավագանու չկայացած նիստի օրակարգում 26 հարց կար: Ինչպես նշեց փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, հատկապես կարևոր էր կառավարություն ներկայացվելիք սուբսիդավորման ծրագրերի հաստատումը: Դրանք երեքն էին՝ «Գյումրի համայնքի կարիքների համար սոցիալական բազմաբնակարան շենքերի կառուցում», «Գյումրի համայնքի երկրորդական 21 փողոցների հիմնանորոգում» և «Գյումրի համայնքի Շիրակացի փողոց թիվ 162 հասցեի պատմամշակութային շենքի վերանորոգում և հիմնանորոգում»: 

Կառավարություն ներկայացվելիք ծրագրերի վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է: Անգամ եթե ավագանու արտահերթ նիստ գումարվի 10-12 օր հետո, անհնար է կանխատեսել, թե ինչ սցենար կգործի այդ ժամանակ՝ կապահովվի՞, արդյոք, քվորում։ Մյուս կողմից էլ՝ արդյոք ավագանու հաստատումից հետո Կառավարությունը կհամաձայնի ընդունել ծրագրերը երկշաբաթյա ուշացումով: Ավետիս Առաքելյանը կարևորեց նաև «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը հատկացվելիք դրամական միջոցների հարցը, քանի որ այդ գումարի շրջանակներում նախաամանորյա ծրագրեր են իրականացվում սոցիալապես անապահով ընտանիքների և միայնակ ծերերի համար: Խնդրահարույց է դառնում նաև տարեվերջյան ամանորյա տոնակատարության կազմակերպումը Գյումրիում, քանի որ կազմակերպչական, մրցութային որոշ հարցերի իրականացման համար անհրաժեշտ էր, որ հենց այս նիստում հաստատվեր ներկայացված նախագիծը:

Գյումրու ավագանու հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 10-ին, մինչ այդ իշխանական թևը պետք է փորձի արտահերթ նիստի միջոցով հասնել որոշ հարցերի լուծման, իհարկե, եթե կրկին չլինեն անակնկալներ, ինչպես այսօր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter