HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ստորերկրի լուսանցքները» շարքից. Վահագն Աթաբեկյան

Նույն ահռելի ձորն էր։ Ու՝ մի կտոր լուսին։
Կանաչ ոսպնյակների բեմում լուսնադստեր
նույն ագռավն էր՝ բազմած նույն կիսանդրու ուսին,
բռնոթի էր քաշում ու հռհռում ըստերջ.

«ո՜վ աստընվոր ասպետ սրտնապատիկ խաբված,
ո՜վ դեղնաձայն սիրո պատարագիչ,
անձրև չի լինելու անապատին թափված,
իջի՜ր քո բառաշեն աշտարակից,

կիսաստվածների թո՜ղ աղոթքը երկնանետ,
ղողանջը թո՜ղ  չեղած զանգակատան,
արի ինձ մոտ, շըվաք ու ձվածեղ կանեմ,
արի ինձ մոտ, ծիծ ու բլիթ կտամ,

Ոչ բախտեր են բացվում, ոչ երկինք է փակվում,
ոչ էլ ով կարգվում քո միակը,
տե՛ս՝ ամայի այգում
շորերն է պարտակում
քո խորշակված հոգու
խրտվիլակը»։

Ես, փշաքաղ, կայի, ինքս իմ դեմ մեջքով,
բրդակալած դունչս ոռնալու էր հակվել,
Սակայն իմ ձախ ուսին գայլակարապ էջքով
համբույր իջավ հանկարծ, ու երկինքը փակվեց։

Ու կոպերը իջան վարագույրի նման
Կանաչ ոսպնյակների բեմին լուսնադստեր,
Ու լռություն իջավ։ Ու խաղաղ է հիմա։
Ու անձրև է գալիս։ Ու ես դողում եմ դեռ։***
Արեւերթի եթիմներին՝ հիջաբածայր իրիցգույն,
Հեքիաթահին պոռոտներոն ոսպասյուն է իմուքուն։
Հինչ Էլ-Շիմուն հեսկող մերուն՝ հարմունկ ի մեջ այրերի,
Ախտե մորից գրկել ժանտաղբ՝ թեփիեն դեղ, թեփի թույն։

***
Ունենալով Քեզ պատկանալն իբրև միակ արդեն իմաստ,
Ու, բռաչափ՝ անընդունակ երկնավորիդ պարունակել,
ու՝ կենսակիր աստվածընկալ,
ու՝ մերձիմահ,
ու՝ անընկեր
Նախակաթված ճանապարհորդ
Ղարսից Մակու ճանապարհով,
դատարկումի էր ենթակա
ու դատարկվում է հենց հիմա
Սիրտս լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով։

***
Հե՜յ, պարողներ, կակաչ շաղեք
Տապանաքար քաշողին,
սիրուց շիկնած ահել բուղեք
լավաշ դրեք իր քուղին։

Նազարազարդ յուր ճակատին
շարեք շարով շահալի
ամոթ, թասիբ, նամուս, պատիվ,
աբուռ՝ ա լյա մահարի։

***
Մի՞թե վերջինն, ահա, մարմրեց ու հանգավ,
(Ասել է, թե՝ իրոք ուշացել ենք)
Աջ ու ահյակ՝ անշունչ աղավնի ու ագռավ
ու ավերակ տապան։ Ու անձրևը։

Ինչի՞ մասն էր կազմում և մասին էր ինչի՞՝
անհնար է համրիս արտասելը,
լոկ թույլ տրոփում է սրտիս անքուն միջից
հայրենակալ խինդի գնդասեղը։

Ելնել, վերջնատապան քառատողը հինել,
եւ ընդունել նրա վերջնաձեւը,
Եվ աշխարհում միակ իմացողը լինել,
թե ինչի մասին է այս անձրեւը։

***
Քա՜ղցր է հընոցն աշխարհն այրող, ուր մեր ասքը պատմելով
ջուր է կտրում աչքը Լեռան՝ մեզ կըրակի մատնելով,
ու թե բան է՝ քեզ չեն հասնում լեզուները կըրակի,
Հիշի՜ր բոլոր այն խոսքերը, որ ասել եմ մատներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter